Սպիտակ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ հիվանդություն
չեխ․՝ Bílá nemoc
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակԿարել Չապեկ
Բնագիր լեզուչեխերեն
 The White Disease

«Սպիտակ հիվանդություն» (չեխ․՝ Bílá nemoc), Կարել Չապեկի ֆանտաստիկ պիեսը, որը նա գրել է 1937 թվականին։ Սյուժեն կառուցվել է եվրոպական պատերազմի ժամանակ բռնկված ինչ-որ անհայտ հիվանդության համաճարակի և դրա դեմ դեղամիջոցի որոնման շուրջ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում մոլեգնում է նախկինում անհայտ մահացու հիվանդության համաճարակ, որը կոչվում է «սպիտակ հիվանդություն» կամ «Չենգի հիվանդություն» (հիվանդությունը հայտնաբերած չինացի բժշկի անունով), որը ազդում է 45 տարեկանից բարձր մարդկանց վրա։ Ամենուր խուճապ է։ Այնուամենայնիվ, եվրոպական երկրներից մեկի կառավարությունը՝ մարշալ-բռնապետի գլխավորությամբ (ակնարկում է Նացիստական Գերմանիան), չնայած համաճարակին, զբաղված է նվաճողական պատերազմի նախապատրաստմամբ։

Պիեսի հերոսը՝ դոկտոր Գալենը (ակնարկում է հռոմեացի հայտնի բժիշկ Գալենին), այս հիվանդության դեմ դեղամիջոց է հորինում, բայց մտադիր է բուժել ոչ թե անխտիր բոլորին, այլ միայն աղքատներին, ինչի համար հիվանդներից պահանջում է եկամտի մասին հաշվետվություն։ Նա խոստանում է բուժել բոլորին, հենց որ կառավարությունը դադարեցնի պատերազմի նախապատրաստումը։ Կառավարությունը, ձգտելով պահպանել հասարակական կարգը, հովանավորում է Գալենի նախկին գործընկերոջը, որը հարուստներին վաճառում է իբր «սպիտակ հիվանդության» դեմ դեղամիջոց, սակայն դա իրականում վերացնում է միայն հիվանդության ախտանիշները։

Միևնույն ժամանակ, երկրի կառավարությունը պատերազմ է սկսում՝ ներխուժելով հարևան փոքրիկ երկիր (ակնարկում է Չեխոսլովակիան)։ Դրան ի պատասխան՝ եվրոպական այլ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, պատերազմ են հայտարարում ագրեսորին։ Ռազմական արշավի ամենաթեժ պահին «սպիտակ հիվանդությամբ» վարակվում է բռնապետ մարշալը։ Նա կանչում է Գալենին և պահանջում է բուժել իրեն։ Գալենը նրանից պահանջում է դադարեցնել պատերազմը։ Բռնապետը նախ փորձում է համոզել բժշկին, հետո համաձայնում է։ Բժիշկը շտապում է բռնապետի նստավայր իր դեղորայքով, բայց զոհվում է ամբոխի ձեռքից, որը պատրաստ է շարունակել պատերազմը մինչև հաղթական ավարտ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Չապեկ

Կարել Չապեկը պիեսի վրա աշխատել է 1936 թվականի մարտից դեկտեմբեր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և դրան նախորդած Չեխոսլովակիայի համար դրամատիկ իրադարձությունների՝ 1938 թվականի Մյունխենի դավադրության և Չեխոսլովակիայի հետագա օկուպացիայի նախօրեին։ Պրեմիերան կայացել է 1937 թվականի հունվարի 29-ին Պրահայի Դասային թատրոնում։ Նույն թվականին պիեսը լույս է տեսել առանձին հրատարակությամբ Ֆրանտիշեկ Բորովոյի հրատարակչությունում[1], ինչպես նաև էկրանավորվել է Չեխոսլովակիայի կինոռեժիսոր Հուգո Հաասի կողմից, ով ինքն էլ կատարել է դոկտոր Գալենի գլխավոր դերը (ֆիլմի սյուժեն փոքր-ինչ տարբերվում է բնօրինակ պիեսից)։

Պիեսի առաջին ներկայացումը բարձր են գնահատել չեխ այնպիսի քննադատներ, ինչպիսիք են Յինդրժիխ Վոդակը, Յոզեֆ Տրեգերը և Վացլավ Չերնին, մյուս կողմից՝ աջ քաղաքական գործիչ Իրժի Ստրժիբրնին, ինչպես նաև ֆաշիստական Գլինկովա սլովակյան ժողովրդական կուսակցությունը խիստ քննադատության են ենթարկել պիեսը՝ այն անվանելով «վնասակար»[2]։ Մաքս Բրոդը կանխատեսել է, որ պիեսը հաջողություն կունենա արտերկրում, իսկ Թոմաս Մանը նամակ է ուղարկել Չապեկին, որտեղ բարձր է գնահատել «Սպիտակ հիվանդությունը»[2]։ Չապեկը հետագայում պիեսի համար արժանացել է պետական մրցանակի[2]։ 1937 թվականին պիեսը բեմադրվել է Լոնդոնում, բեմադրությունը լուսաբանել է «Peace News» պացիֆիստական ամսագիրը[3]։ Պիեսի եբրայերեն պրեմիերան կայացել Է Թել Ավիվի Հաբիմա թատրոնում 1938 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Մյունխենյան դավադրությունից մեկ օր առաջ[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Карел Чапек. Белая болезнь». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 Bradbrook, B.R., Karel Capek:In Pursuit of Truth Tolerance And Trust. Sussex Academic Press, 1998. (pp. 69 −71)
  3. «Karel Čapek’s New Peace Play», Peace News, 27 February 1937, in Lewer, Nick, Physicians and the Peace Movement: Prescriptions for Hope. Routledge, 1992 0714634387. (p. 57)
  4. Habima Archive (Hebrew): http://habima.millenium.org.il/show_item.asp?itemId=1250&levelId=64313 Արխիվացված 2016-01-26 Wayback Machine

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чапек, Карел Библиотека современной фантастики. Том 11. Фабрика Абсолюта. Белая болезнь (сборник). — М.: Молодая Гвардия, 1967.