Վիքիպեդիա
Վիքիպեդիա Wikipedia | |
---|---|
www.wikipedia.org | |
Կարգախոս | the free encyclopedia that anyone can edit[1], الموسوعة الحرة التي يستطيع الجميع تحريرها[2], vapaa tietosanakirja, de vrije encyclopedie, свободная энциклопедия, которую может редактировать каждый, Die freie Enzyklopädie, 人人可编辑的自由百科全书[3][4][5][…], 人人可編輯的自由百科全書[6][4][5][…], একটি উন্মুক্ত বিশ্বকোষ, যা সবাই সম্পাদনা করতে পারে, ウィキペディアは誰でも編集できるフリー百科事典です[7], L'enciclopèdia de contingut lliure que tothom pot millorar[8], Төрлө телдә яҙылған, сикләүһеҙ ҡулланыуҙа булған ирекле интернет энциклопедия. Һәр кем уны төҙөүҙә ҡатнаша ала., آزاد دائرۃ المعارف جس میں کوئی بھی ترمیم کر سکتا ہے, La enciclopedia de contenido libre que todos pueden editar.[9], A szabad enciklopédia, Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք:[10], האנציקלופדיה החופשית שכולם יכולים לערוך, Wolna encyklopedia, którą każdy może redagować, 海納百川,有容乃大 և La libera enciklopedio redaktebla de ĉiuj.[11] |
Տեսակ | համացանցային հանրագիտարան, MediaWiki կայք և Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ |
Գրանցում | անպայման չէ |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Wikimedia[12] |
Հեղինակ | Վիքիպեդիստներ[13], Ջիմմի Ուելս[14][15] և Լարի Սանգեր[14][15] |
Բացված | հունվարի 15, 2001[16] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող և մեծացող |
Wikipedia Վիքիպահեստում |
Վիքիպեդիա, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից, որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։ Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ 313 658 Հայերեն Վիքիպեդիայում) ստեղծվել են կամավոր մասնակիցների կողմից, և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին, և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է[17]։
2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 285 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիպեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։
Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 30 միլիոն հոդված, որոնցից ավելի քան 4.300.000-ը պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։
Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։
Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան, այլ նաև որպես տեղեկատվական ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանկացողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից, և Վիքիպեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։
Վիքիպեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։
Ազատ խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի բովանդակությունը ստեղծում են օգտագործողները։ Յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել Վիքիպեդիայի հոդվածները, և շատերն են այդպես անում, թեև կարելի է ասել, որ բոլոր խմբագրումների գրեթե կեսն անում է օգտագործողների ընդամենը 2.5 %-ը։ Էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։ Բոլոր խմբագրումների 18 %-ն անում են չգրանցված, անանուն խմբագիրները։ Այն խմբագիրների համար, որոնք չեն գրանցվել, օգտագործողի անվան փոխարեն օգտագործվում է նրանց IP հասցեն, որը որոշակի թվային կոդ է, և մեծ ցանկության դեպքում վերծանելի է։ Սակայն Վիքիպեդիան այնպես է ծրագրավորված, որ սովորաբար արգելք է դնում en:open proxies չգրանցված խմբագրումների վրա։ Հատկապես մեծ լեզվական կայքերում, ինչպես օրինակ անգլերեն, գերմաներեն, ճապոներեն, որտեղ օրը մի քանի հազար նոր հոդված է հայտնվում, և անհնար է բոլորը հատ-հատ ստուգել, խմբագրել և կանխել վանդալիզմի փորձերը։ Միևնույն ժամանակ, հավանականությունը շատ քիչ է, որ գրանցված օգտագործողները կարող են այդպիսի փորձեր անել։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում օգտագործողների բազմաթիվ շերտեր կան։ Ըստ էության, ինչպես նշվեց, յուրաքանչյուր օգտագործող կարող է նաև խմբագրել հոդվածները տարբեր եղանակներով, ընդ որում մյուս բոլորի հետ հավասար իրավունքներով և պայմաններով։ Սակայն Վիքիպեդիայում կան նաև ադմինիստրատիվ պաշտոններ։ Նրանց կոչում են սիսօփներ կամ ադմինիստրատորներ։ Ամենաստորին կարգի ադմինիստրատորներին ընտրում են հենց օգտագործողների համայնքները և նրանց իրավասություն է տրվում փակել կամ ջնջել ամբողջական էջեր, արգելք դնել որոշակի օգտագործողների մուտքի վրա՝ անշուշտ ուղղորդվելով ծրագրի վարած քաղաքականությամբ կամ օգտագործողների համայնքի ընդհանուր համաձայնությամբ։ Ավելի փոքրաթիվ են Վիքիպեդիա ծրագրի ընթացքը ղեկավարող բյուրոկրատները, որոնք կարող են նոր սիսօփներ նշանակել, հետո գալիս են ստյուարդները, որոնք իրենց հերթին բազմաթիվ մակարդակներում գործող բյուրոկրատներ են, ապա՝ դևելոփերները, ովքեր պրոֆեսիոնալ ծրագրավորողներ են և կարող են մտնել ծրագրի ծրագրային ապահովման ֆայլեր։ Խմբագրումը կարող է կատարվել նաև ավտոմատացված կամ կիսաավտոմատացված փոքրիկ ծրագրերի միջոցով։
Ներքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի մասնակիցները (Վիքիպեդիացիները) պահպանում և պարտադրում են մյուսներին մի քանի սկզբունքային մոտեցումներ.
