Ստոկհոլմի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոկհոլմի համախտանիշ
Տեսակpsychological phenomenon?
Բժշկական մասնագիտությունհոգեբանություն
Անվանվել էԿողոպուտ Նորմալմսթորգ հրապարակում

Ստոկհոլմի ախտանշանի համընթացություն (անգլ.՝ Stockholm syndrome), հոգեբանական երևույթ, որն արտահայտվում է նրանով, որ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ Օրինակ՝ պատանդներն սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և նույնիսկ ինչ-որ կերպ խոչընդոտել իրենց իսկ ազատագրմանն ուղղված գործողություններին։ Համախտանիշի մեխանիզմն այն է, որ պատանդի և հանցագործի միջև երկար ժամանակ հարաբերությունները ջերմանում են ոչ պարտադրելի շփման ժամանակ, երբ սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։ Կարող են նույնիսկ ագրեսորների և պատանդների միջև առաջանալ ընկերական հարաբերություններ։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը ճիշտ է։ Ընդ որում որոշ հոգեբաններ պնդում են, որ Ստոկհոլմի համախտանիշը ավելի շատ նկատվում է իգական սեռի ներկայացուցիչների մոտ։

Ստոկհոլմի համախտանիշը նկատվում է ոչ միայն առևանգման դեպքերում, այլ նաև ռազմագերիների, ստրուկների, համակենտրոնացման ճամբարի բանտարկյալների, մարմնավաճառների մոտ։ Ինչպես նաև թրաֆիքինգի, երեխաների կամ ընտանեկան բռնության, արնապղծության դեպքերում։

Պատանդ վերցնելու ավելի քան 4700 դեպքերի ուսումնասիրությունները, որոնք անցկացրել են ՀԴԲ մասնագետները, ցույց են տվել, որ զոհերի 27%-ի մոտ այս կամ այն չափով արտահայտվում է Ստոկհոլմի համախտանիշը[1]։

Ստոկհոլմի համախտանիշի հոգեբանական դրսևորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական հոգեբանության մեջ կա այդպիսի տեսակետ, որը կարելի է նկատել նաև առօրյա կյանքում, երբ թույլ մարդիկ փորձում են գտնել լիդերների, ովքեր կառաջնորդեն նրանց, ուղղություն ցույց կտան։ Այսպես թույլ մարդկանց պատասխանատվությունը նվազում է և որոշումներ կայացնելու խնդիրը դառնում է ավելի հեշտ։ Ուժեղների և թույլերի փոխհարաբերությունները, որոնցում թույլերը կախված են ուժեղներից (ղեկավարներից, ընտանիքի գլուխներից և այլն), ինքնին «Ստոկհոլմի համախտանիշի» վառ դրսևորում է։ Թույլերի հոգեբանական պաշտպանության մեխանիզմը հիմնավորված է հույսի վրա, որ ենթարկվելու դեպքում ուժեղը ներողամտություն կդրսևորի։

Ստոկհոլմի համախտանիշը կարող է առաջանալ նաև ինքնապաշտպանական ռեակցիայի պատճառով։ Պատանդի ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է լինում ագրեսորին ատելու իմպուլսից՝ սթրեսի ներքո ստեղծելով ես-ի պաշտպանողական ռեակցիա։

Կան չորս կարևոր գործոններ, որոնք նպաստում են Ստոկհոլմի համախտանիշին.

  1. պատանդի դրական տրամադրվածությունը ագրեսորի նկատմամբ, որը հաճախ առաջանում է, երբ նկատում են կարեկից վերաբերմունք ագրեսորի կողմից. ագրեսորները, հաճախ վախենալով, որ պատանդը չի հավատա կարեկցանքի ճշմարտացիությանը, ենթագիտակցորեն սկսում են իրոք զգալ կարեկցանք, և այդ զգացմունքը դառնում է իրական
  2. երբ պատանդն առաջին անգամ է հայտնվում նման իրավիճակում. չգիտակցված վախը և հետագա գործողությունների անկանխատեսելիությունը մղում են Ստոկհոլմի համախտանիշին
  3. պատանդի մերժումը ոստիկանության հետ համագործակցել. այն կարող է լինել ոստիկանության և իշխանության հանդեպ պատանդի հակակրանքի դեպքում
  4. ագրեսորի մարդկայնությանը հավատալը, որը կարող է բխել կարծիքից, որ ագրեսորն էլ իր նման բարոյական արժեքներ ունի[2]։

Ստոկհոլմի համախտանիշի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստոկհոլմի համախտանիշ» եզրույթը առաջարկել է հայտնի շվեդ քրեագետ Նիլս Բեյերուտը։ 1973 թվականին նա օգնել է ոստիկանությանը Ստոկհոլմում պատանդ վերցվածներին ազատելու գործողության ժամանակ։ Նրան կանչել էին պատանդների արձագանքները վերլուծելու համար։ Քանի որ ուղեղի լվացումը նոր հասկացություն չէր, նա հասկացավ, որ նույնը տեղի է ունեցել պատանդների հետ։

Փաթթի Հյորսթը Սան Ֆրանսիսկոյի բանկը թալանելիս
Փաթթի Հյորսթի ոստիկանական նկարը. 1975 թիվ

Ստոկհոլմի համախտանիշի հայտնի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի բանկի կողոպուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականի օգոստոսի 23-ին բանտից փախած դատապարտյալ Յան Էրիկ Ուլսսոնը ներխուժում է Ստոկհոլմի բանկ և պատանդ է վերցնում բանկի 4 աշխատակցի՝ 3 կնոջ և 1 տղամարդու (Բրիջիտ Լանդբլեդ, Քրիստին Էնմարկ, Էլիզաբեթ Օլդգրեն և Սվեն Սաֆստրոմ)։ Կողոպտիչը պահանջում է գումար, զենք, ավտոմեքենա և ազատություն իր բանտակից Կլարկ Ուլաֆսսոնի համար, այլապես սպառնում է սպանել պատանդներին։

