Տարաճում
Տարաճում |
---|
Բջիջների և հյուսվածքների տարաճում, սնուցախանգարում, դիստրոֆիա (հուն δυσ - բառի դրական իմաստը բացասող նախածանց և τροφή – սնունդ, սնուցում), դեգեներացիա (լատին․՝ degenerare՝ այլասերվել, կազմափոխվել), ախտաբանական պրոցես, որն առաջանում է նյութափոխանակության խանգարման հետևանքով և բնորոշվում է հյուսվածքներում նյութափոխանակության քանակապես և որակապես փոփոխված արգասիքների առաջացմամբ։
Տարաճումը ընկած է մի շարք հիվանդությունների զարգացման հիմքում։ Տարաճման զարգացման հիմնական մեխանիզմներից են․ ինֆիլտրացումը (ներսփռումը) (օրինակ, նեֆրոզների դեպքում երիկամների խողովակիկների էպիթելի ինֆիլտրացումը սպիտակուցով, աթերոսկլերոզի դեպքում զարկերակների ներքին թաղանթների ինֆիլտրացումը լիպոիդներով), աղավաղված սինթեզը (օրինակ, հեմոմելանինի սինթեզը մալարիայի դեպքում), տրանսֆորմացումը (ճարպերի և ածխաջրերի փոխակերպումը սպիտակուցների կամ սպիտակուցների և ածխաջրերի փոխակերպումը ճարպերի), կազմալուծումը (բջջաթաղանթների լիպոպրոտեիդների քայքայումը, օրինակ, աորտայի առաձգական թելերի քայքայումը սիֆիլիսի ժամանակ)։
Խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարաճման են հանգեցնում արյան և ավշի շրջանառության կամ նյարդավորման խանգարումները, հիպօքսիան, վարակիչ հիվանդությունները, թունավորումները, ֆերմենտային և նյութափոխանակության այլ խանգարումները։
Նյութափոխանակության խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նյութափոխանակության խանգարման գերակշռող ձևի տարաճումը լինում է.
- սպիտակուցային
- ճարպային
- ածխաջրային
- հանքային։
Մորֆոլոգիական խանգարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խանգարված փոխանակության մորֆոլոգիական դրսևորումները կարող են հայտնաբերվել հիմնականում բջիջներում, դրանցից դուրս կամ հավասարաչափ բջջային և միջբջջային նյութում։ Այդ պատճառով էլ տարբերում են.
- պարենքիմային
- մեզենքիմային
- խառը տարճումներ։
Տարաճումը կարող է ունենալ ընդհանուր (համակարգային) և տեղային բնույթ։
Սպիտակուցային տարաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպիտակուցային տարաճումը (դիսպրոտեինոզը) զարգանում է բջիջներում կամ միջբջջային նյութում ախտաբանական սպիտակուցների ներդրման, սպիտակուցների այլափոխված սինթեզի կամ հյուսվածքային կառուցվածքների քայքայման հետևանքով։ Բջջային սպիտակուցային տարճումը լինում է հատիկավոր կամ պարենքիմային (լյարդի, երիկամների ֆունկցիոնալ հյուսվածքի փոփոխությունները), հիալինակաթիլային (բջջի ներսում հիալինի կուտակում գնդի կամ կաթիլի ձևով), ջրգողային (բջջապլազմայում կամ կորիզում հեղուկի կաթիլների առաջացումը) և եղջերային։ Արտաբջջային տարաճման շարքին են դասվում մուկոիդ ուռչեցումը, ֆիբրինոիդ փոփոխությունները (տարասեռ նյութի՝ ֆիբրինոիդի կուտակումները, որոնց ձևավորմանը մասնակցում են շարակցական հյուսվածքի բոլոր տարրերը և արյան սպիտակուցները), հիալինոզը և ամիլոիդոզը։ Խառը դիսպրոտեինոզները կազմում են տարաճման մեծ խումբ, որոնք առաջանում են քրոմոպրոտեիդների (հեմոսիդերոզ, հեմոմելանոզ, դեղնախտ, պորֆիրիններ և այլն), նուկլեոպրոտեիդների (պոդագրա, միզաթթվային ինֆարկտ) և գլիկոպրոտեիդների (լորձային և կոլոիդային տարաճում) փոխանակության խանգարումների հետևանքով։ Լորձային տարաճումը առաջանում է էպիթելում և շարակցական հյուսվածքում (էպիթելային բջիջներն սկսում են արտադրել լորձանման նյութ՝ մուկոիդ և լորձ՝ մուցին, այնուհետև մահանում են և քայքայվում, պրոցեսը բնորոշ է լորձաթաղանթների բորբոքումներին, շարակցական հյուսվածքի լորձային տարաճումն առավել արտահայտված է ուռուցքների դեպքում։ Կոլոիդային տարաճումը զարգանում է գեղձերում (վահանագեղձ, հիպոֆիզ) և բնորոշվում է կոլոիդի ավելցուկային արտադրությամբ, գեղձի բջիջների մահացմամբ և կոլոիդով հյուսվածքների հագեցմամբ։
