Տանձենի ուռատերև
Տանձենի ուռատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pyrus salicifolia Pali.
|
Տանձենի ուռատերև (լատին․՝ Pyrus salicifolia Pali.), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերևաթափ, փոքր ծառ է՝ 8-10 մ բարձրությամբ, երբեմն աճում է որպես թուփ։ Սաղարթը ցրված է, չռված ճյուղերով։ ճյուղերը փշապատ են, ծածկված սկզբում բաց մոխրավուն, ավելի ուշ կարմրավուն կեղևով։ Բողբոջները միջին մեծության են, գորշավուն, թարթիչաեզր և, բացի դրանից, սպիտակ կամ շիկավուն մազմզուկներով ծածկված։ Տերևները նեղ նշտարաձև են, 6-9 սմ երկարությամբ և 0,5-1 սմ լայնությամբ, կամ լայն նշտարաձև, 3-6 սմ երկարությամբ և 1-2 սմ լայնությամբ, համարյա նստադիր կամ կարճ կոթունավոր, ամբողջաեզր, երբեմն անհավասար լայնացած ատամնաեզր, միջին մասից վերև ամենամեծ լայնությամբ, արծաթափայլ կամ մոխրավուն, սարդոստայնանման կամ մետաքսանման մազմզուկներով ծածկված։ Կարճացած ընձյուղների վրա տերևները հավաքված են փնջերով։ Ծաղիկները հավաքված են սակավաթիվ վահանիկներում։ Պսակաթերթիկներն ունեն 1-1,3 սմ երկարություն և 0,5-0,7 սմ լայնություն, կարճ մազմզուկապատ եղունգներով։ Բաժակը չի թափվում, մնում է պտուղների վրա, ունի մազմզուկապատ ատամիկներ։ Պտուղները կլորավուն են կամ տանձանման, մինչև 2 սմ տրամագծով, դեղնադարչնագույն կամ ոսկեգույն, ծածկված խալերով։ Պտղակոթունների երկարությունը 2 սմ է։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Կովկասում և Հյուսիսային Իրանում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Խոսրովի անտառում, հյուսիսարևելյան շրջաններում, Ապարանում և Հրազդանում, Սևանի ավազանում, Վայքում, Ջանգեզուրում, Մեղրիում։ Աճում է լուսավոր, չոր անտառներում, քարքարոտ լեռնալանջերին։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռատերև տանձենին բավականին չորադիմացկուն և երաշտադիմացկուն տեսակ է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, լուսասեր է, ցրտադիմացկուն, ջերմադիմացկուն։ Լավ է դիմանում ժամանակակից քաղաքների անբարենպաստ պայմաններում, ուստի և առաջարկվում է լայնորեն օգտագործել կանաչապատման բնագավառում։ Կարելի է օգտագործել նաև սելեկցիոն նպատակներով՝ որպես պատվաստակալ, տանձենու խիստ դիմացկուն և արժեքավոր սորտեր ստանալու համար։ Քանի որ ուռատերև տանձենին մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել թեք, քարքարոտ, էրոզիայի ենթարկված լանջերի անտառապատման համար։ Էկոլոգիական խումբը՝ 8-րդ։ Մշակության հավանական շրջանները 8, 12, 18, 22-25, 27-28, 31-32[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 346։