- Անկողմնակալ, կամ չեզոք տեսակետների արտահայտում հոդվածներում, որովհետև այս հանրագիտարանային համայնապատումում կարող են մասնակցել երկրագնդի բոլոր գաղափարախոսությունների և ազգությունների տեր մարդիկ։ Պետք է հուսալ, որ կայքում տեղադրված բոլոր հոդվածները կլինեն հնարավորինս անկողմնակալ, օբյեկտիվ և ճշգրիտ։ Ըստ ծրագրի ջատագովների այն հանգամանքը, որ հոդվածների շարադրմանը կարող են մասնակցել անսահմանափակ թվով միմյանց անծանոթ մարդիկ, կապահովի կարծիքների բազմազանությունը և բովանդակության առավելագույն օբյեկտիվությունը։ Սակայն չեն բացառվում կարծիքների բախումներ և թեժ քննարկումներ ինչը ոչ հազվադեպ երևույթ է, հատկապես անգլերեն Վիքիպեդիայի հոդվածներին կից քննարկման էջերում։ Այսպիսով, կարելի է ասել, որ չեզոք տեսակետը Վիքիպեդիայի համար ոչ այնքան քաղաքականություն է, որքան գաղափարախոսություն։
- Չներկայացնել աղբյուրներով չհիմնավորված հետազոտական աշխատանք. որովհետև ըստ էության անհնար է վերահսկել բոլոր հոդվածների գիտական արժանահավատության աստիճանը։ Այդ իսկ պատճառով Վիքիպեդիայում տեղադրված նյութերի բովանդակությունը պետք է հիմնավորված լինի այլ գիտահետազոտական աղբյուրներին կատարված հղումներով։ Այսինքն փաստեր, որոնք նոր են հայտնաբերվել և չեն հրապարակվել որևէ այլ տպագիր աղբյուրում (և այդ իսկ պատճառով չեն կարող որակավորվել «ըստ … տվյալների աղբյուրի» բառերով) ողջունելի չեն։
- Սահմանափակել քննարկումները «քննարկում» էջերում և որևէ հարցի քննարկում չառաջարկել անմիջականորեն հոդվածային էջերում։
- Կենտրոնանալ հոդվածի հանրագիտարանային բովանդակության վրա։ Մի շարք մուտքագրումներ խրախուսելի չեն, որովհետև նրանք իրենցից ոչ մի հանրագիտարանային արժեք չեն ներկայացնում կամ իրենց բնույթով հանրագիտարանային տեղեկություններ չեն պարունակում։ Օրինակ. Վիքիպեդիայի հոդվածները չեն կարող լինել բառարանային սահմանումներ կամ այնպիսի ամբողջական նյութեր, ինչպես օրենքների տեքստերը կամ ճառերը, դրանք պարզապես անթույլատրելի են։ Սակայն կան Վիքիպեդիայի քույր նախագծեր, ինչպես օրինակ en:Wiktionary և en:Wikisource, որոնք նախատեսված են հենց հղումային նյութերի բազմաթիվ այլ տեսակների համար, որոնք չեն համապատասխանում Վիքիպեդիայի ֆորմատին։
- Կան մի շարք չգրված կանոններ կամ վարվելակարգեր, որոնց հետևում է ամբողջ Վիքիպեդիա հասարակությունը, ինչպես օրինակ ընդունված չէ ստորագրել հոդվածների տակ, բացի հղումներ անելուց և նամակներից (եթե գրանցված օգտագործող եք, ապա ստորագրություն թողնելու համար ընդամենը սեղմում եք այս տեքստի շրջանակի վերևում իկոնների շարքի աջից երկրորդի վրա, և ձեր կեղծանունը, ամսաթիվն ու ժամը կհայտնվեն այդտեղ էջը պահպանելուց հետո), իսկ օժանդակ ֆայլերում առանց այն էլ երևում է, թե ով և երբ է արել փոփոխությունը կամ հոդվածի մուտքագրումը։ Երբ այդ կանոնները դիտավորյալ կամ պարբերաբար են խախտվում, համայնքը սովորաբար որոշում է կայացնում ավելի խիստ միջոցներ նախաձեռնել վարվելաձևի համայնքային կանոնները պարտադրելու կամ խախտումը անտեսելու համար։
