Վիեննայի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի ռատուշա
Տեսակքաղաքապետարան
Երկիր Ավստրիա[1][2]
Ստեղծման թվական1872
Կայքwien.gv.at/verwaltung/rathaus/index.html

Վիեննայի ռատուշա (գերմ.՝ Wiener Rathaus), Վիեննայի քաղաքապետարանի շենքը։ Գտնվում է Ավստրիայի մայրաքաղաքի Ներքին քաղաք կոչվող մասի 1-ին շրջանում, Ֆրիդրիխ Շմիդտի հրապարակի վրա (գերմ.՝ Friedrich-Schmidt-Platz): Շենքը կառուցվել է 1872—1883 թթ. ճարտարապետ Ֆրիդրիխ Շմիդտի նախագծով։ Այստեղ են գտնվում քաղաքի բուրգոմիստրի (քաղաքապետի) և համայնքապետարանի ծառայողական աշխատասենյակները։ Այստեղ է իր նիստերն անցկացնում նաև լանդտագը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի կեսերին Վիեննային մերձակա շատ բնակակավայրեր ընդգրկվեցին քաղաքի կազմում, նրա մակերեսն ու բնակչության թիվը կտրուկ կերպով աճեցին, և քաղաքապետարանի հին շենքն այլևս չէր բավարարում նոր պահանջներին։ 1868 թ. նոր ռատուշայի շինարարության համար նախագծերի մրցույթ հայտարարվեց, որտեղ հաղթող ճանաչվեց գերմանացի ճարտարապետ Ֆրիդրիխ ֆոն Շմիդտը։

Համաձայն նրա նախագծի՝ շենքը կառուցվել է ճարտարապետական էկլեկտիկ ոճով։ Ճակատն իրենից ներկայացնում է նոր գոթական (նեոգոթիկ) ոճի աշխարհիկ կառույցի մի հոյակապ նմուշ, արտաքին տեսքն ու առաջին հերթին՝ 105 մետրանոց աշտարակը ֆլամանդական գոթական ռատուշաների տեսքն ունեն, և միջին դարերի ազատ քաղաքների շունչն են հաղորդում։ Իսկ ընդհանուր առմամբ շենքն իր տեսքով հիշեցնում է բարոկկոյի շքեղ ճոխությունը։

Կառույցն զբաղեցնում է 19 592 մ² հողատարածք, սենյակների ընդհանուր մակերեսը կազմում է 113 հազար մ²։ Շենքի երկարությունը 152 մ է, լայնությունը՝ 127 մ։ Սենյակների թիվը 1575 է, պատուհաններինը՝ 2 035: Շինարարության վրա ծախսվել է մոտավորապես 14 միլիոն գուլդեն։

Կենտրոնական պատշգամբը կառուցվել է հատուկ Ադոլֆ Հիտլերի համար, որը անշլյուսից՝ Ավստրիան Գերմանիային բռնակցելուց ընդամենը մի քանի օր անց՝ 1938 թվականի ապրիլի 9-ին այդտեղից ճառ է ասել[3] ·[4]: Ռատուշայի շքադահլիճն ունի 71 մ երկարություն, 20 մ լայնություն[5] և զարդարված է նշանավոր վիեննացիների անդրիներով։ Դահլիճն ու առընթեր սրահներն օգտագործվում են ցուցահանդեսներ, պարահանդեսներ, համերգներ և այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Ռատուշայում տարեկան ընդհանուր առմամբ շուրջ 800 միջոցառում է անցկացվում։

Աշտարակի գագաթին բարձրացված է ռատուշայի ժամապահի՝ «Ռատհաուսման»ի (գերմ.՝ Rathausmann) 3,5 մետրանոց երկաթե արձանը՝ Սրբազան հռոմեական կայսրության կայսր Մաքսիմիլիան Առաջինի ժամանակների զենք ու զրահով դրոշակակրի տեսքով[6]։ Շենքի ճակատին տեղադրված են քանդակագործ Անտոն Բրենեկի կերտած չորս քանդակ։

Հրապարակում 1896 թ. կանգնեցված է նաև ռատուշայի նախագծի հեղինակ Ֆրիդրիխ Շմիդտի արձանը (քանդակագործներ՝ Հոֆման ֆոն Ասպերնբուրգ և Յուլիուս Դայնինգեր)։

Շենքի նկուղային հարկը, որտեղ փայտի փորագրություններով ու պատմական թեմաներով արված որմնանկարներով հայտնի մի շարք սրահներ կան, 1925 և 1952 թվականներին ենթարկվել է վերակառուցման ու նորացման[7], 1952[8]: 2012 թվականի սեպտեմբերին[9] մեկնարկել են ամբողջ շինության նորացման աշխատանքները՝ 35 միլիոն եվրո արժողությամբ. նախատեսված է դրանք ավարտել 2023 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Felix Czeike: Das Wiener Rathaus. Zsolnay, Wien 1972.
  • Wolfgang Wieser (Journalist)|Wolfgang Wieser (Text), Lukas Beck (Fotos): Das Wiener Rathaus – Geschichte & Gesellschaft, Architektur & Anekdoten. Bohmann Verlag, Wien 2011, ISBN 978-3-99015-008-5.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://www.francetvinfo.fr/replay-radio/en-direct-du-monde/en-autriche-le-balcon-de-hitler-de-la-mairie-de-vienne-revele-un-rapport-ambigu-au-passe-nazi_2989367.html
  4. https://kurier.at/kultur/wiens-verdraengter-hitler-balkon/400148193
  5. «Festsaal - Rathausführung». Wien.gv.at. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «The New Town Hall». Neue Freie Presse. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «The Vienna Rathauskeller». Wiener Bilder. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Wien 1952: Berichte vom Mai 1952». Wien.gv.at. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի ռատուշա» հոդվածին։