Jump to content

Նյարդաֆիզիոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդաֆիզիոլոգիա, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի բաժին, ուսումնասիրում է նյարդային համակարգի և նեյրոնների ֆունկցիաները։ Նյարդամորֆոլոգիական դիսցիպլինների հետ կազմում է նյարդաբանության տեսական հիմքը։ Նյարդաֆիզիոլոգիան որպես գիտություն, սկսել է զարգանալ XIX դ․ առաջին կեսից, երբ նյարդային համակարգի ուսումնասիրման համար սկսեցին օգտագործել փորձարարական մեթոդներ։ Նյարդաֆիզիոլոգիայի զարգացմանը մեծ չափով նպաստել են նյարդային համակարգի անատոմիական և հյուսվածաբանական կառուցվածքի վերաբերյալ տվյալների կուտակումը, նյարդային համակարգի կառուցվածքային միավորի՝ նեյրոնի հայտնաբերումը, նյարդային ուղիների հետազոտման մեթոդների մշակումը։ Նյարդաֆիզիոլոգիայի զարգացման գործում մեծ ավանդ ունեն Ի․ Սեչենովը, Ն․ Վվեդենսկին, Վ․ Բեխտերևը, Չ․ Շերինգթոնը, Ի․ Պավլովը, Ա․ Ուխտոմսկին, Լ․ Օրբելին։

Ժամանակակից նյարդաֆիզիոլոգիայի հիմնական պրոբլեմներից մեկը նյարդային համակարգի ինտեգրալ գործունեության հետազոտությունն է, որն իրականացվում է դրա տարբեր բաժինների հատման, հեռացման, նյարդային կառուցվածքների կենսաէլեկտրական պոտենցիալների գրանցման, էլեկտրական և ջերմային գրգռման և այլ մեթոդներով։ Նյարդաֆիզիոլոգիայի նշանակալի նվաճումներից է ուղեղաբնի ցանցանման գոյացության վերընթաց և վարընթաց ակտիվացնող ու արգելակող ազդեցության, առաջնային ուղեղի լիմբիական համակարգի, որպես մարմնական և ընդերային ֆունկցիաների միավորման բարձրագույն կենտրոններից մեկի, դերի հայտնագործումն ու պարզաբանումը, հիպոթալամուսում նյարդային և էնդոկրին կարգավորման բարձրագույն ինտեգրացման մեխանիզմների բացահայտումը ևն։ Զարգանում է նյարդային համակարգի բջջային մեխանիզմների գործունեության ուսումնասիրությունը։ Միկրոէլեկտրոդային տեխնիկայի լայն օգտագործման շնորհիվ պարզաբանվել են տարբեր տիպի նեյրոններում դրդման և արգելակման պրոցեսների զարգացման ընթացքը, այդ պրոցեսների ներբջջային մեխանիզմները, բջջից բջիջ ակտիվության անցումը։ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով ստացվել է կենտրոնական նեյրոնների և միջնեյրոնային կապերի մանրամասն պատկերը։ Նշված տեխնիկական նվաճումները հնարավորություն են ստեղծել նյարդային համակարգում ինֆորմացիայի կոդավորման և հաղորդման եղանակների անմիջական ուսումնասիրման, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական տարբեր միջոցներով նեյրոնների գործունեությանը ակտիվ միջամտության մեթոդների մշակման համար։ Ժամանակակից նյարդաֆիզիոլոգիան սերտորեն շաղկապվում է գիտության այլ ճյուղերի՝ նյարդակիբեռնետիկայի, նյարդաքիմիայի, նյարդաբիոնիկայի ևն հետ։ Նյարդաֆիզիոլոգիայի զարգացմանը մեծապես նպաստել են հայ ֆիզիոլոգներ Խ. Կոշտոյանցի, Է․ Հասրաթյանի, Ա․ Քարամյանի, Ա․ Ալեքսանյանի, է․ Հայրապետյանցի և ուրիշների աշխատանքները։ ՀՀ–ում նյարդաֆիզիոլոգիական հետազոտություններ են կատարվում ՀՀ ԳԱ Լ․ Օրբելու անվ․ ֆիզիոլոգիայի ինստուտում, Երևանի համալսարանի և բժշկական ինստուտի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոններում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյարդաֆիզիոլոգիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 316