Jump to content

Վիբորգի պաշարում (1495)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիբորգի պաշարում
ՎայրՎիբորգ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Վիբորգի պաշարումը 1495 թվականին, 1495-1497 թվականների ռուս-շվեդական պատերազմի առաջին խոշոր իրադարձությունը։ Երկուսուկես ամիս ռուսական բանակը պաշարեց շվեդական Վիբորգի ամրոցը, բայց չկարողացավ գրավել այն և նահանջեց՝ սահմանափակվելով միայն նրա շրջակայքն ավերելով։

Նախադրյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնացված ռուսական պետության և Շվեդիայի միջև առաջին պատերազմի պատճառը մերձբալթյան առևտրում ռուս վաճառականների անհավասար դիրքն էր։ Իվան III-ը չէր պատրաստվում համակերպվել իրերի այդպիսի դասավորության հետ և սահմանային միջադեպերից մեկի արդյունքում պատերազմ հայտարարեց Շվեդիային։ Այս պատերազմում Դանիան, որի թագավորը հավակնում էր Շվեդիայի գահին, ռուսական պետության դաշնակիցն էր։ Ռազմական գործողությունների առավել արդյունավետ իրականացման համար Մեծ իշխանը և հրամանատարական կազմի զգալի մասը Մոսկվայից տեղափոխվեցին Նովգորոդ։

Ռազմական գործողությունների ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծաքանակ զորքերի արշավանքը դեպի Վիբորգ սկսվեց 1495 թվականի սեպտեմբերի 6-ին, Նովգորոդից։ Վիբորգը համարվում էր առաջին կարգի ամրոց, քանի որ 1477 թվականից այն շրջապատված էր աշտարակներով, քարե պարսպով, ինչը զգալիորեն մեծացնում էր նրա մարտական կայունությունը։ Առաջին անգամն էր, որ ռուսական զորքերը գրոհում էին նման հզոր ամրոցի վրա[1]։

Ռուսական բանակը, որի թվաքանակը պատմաբանները գնահատում էին մինչև 10 հազար զինվոր, բաղկացած էր հիմնականում հեծյալներից, ովքեր փորձառու էին և լավ զինված։ 1471 թվականին Վիբորգի կայազորի թվաքանակը հաշվվում էր 1-ից 3 հազար մարդ, սակայն ամրոցի ընդլայնման և միասնական Ռուսական պետության՝ որպես պոտենցիալ թշնամու ի հայտ գալու պատճառով, դրա թվաքանակն ամենայն հավանականությամբ ավելացել էր։ Կայազորում ընդգրկված էին ամրոցի ասպետները (պարետի շքախումբը), քաղաքի պահակախումբը, Նյուլանդի մարզի գյուղացիական աշխարհազորը, ինչպես նաև գերմանացի վարձկանների 500 հոգանոց ջոկատը, որոնք վարձվել էին Շվեդիայի տիրակալ Ստեն Ստուրի կողմից, կապիտան Հարտվիգ Վինհոլտի հրամանատարությամբ Վիբորգը պաշտպանելու նպատակով։ Կայազորին զորակցելու նպատակով եպիսկոպոս Աբոն ուղարկել էր իր ասպետների փոքրաթիվ ջոկատը, ինչպես նաև Վիբորգում հավաքվել էին բազմաթիվ ֆինն ազնվականներ։

Վիբորգի ամրացման սխեմա
Վիբորգյան որոտը 1539 թվականի Carta Marina-ի վրա

Մոտենալով ամրոցին՝ ռուս զինվորները պաշարեցին այն մի քանի կողմից։ Ամրոցի պարետ Կնուտ Պոսսեն կազմակերպեց բավականին ակտիվ պաշտպանություն՝ փորձելով հակահարձակման միջոցով չեզոքացնել առանձնացած պաշարողներից մի քանիսին։ Սակայն, նրա շարժական ջոկատը՝ Մագնուս Ֆրիլեի գլխավորությամբ, դարանակալվեց և համարյա բոլորը ոչնչացվեցին։ Բազմաթիվ ռազմիկներ գերեվարվեցին, այդ թվում ՝ ինքը՝ Մագնուս Ֆրիլեն։ Քանի որ հրետանին («վերակարգը») դեռ չէր ժամանել, մոտեցող ցուրտ եղանակը ստիպեց արագ գործել, զորավար Դանիիլ Շչենյան որոշեց գրոհել։ Ըստ շվեդական աղբյուրների՝ նա մոտ էր հաջողությանը, բայց տարբեր կողմերից գրոհի ոչ բավարար համակարգման արդյունքում հարձակվողները ստիպված եղան նահանջել։