Տեղում իրականացվում է կողոպտչի պահանջներից մեկը. բանտից բանկ է բերվում Կլարկ Ուլաֆսսոնը։ Իսկ պատանդների խումբը ահաբեկիչների հետ ավելի քան 5 օր անցկացնում է փոքր տարածքում՝ իրենց պահվածքով շփոթեցնելով հոգեբաններին։

Քանի որ Ուլսսոնի բոլոր պահանջները չէ, որ բավարարվել էին (չկար փող, զենք և ավտոմեքենա), նա սկսում է սպառնալ պատանդներին և խոստանում է, որ ոստիկանության ներխուժման դեպքում նրանց բոլորին կախաղան կբարձրացնի։ Իր մտադրությունների լրջությունը նա ցուցադրում է նրանով, որ շենք ներխուժած երկու ոստիկաններից մեկին վիրավորում է, իսկ մյուսին զինաթափում է և, ավտոմատով սպառնալով, ստիպում է երգել։ Իրադրությունը լարված էր։ Սակայն երկու օր անց կողոպտիչների և պատանդների հարաբերությունները փոքր-ինչ փոխվում են, ավելի ճիշտ, բարելավվում են։

Պատանդները հանկարծ սկսում են քննադատել ոստիկանության գործողությունները և հորդորում են դադարեցնել իրենց ազատմանն ուղղված գործողությունները։ Պատանդներից մեկը՝ Քրիստին Էնմարկը, Ուլսսոնի և կառավարության միջև լարված բանակցություններից հետո անձամբ է զանգահարում Շվեդիայի վարչապետ Ուլաֆ Պալմին և հայտարարում, որ ամենևին չի վախենում Ուլսսոնից և Ուլաֆսսոնից, այլ ընդհակառակը, համակրում է նրանց և պահանջում է անհապաղ կատարել նրանց պահանջները և բոլորին բաց թողնել։

Ի վերջո, օգոստոսի 28-ին, այդ դրամայի 6-րդ օրը ոստիկանները գազային հարձակման միջոցով բարեհաջող գրավում են շենքը։ Ուլսսոնը և Ուլաֆսսոնը հանձնվում են, իսկ պատանդներն ազատ են արձակվում։

Ազատված պատանդները հայտարարում են, որ ամենևին չեն վախեցել հանցագործներից, ովքեր իրենց ոչ մի վատ բան չեն արել, և ընդհակառակը՝ վախեցել են ոստիկանության ներխուժումից։ Արդյունքում նախկին պատանդների և զավթիչների միջև ջերմ հարաբերություններ են պահպանվում։ Որոշ տվյալների համաձայն՝ նախկին պատանդները նույնիսկ փաստաբաններ են վարձում Ուլսսոնի և Ուլաֆսսոնի համար։

Դատավարության ընթացքում Ուլաֆսսոնին հաջողվում է ապացուցել, որ Ուլսսոնին չի օգնել և ընդհակառակը՝ փորձել է ազատել պատանդներին։ Նրանից հանում են բոլոր մեղադրանքները և բաց են թողնում։ Ազատության մեջ նա հանդիպում է Քրիստին Էնմարկին, և ընտանիքներով սկսում են ընկերություն անել։

Ուլսսոնը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ Այս պատմության շնորհիվ նա բավականին հայտնի է դառնում Շվեդիայում, բանտում հարյուրավոր նամակներ է ստանում իր երկրպագուհիներից, իսկ հետո ամուսնանում է նրանցից մեկի հետ[3]։

Փաթթի Հյորսթ[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականի փետրվարի 4-ին Վիլլիամ Հյորսթի թոռնիկին պատանդ էր վերցրել «Սիմբիոնիստական Ազատության Բանակ» հանցախումբը։ Ահաբեկիչները ստացան 4 մլն դոլար Հյորսթի ընտանիքից։ Փաթթին հրապարակայնորեն կարեկցանք արտահայտեց ահաբեկիչների հանդեպ։ Հետագայում նա, աշխատելով տվյալ հանցախմբի հետ Սան Ֆրանցիսկոյի մի քանի բանկեր է կողոպտում։ Ստոկհոլմի համախտանիշի առկայությունը հաշվի չառնվեց դատարանում։ Նրա յոթ տարի ազատազրկումը հետագայում մեղմացվեց և ներվեց նախագահ Բիլ Քլինթոնի կողմից, ով համարեց, որ Փաթթին իր կամքին հակառակ էր գործում[4]։

Ստոկհոլմի համախտանիշի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոկհոլմի համախտանիշը ենթադրում է հոգեբուժական կամ հոգեբանական միջամտություն։ Նպատակը հիվանդին այն գիտակցական մակարդակին բերելն է, որ նա որոշումները չկայացնի վախի կամ ինքնապաշտպանական ռեակցիայի հետևանքով։ Բուժումը ներառում է լայնածավալ թերապիաներ։ Բուժման շատ կարևոր մաս է նաև ընտանիքի, մոտ մարդկանց աջակցությունը[5]։

Հիշատակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մյուզ» հայտնի ալտերնատիվ ռոք խմբի հայտնի երգերից մեկը կրում է Ստոկհոլմի համախտանիշ (անգլ.՝ Stockholm syndrome) անունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Stockholm syndrome
  2. Stockholm syndrome:As a coping mechanism
  3. «Ստոկհոլմի համախտանիշ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  4. Патрисия Кэмпбелл Херст
  5. How Therapy Can Help
  6. Muse - Stockholm Syndrome