- Կան նաև մի շարք կարևոր ոճային ավանդույթներ, հատկապես հոդվածների վերնագրերի կապակցությամբ, օրինակ, երբ կան մի քանի անուններ, ապա գերադասելի է այն Վիքիպեդիա լեզվով անվանումը, որն առավել տարածված է կամ առավել հաճախ է օգտագործվում։ Վերնագրերը գրեք փոքրատառերով, բացի, անշուշտ, առաջին տառերից, դա կօգնի պահպանել հոդվածների միջև կապերի ցանցը։ Անպատճառ խմբագրեք և սրբագրեք ձեր հոդվածները, որպեսզի դրանք ընթեռնելի և ուսանելի լինեն մյուսների համար։ Եթե որևէ տեքստ թարգմանում եք, ավելի շատ ուշադրություն դարձրեք հայերեն դրա հասկանալիության և պարզության վրա։ Գրեք հստակ, պարզ և մի մոռացեք հղումներ անել հոդվածների տակ ձեր տվյալների աղբյուրների մասին։ Կիսատ հոդվածների վերջում դրվում է խորանարդիկ, որը զգուշացնում է, որ հոդվածը դեռ ավարտված չէ և հրավիրում մյուսներին աշխատել դրա վրա։
Ուրիշների գրած հոդվածներում խմբագրումներ անելիս անպայման լրացրեք «խմբագրումի ամփոփ նկարագրությունը»։ Դա կօգնի հեղինակին հետևել ձեր կատարած խմբագրումների բնույթին։
Չեզոք տեսակետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան կառուցվում է այն գաղափարի հիման վրա, որ նրա բոլոր հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից։ Չեզոք տեսակետ նշանակում է գաղափարներն ու փաստերն արծարծել այնպես, որ շարադրման հետ կարողանան համաձայնել և՛ համակարծիք, և՛ տարակարծիք կողմերը։ Անշուշտ, բացարձակ համաձայնությունն անհնարին է։ Աշխարհում կան այնպիսի գաղափարախոսներ, որոնք երբեք չեն համաձայնվի որևէ մեկի կարծիքի հետ՝ շարունակելով անգամ ուժով պնդել սեփական կարծիքի բացարձակ և անվերապահ ճշտությունը։ Սակայն Վիքիպեդիան կոչ է անում որդեգրել գրելու այնպիսի ոճ, որն ընդունելի լինի ըստ էության ռացիոնալ մտածելակերպ ունեցող բոլոր մարդկանց համար։
Չեզոք տեսակետի քաղաքականությունը պնդում է, որ հոդվածները պետք է գրվեն առանց կողմնակալության, արդարացիորեն արտահայտելով բոլոր տեսակետները։ Սակայն, ճիշտ այնպես ինչպես մյուս բոլոր համատեղ իրականացվող ծրագրերում, Վիքիպեդիան արդեն ներկառուցված կողմնակալություն ունի, քանի որ ազգային լեզուներով կառուցվող հոդվածները գրվում են որոշակի ժողովրդագրական միասնություն ունեցող հանրության կողմից։ Վիքիպեդիայի դեպքում սա արտահայտվում է այն միտման մեջ, որ համակարգչային գրագիտություն ունեցող ամերիկացի ու բրիտանացի հոդվածագիրները ավելի շատ գրում են այն մասին, ինչն իրենց առավելապես հետաքրքրում է։ Արդյունքում, երկու հոդվածների համեմատությունից կարող է պարզվել, որ «Քորոնեյշըն Սթրիթ» en:Coronation Street կոչվող բրիտանական հեռուստասերիալի մասին հոդվածը, որն սկսվել են գրել 2005 թվականին կազմված է 6.933 բառերից, դեռ չհաշված այն մյուս 14 հոդվածները, որոնք գրված են այդ նույն թեմայի շուրջ (4.746 բառ)՝ նվիրված հեռուստաֆիլմում խաղացող դերասաններին ու կերպարներին, մինչդեռ Ռուանդային ցեղասպանությանը