Երբ մի վերակարգ ժամանեց ռուսների ճամբար, նրանք սկսեցին հրետակոծել քաղաքը։ արդյունքում երկու աշտարակ ավերվել էր, իսկ երրորդը՝ վնասվել։ Պարսպի պատի մեջ անցքեր բացվեցին, որոնք Կնուտ Պոսսեն հրամայեց լցնել հողային պատվարով։ Նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան ռուսները, երեք կողմերից բազմաթիվ աստիճաններով, գրոհեցին ամրոցի վրա։ Գրավելով աշտարակներից մեկը՝ ռուսները ներթափանցեցին քաղաք։ Սակայն շվեդներին հաջողվել է հրդեհել աշտարակը, որի մեջ հավանաբար պայթեցին վառոդի պաշարները։

արդյունքում, ռուսները կրեցին լուրջ կորուստներ, այդ թվում, ըստ շվեդական Մեծ հանգավոր ժամանակագրության, նրանք կորցրեցին «մի շատ թանկ մարդու, որի համար բոլոր ռուսները լաց էին լինում»։ Յուրի Ալեքսեևը ենթադրում է, որ խոսքը գնում էր Իվան Անդրեևիչ Սոբբոտ Պլեշչեևի մասին[1], որը, հավանաբար, անձամբ էր ղեկավարել հարձակումը։ Գրոհը կասեցվել էր և դեկտեմբերի 4-ին ռուսները նահանջել էին Վիբորգից՝ դեկտեմբերի 25-ին հասնելով Նովգորոդ։ Նման որոշման պատճառներն էին ցրտերի վրա հասնելը, սննդի պակասը և ժանտախտի համաճարակը, որը բռնկվել էր Արևմտյան Ֆինլանդիայում։

Ըստ շվեդական տվյալների՝ ռուսների կորուստները կազմել էին 16 հազար մարդ՝ զորքի 60 հազար ընդհանուր թվաքանակից։ Ոչ մի ցուցանիշ չի կարելի արժանահավատ համարել[1], այնուամենայնիվ, հարձակման ժամանակ կորուստներն անկասկած մեծ էին եղել։ Որպես պատճառ, դիտարկվում են այդ ժամանակների խոշոր ամրոցների վրա հարձակման մարտավարությունը։

Վիբորգում ձախողումը թույլ չտվեց ռուսական պետությանն ամրապնդվել հարավային Ֆինլանդիայում, բայց չհանգեցրեց ռազմական նախաձեռնության փոխանցմանը շվեդական կողմին։ Ստեն Ստուրե Ավագի ջանքերը՝ հավաքելու և զորք ուղարկելու Վիբորգ, դանդաղ էր ընթանում և երբ նավերի էսկադրան զինվեց և սկսեց արշավանքը, փոթորիկը ցիրուցան արեց էսկադրան Ալանդյան կղզիների մոտ։ Այսպիսով, նախաձեռնությունը մնաց ռուսների կողմը և շտաբի Նովգորոդում գտնվելու հանգամանքը հնարավորություն տվեց արագ արձագանքել իրավիճակին։ Շուտով նոր զորքեր ուղարկվեցին շվեդական տիրույթներ, որոնք ավերեցին Ֆինլանդիայի հարավային բոլոր հողերը մինչև Տուրկու (Աբո)։

1495 թվականի նոյեմբերի 30-ին Վիբորգի ամրոցում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին հիշողությունը դեռ պահպանվում է ֆիննական բանահյուսության մեջ։ Այն հայտնի է որպես «Վիբորգյան որոտ» (ֆիններեն՝ Viipurin pamaus) և տարբեր լեգենդներում կապվում է կամ ամրոցի պարետ Կնուտ Պոսսեի ռազմական խորամանկության, կամ երկնային հովանավորների բարեխոսության հետ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Николай Михайлович Карамзин История государства Российского. — Т. 6, гл. 6.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]