Վաղինակ Միրզոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Միրզոյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1926 |
Ծննդավայր | Հոբարձի, Հայաստան |
Մահացել է | մարտի 13, 1997 (70 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1990) |
Մասնագիտություն | նյարդաֆիզիոլոգ |
Աշխատավայր | Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ |
Անդամություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Վաղինակ Սրապիոնի Միրզոյան (հունիսի 20, 1926, Հոբարձի, Հայաստան - մարտի 13, 1997, Երևան, Հայաստան), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1990): ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (1990-1997):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղինակ Միրզոյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 20-ին, Հոբարձի (այժմ՝ Հայաստանի Լոռու մարզում) գյուղում։ Տեղի յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո 1942 թվականին ընդունվել է Ստեփանավանի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, որն ավարտել է 1950 թվականին։ Ինստիտուտն ավարտելուց հետո Միրզոյանի գիտա-աշխատանքային գործունեություն է ծավալել Հայաստանի ԳԱ ֆիզոլոգիայի ինստիտուտում, եղել կրտսեր գիտական աշխատող, 1990-1997 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող։ Միրզոյանի տասնամյա գիտական գործունեության արդյունքներն արտացոլվել են մի շարք գիտական հոդվածներում և նրա «Ներկենտրոնական վերակառուցման օնտոգենետիկ ուսումնասիրությունը կենդանիների էնուկլեացիայի, ողնուղեղի կիսահատման և վերջույթների անդամահատման պայմաններում» թեմայով թեկնածուական ատենախոսությունում, որը պաշտպանել է 1959 թվականին և արժանացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի[1]։
Աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի ներկենտրոնական վերակառուցման տարիքային առանձնահատկություններին։ Զբաղվել է նաև ողնաշարավոր կենդանիների աչքի ցանցաթաղանթի վերականգնողական շարժընթացների, կենսահոսանքների առաջացման, ձևավորման և զարգացման օրինաչափությունների հարցերով[1][2]։ Միրզոյանի գիտահետազոտական աշխատանքներն ամփոփված են 100-ից ավելի հրապարակված աշխատանքներում, այդ թվում «Թռչունների լուսազգայությունը» մենագրությունում և դոկտորական թեզում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրզոյանը մահացել է 1997 թվականի մարտի 13-ին, Երևանում[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ (1996)։
- Նյու Յորքի գիտությունների ակադեմիա անդամ (1996)։
- Բնապահպանության կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ (1996):
- ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի խորհրդի անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 125։
- ↑ «Վաստակաշատ գիտնականը (Ծննդյան 70-ամյակի առթիվ)» (PDF).(չաշխատող հղում)