նվիրված (en:Rwandan Genocide) հոդվածը պարունակում է ընդամենը 2.840 բառ այն մասին թե ինչպես 800.000 մարդ բնաջնջվեց 100 օրվա ընթացքում։ (Ընթերցեք բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանին կամ հայկական ցեղասպանությանը, եթե այդպիսիք գտնեք և ավելացրեք ձեր կողմից)։ Անգլերեն հանրագիտարանում նմանատեսակ երկար հոդվածներ կան այնպիսի անկարևոր թեմաների շուրջ, ինչպիսիք են հեռուստատեսային ծրագրերը, ֆիլմերի կերպարները, պոպ երաժշտությունը, երաժշտական ալբոմներն ու վիդեո խաղերը։
Պատճառը, թե ինչու անգլերեն Վիքիպեդիայում (որն առավել մեծ և բոլոր վիքիպեդիացիների կողմից տեղեկությունների համար ամենաշատ հաճախվող կայքն է) հոդվածների տեսակետները հիմնականում ամերիկյան կամ բրիտանական են, հենց նրանում է, որ Վիքիպեդիայի հոդվածների վրա աշխատում են հիմնականում ամերիկացիներ և բրիտանացիներ։ Ընդ որում ուշադրություն դարձնելով մյուս ազգային լեզուներով գրվող հանրագիտարաններին՝ կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել տարբեր ազգերի համակարգչային գրագիտության և ինտերնետային ակտիվության աստիճանի, ինչպես նաև քաղաքակրթության մակարդակի մասին, այսինքն՝ հանրօգուտ նպատակի համար անվճար աշխատանք կատարելու պատրաստակամությունը։
Վիճաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայի հոդվածները երբեմն դառնում են «խմբագրական պատերազմների» առարկա, երբ նախանձախնդիր հեղինակները ջնջում կամ անխնա փոխարինում են մյուսների ներդրումները իրենց հոդվածներում։ Օրինակ en:Red Herring հոդվածը, (այսինքն «կարմիր հարինգ»՝ հարինգը նիհարիկ բայց շատ համեղ օվկիանոսային ձկնատեսակ է)en:October 2004-ին դարձավ անգլերեն Վիքիպեդիայի/en:English Wikipedia ամենաշատ խմբագրված հոդվածը, որի մեջ խմբագրումների թիվը նույնիսկ ավելի շատ էր, քան այնպիսի թեմաների նվիրված հոդվածներում, ինչպես en:George W. Bush/ Ջորջ Բուշ, en:John Kerry/ Ջոն Քերրի, en:Sexual slang/Սեռական սլենգ, en:Jesus/Հիսուս, en:Jew/հրեա, en:Adolf Hitler/Ադոլֆ Հիտլեր, en:Recent deaths/Մահախոսականներ և en:Saddam Hussein/Սադդամ Հուսեյն։
Վիքիպեդիացիները ձգտում են խուսափել վիճաբանություններից՝ փորձելով հասնել «ոսկյա միջինին»։
Վանդալիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիայում ազատ խմբագրելու հնարավորությունը վանդալիզմի թիրախ է դառնում, ինչն արտահայտվում է անիմաստ կամ դիտավորյալ սխալ գրառումներով։ Շատ հաճախ վանդալիզմի թիրախ են դառնում հանրահայտ գրառումները, թեպետ ցանկացած գրառում կարող է վանդալիզմի թիրախ դառնալ։ Վանդալիզմը հիմանականում կայանում է գրառման վերացումով կամ այն փոխարինելով անիմաստ հայտարարությամբ, երբեմն էլ հայհոյանքներով։ Նման հայտարարությունները կարելի է ուղղել՝ մտնելով հոդվածի պատմության բաժինն ու ընտրելով նախքան վանդալիզմը եղած տեքստը, ապա՝ սեղմելով հիշել։ Վիքիպեդիայի սկզբունքներից են գրառումների պահպանումն ու վանդալիզմի հետևանքից նրանց վերանորոգումը։