Ճարպային տարաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարպային տարաճում կամ լիպիդոզներ, բնորոշվում են ճարպային դեպոյում ճարպի քանակության փոփոխություններով և լիպիդների առաջացմամբ այնտեղ, ուր սովորաբար չեն լինում, հյուսվածքներում ու բջիջներում լիպիդների քանակի ու որակի փոփոխություններով։ Ճարպային հյուսվածքի քանակության ընդհանուր նվազումը բնորոշ է կախեքսիային (հյուծվածություն), տեղայինը՝ մարմնի տարբեր մասերի ճարպային հյուսվածքի ատրռֆիային։ Ճարպի պաշարի ընդհանուր ավելացումը հանգեցնում է ճարպակալման, տեղային կուտակումը լինում է ֆունկցիոնալ հյուսվածքների կամ օրգանի սնուցախանգարման դեպքում, երբ այն փոխարինվում է ճարպային հյուսվածքով և Դերկումի հիվանդության (Դերկումի լիպոմատոզ) ժամանակ, երբ առաջանում են առանձին կամ տարածուն ճարպային հանգույցներ։ Բջջապլազմայի լիպոիդների փոխանակության խանգարումն առաջանում է առավել հաճախ, հանդիպում է պարենքիմատոզ օրգաններում (սրտամկան, լյարդ, երիկամներ), հազվադեպ ռետիկուլաէնդոթելային համակարգում՝ լիպոիդների տարբեր տեսակների կուտակմամբ։ Արյան անոթների արտաբջջային ճարպային տարաճումն աթերոսկլերոզի հիմքն է կազմում։
Ածխաջրային տարաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ածխաջրային տարաճմանն են վերաբերում բազմաշաքարների, մուկոբազմաշաքարների և գլիկոպրոտեիդների փոխանակության խանգարումները։ Կարևոր նշանակություն ունի գլիկոգենի փոխանակության խանգարումը։ Արտահայտվում է շաքարային հիվանդության ժամանակ, երբ գլիկոգենի հյուսվածքային պաշարները խիստ նվազում են և գլիկոգենոզների դեպքում, երբ գլիկոգենի ավելցուկային քանակությունը կուտակվում է լյարդում, սրտում, երիկամներում, կմախքային մկաններում։
Հանքային տարաճում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանքային տարաճումը բնորոշվում է կալիումի, կալցիումի, երկաթի և պղնձի փոխանակության խանգարումներով։ Արյան մեջ և հյուսվածքներում կալիումի փոխանակության խանգարումը նկատվում է ադիսոնյան հիվանդության և քրոնիկական երիկամային անբավարարության դեպքում։ Կալցիումի փոխանակության խանգարումը կամ կրային տարաճումը բնորոշվում է հյուսվածքներում կրային պինդ զանգվածի նստվածքի առաջացմամբ։ Տարբերում են մետաստատիկ, տարաճական և մետաբոլիկ հյուսվածքային կրակալումներ։ Երկաթի փոխանակության խանգարումները կապված են հեմոգլոբինոգենային պիգմենտների (քրոմոպրոտեիդներ) հետ և արտահայտվում են հեմոսիդերոզով (մաշկում և ներքին օրգաններում հեմոսիդերինի մուգ դարչնագույն բծերի առաջացմամբ) և հեմոքրոմատոզով [մելանոդերմիա, պիգմենտային ցիռոզ, բրոնզային միզահյուծություն (դիաբետ)], որոնք բնորոշվում են մաշկում, ենթաստամոքսային գեղձում, ավշային հանգույցներում մելանինի, հեմոսիդերինի, հեմոֆուսցինի կուտակմամբ։ Վերջիններիս քայքայմանը զուգընթաց ֆունկցիոնալ ակտիվ հյուսվածքը փոխարինվում է շարակցականով (սպիացում)։ Պղնձի փոխանակության խանգարումն ուղեկցվում է լյարդ-ուղեղային տարաճումով, որի դեպքում պղինձը կուտակվում է լյարդում, երիկամներում, գլխուղեղում, եղջերաթաղանթում։
Ուսումնասիրության մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարաճման զարգացման մեխանիզմներն ուսումնասիրվում են.
- հյուսվածքաքիմիայի
- էլեկտրոնային մանրադիտման
- հյուսվածասպեկտրագրության մեթոդներով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Серов В․ В․, Дистрофия, в кн․։ Струков А․ И․, Общая патология человека, М․, 1983․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 611)։ |