Վանդալիզմի միջոցները տարբեր են, սակայն սովորաբար այն կարելի է չեզոքացնել րոպեների ընթացքում։ Վիքիպեդիայի աշխատություններից մեկում, Վիյեգասը, Ուաթնբերգը և Դեյվը (2004) գտել են ուղղումներ կատարելու միջին տևողությունը 1.8 օր, որը միջինը կազմում է 1.7 րոպե, մինչդեռ վանդալիզմը տևել է 7.7 օր, որը միջինը կազմում է 2.8 րոպե։ Հակառակ նախորդին, «ամբողջ ցանկը» ուղղելու համար օգտագործվել է 22.3 օր, որը միջինը կազմում է 90.4 րոպե։ Հետազոտողներից Մարտին Ուաթնբերգը The Wall Street Journal թերթում ասել է. «Մենք զարմանում ենք վանդալիզմ տեսնելիս, սակայն նույնքան զարմանում ենք, թե որքան արագ դրանք ուղղվեցին»։
Որակի վերահսկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիացիները բարձր որակ ստանալու համար ստեղծել են մի քանի ազատակամ կոմիտեներ և միջոցներ։ Օրինակ՝ ծավալուն հոդվածների վերագրման համար անհրաժեշտ է միասին համագործակցել։ Նման աշխատությունների վրա կարելի է ամբողջ համայնքով աշխատել և քվեարկության միջոցով որոշել լավագույն տեքստը։ Բարձրորակ հոդվածները կարելի է նշանակել «առանձնահատուկ հոդված» (featured article), այնուհետև, դրանցից յուրաքանչյուրը վերաքննելով, ընտրել այն տարբերակը, որն առանձնանում է չեզոքությամբ, ըմբռնելիությամբ, վկայակոչումներով և հստակությամբ[18]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան քննադատվել է զգալի պակասների, հուսալիության, ըմբռնելիության և անհիմնավորվածության մեջ։ Գրադարանավարերը և հանրագիտարանի խմբագիրները վկայակոչման համար այն համարում են որպես սահմանափակ ծառայություն կամ ընդհանրապես ոչնչություն։ Քննադատների կարծիքով ազատ խմբագրումը Վիքիպեդիան դարձնում է ոչ հուսալի աշխատություն։ «Դը Գարդիան»–ի հետ հարցազրույցում, գրադարանավար Ֆիլիպ Բրադլին ասաց, որ նա չի օգտագործի Վիքիպեդիան և «համոզված է, որ այլ գրադարանավարները նույնպես չեն օգտագործի այն։ Հիմնական խնդիրն անհիմն տեղեկատվությունն է։ Տպագրվող աշխատությունների հեղինակները պետք է համոզված լինեն իրենց մեջբերած տեղեկատվության հուսալիության մեջ, քանզի այն նրանց ապրուստի միջոցն է, ոչ թե սրա նման, որը դուրս է գալիս լուսամուտից։ Բրիտանիկա հանրագիտարանի գլխավոր խմբագիրը նմանապես նշեց, որ «Վիքիպեդիայի նախադրյալ բարելավումը կկատարելագործի այն։ Այդ նախադրյալը ամբողջովին հաստատված չէ»[18]։ Բանավեճում՝ Վիքիպեդիան որպես ակադեմիական աղբյուր, Բոյդը կարծում է որ «այն երբեք հանրագիտարան չի լինի, սակայն այն կարող է պարունակել ծավալուն գիտելիքներ այլ նպատակների համար[18]»: Քանի որ Վիքիպեդիան գրվում է կամավորների բնավորությամբ, հետևաբար երբեմն այն համարվում է անըմբռնելի։ Բրիտանիկա հանրագիտարանի գլխավոր խմբագիր Դեյլ Հոյբերգի կարծիքով «մարդիկ գրում են իրենց հետաքրքրող թեմաների մասին, և հետևաբար շատ այլ թեմաներ ուշադրության չեն առնվում, իսկ լրատվության նյութերը առավել ուշադրության են առնվում։ Օրինակ՝ Ֆրանցիս փոթորիկի մասին 5 անգամ ավել էջ տեղեկատվություն կա, քան չինական արվեստի մասին։ Իսկ Coronation Steet–ի (Թագադրման Փողոցի) նախաբանը երկու անգամ ավել է, քան Թոնի Բլեյրի մասին հոդվածը»[18] Տեխնիկական հարցի քննադատման մեջ Վիքիպեդիան համարվում է «Գուգլ Բոմբ», որը խանգարում է փնտրող միջոցներին իր բազմազան կապերով։ Փնտրվող նյութերի պատասխաններում Վիքիպեդիայի հոդվածները երբեմն կլինեն առաջնակարգ։
Քույր նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպեդիան ունի հետևյալ քույր-նախագծերը, որոնք Վիքիմեդիայի ընտանիքի մաս են կազմում․
- Վիքիտվյալներ (Wikidata), ազատ տվյալների նախագիծ
- Վիքիբառարան (Wiktionary), ազատ բառարանի նախագիծ
- Վիքիգրքեր (Wikibooks), ազատ դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ
- Վիքիքաղվածք (Wikiquote), քաղվածքների հավաքածու
- Վիքիդարան (Wikisource), ազատ տեքստերի գրադարան
- Վիքիպահեստ (Wikimedia Commons), մեդիաֆայլերի շտեմարան
- Վիքիլուրեր (Wikinews), ազատ նորություններ
- Վիքիցեղեր (Wikispecies), ցեղատեսակների տեղեկատու
- Վիքիլսարան (Wikiversity), ազատ ուսումնական նյութեր
- Մետա-վիքի (Meta Wiki), Վիքիմեդիայի նախագծերի կոորդինացում
Չնայած կան բազմաթիվ այլ նախագծեր, որոնք աշխատում են Վիքի-սկզբունքով և կարող են օգտագործել նույն Մեդիավիքի ազատ ծրագրային ապահովումը և արտաքնապես շատ նման լինել նշված նախագծերին, նրանք չեն պատկանում Վիքիմեդիա հիմնադրամին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wikipedia, the free encyclopedia
- ↑ ويكيبيديا، الموسوعة الحرة (արաբ.) // ويكيبيديا العربية — 2003.
- ↑ https://zh.wikipedia.org/wiki/Wikipedia:首页
- ↑ 4,0 4,1 (unspecified title)(չին.)
- ↑ 5,0 5,1 Չինարեն Վիքիպեդիա (չին.) // 中文維基百科 — 2002.
- ↑ https://zh.wikipedia.org/wiki/Wikipedia:首頁
- ↑ https://web.archive.org/web/20180103044418/https://ja.wikipedia.org/wiki/メインページ
- ↑ https://ca.wikipedia.org/wiki/Portada
- ↑ https://es.wikipedia.org/wiki/Wikipedia:Portada
- ↑ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
- ↑ https://eo.wikipedia.org/wiki/Vikipedio:%C4%88efpa%C4%9Do
- ↑ https://web.archive.org/web/20201226125458/https://www.dmagazine.com/frontburner/2016/05/the-business-of-wikipedia-how-jimmy-wales-built-the-free-encyclopedia/
- ↑ Ferrari L. D., Aitken S., Hemert J. v., Goryanin I. WikiSim — 2010. — doi:10.1145/1822258.1822303
- ↑ 14,0 14,1 https://web.archive.org/web/20211204165822/https://www.britannica.com/biography/Jimmy-Wales#ref932805
- ↑ 15,0 15,1 https://web.archive.org/web/20210716075947/https://www.independent.co.uk/news/world/americas/us-politics/wikipedia-founder-larry-sanger-democrats-b1885138.html
- ↑ Democracy Dies in Darkness
- ↑ «Ամենաօգտագործվող կայքեր - Ալեքսա». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 en.wikipedia.org/wiki/Wikipedia
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |