Պոզիտիվ հոգեբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոզիտիվ հոգեբանություն, հոգեբանության ուղղություն, որը զբաղվում է մարդկային հոգեբանության դրական կողմերի բացահայտմամբ։ Ի տարբերություն դասական հոգեբանության, որը կենտրոնացված է հիմնականում խնդիրների և պաթոլոգիայի վրա, պոզիտիվ հոգեբանությունը օգնում է ձեռք բերել երջանկության զգացում (օրինակ՝ լավատեսություն, ներելու և վստահելու ունակություն, համերաշխություն)։ Հետազոտության այս ճյուղը փորձում է բացահայտել մարդու բնատուր հնարավորությունները և կյանքի փորձը դարձնել առավել բարենպաստ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ուղղության հիմքում ընկած է հումանիստական հոգեբանությունը։ Այս ուղղությունը հիմնված է Գորդոն Օլպորտի, Աբրահամ Մասլոուի և Կարլ Ռոջերսի[1] նվաճումների վրա։ Տեսակետներից մեկի համաձայն «պոզիտիվ հոգեբանություն» տերմինը առաջին անգամ օգտագործել է Մասլոուն՝ իր «Մոտիվացիա և անհատականություն» գրքում (1954)[2]։ Նա և հումանիստական հոգեբանություն այլ ներկայացուցիչներ 1950 և 1960-ականներին իրենց աշխատություններում հոգեբաններին կոչ էին անում ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե հիվանդությունների և պաթոլոգիաների բուժմանը, այլ հոգեկան առողջության խթանմանը։ Այս ոլորտի ժամանակակից հետազոտողներից առավել ակնառու են Էդ Դիները, Միխայ Չիկսենտմիխային, Չարլզ Սնայդերը, Ալբերտ Բանդուրան, Դանիել Գիլբերտը և Ջոն Հայդը։

Պոզիտիվ հոգեբանության ակադեմիական ոլորտի հիմնադիր է համարվում Մարտին Սելիգմանը[3], ով 1988 թվականին ընտրվելով Ամերիկայի հոգեբանական ասոցիացիայի նախագահ, իր ելույթը նվիրեց հոգեբանության այս նոր ուղղությանը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ նախորդ 50 տարիների ընթացքում հոգեբանությունը զբաղված է եղել տարբեր պաթոլոգիաների հետազոտությամբ և բուժմամբ՝ ուշադրություն չդարձնելով մարդու կյանքում դրական երևույթներին, ինչպիսիք են՝ ստեղծագործելու կարողությունը, հույսը, նպատակներին հասնելու ձգտումը, համառությունը։ Սելիգմանը կոչ է արել իր գործընկերներին վերականգնել հավասարակշռությունը և ապագա հետազոտողների համար առաջարկել է 3 հիմնական ուղղություն.

  • Դրական էմոցիաներ և երջանկության սուբյեկտիվ զգացողություններ (օրինակ՝ վայելք, կյանքից գոհունակություն, ապահովության զգացում, ինքն իր և ապագայի մասին կառուցողական մտքեր, ինքնավստահություն)
  • Մարդու բնավորության պոզիտիվ գծեր (իմաստություն, սեր, արդարամտություն, համարձակություն, բարություն, իրականության զգացում, իմաստի որոնում, ներելու կարողություն, հումորի զգացում, առատաձեռնություն, այլասիրություն, էմպաթիա և այլն)
  • Մարդկանց երջանկությանն ու զարգացմանը նպաստող սոցիալական կառուցվածքներ (ժողովրդավարություն, առողջ ընտանիք, աշխատավայրում առողջ միջավայր և այլն)։

Սելիգմանի ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց գործընկերների շրջանում, այդ թվում այնպիսի հայտնի հոգեբանների ինչպիսիք են՝ Քրիստոֆեր Պետերսոնը, Էդ Դիները և Միխայ Չիկսենտմիխային, որի շնորհիվ պոզիտիվ հոգեբանություն գաղափարը շատ արագ վերածվեց հոգեբանական գիտության նոր ուղղության[4]։

Դրական էմոցիաների նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վերջին տարիների գիտական հետազոտությունների տվյալների, դրական էմոցիաները մարդու աշխարհընկալումը դանձնում են ավելի բաց և թույլ են տալիս հետազոտել և գտնել խնդիրների լուծումները։ Բացի այդ դրական էմոցիաները մարդուն դարձնում են ավելի ընկերասեր, իսկ ընկերների քանակի ավելացումը նպաստում է մարդու էվոլյուցիոն գոյատևմանը[5]։

Հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կա պոզիտիվ հոգեբանության 3 դպրոց։

Պոզիտիվ հոգեբանության կենտրոն

Պոզիտիվ հոգեբանության կենտրոնը (անգլ.Positive Psychology Center, PPC)[6], գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Կենտրոնի աշխատանքների առաջին փուլն անհատի դրական հատկանիշների և ուժեղ կողմերի դասակարգումն է (ըստ DSM-IV-ի)։ 2004 թվականին Սելիգմանը և Պետերսոնը հրապարակել են անձի 24 դրական հատկանիշների ցանկ, դրանք բաժանելով 6 խմբի[7]։

  • Իմաստության և գիտելիքի առաքինություններ. կրեատիվություն, հետաքրքրասիրություն, անմիջականություն, սեր ուսուցման նկատմամբ, հեռանկար։
  • Խիզախության առաքինություններ. քաջություն, լիարժեքություն, կենսունակություն։
  • Մարդկայնության առաքինություններ. սեր, բարություն, սոցիալական գիտակցություն։
  • Արդարության առաքինություններ. քաղաքակրթություն, արդարություն, լիդերություն։
  • Չափավորության առաքինություններ. գթասրտություն, չափավորություն, ինքնատիրապետում։
  • Տրանսցենդենտալ առաքինություններ. գեղեցիկը գնահատելու կարողություն, երախտագիտություն, հումորի զգացում։

Պետերսոնի և Սելիգմանի ցանկը կազմվել է այն բանի հիման վրա, թե տարբեր մշակույթներում և կրոններում բնավորության որ գծերն են ավելի արժեքավոր։

Այս ցուցակի հիման վրա հետագայում ստեղծվել է «VIA-Survey» (անգլ.՝ Values in Action Inventory of Strengths) հարցարանը, որը բաղկացած է 240 հարցերից (հարցարանը հասանելի է համացանցում)։ Ներկայումս այն թարգմանված է 17 լեզուներով։

Ըստ VIA-Survey հարցարանի պատասխանների՝ պարզ դարձավ, թե բնավորության ինչպիսի գծեր են անհրաժեշտ դեպրեսիան հաղթահարելու և երջանկության հասնելու համար։ Դրանք են՝

  • Հույս
  • Երախտագիտթւթյուն
  • Հետաքրքություն
  • Սեր[8]։

VIA-Survey հարցարանը հոգեբուժության մեջ կարող է օգտագործվել հետևյալ կերպ. հաճախորդը, հարցարանի օգնությամբ, պետք է գնահատի իր ուժեղ կողմերը, այնուհետև փորձի այդ ուժեղ կողմերը կիրառել տարբեր մեթոդներով (օրինակ՝ շաբաթվա ամեն օրը փորձել նոր մեթոդ)։ Խորհուրդ է տրվում ամեն օր օրագրի մեջ նշել 3 երջանիկ իրադարձություն, որը տեղի է ունեցել տվյալ օրը, ինչպես նաև նշել, թե որ գործողությունն է հանգեցրել դրան[9]։

Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոզիտիվ հոգեբանության կիրառական կենտրոնը (անգլ.՝ Centre of Applied Positive Psychology, CAPP), գտնվում է Մեծ Բրիտանիաում։ Կենտրոնի ղեկավարն է Ալեքս Լինլին (անգլ.՝ Alex Linley): Հետազոտության հիմնական նպատակն է համարվում պոզիտիվ հոգեբանության միտքը օգտագործել պրոֆեսիոնալ ոլորտում։ CAPP կենտրոնում ստեղծվեց «Realise2» հարցարանը, որը օգնում է հասկանալ, թե ինչպիսի ունակություններով և բնավորության ուժեղ գծերով է օժտված անհատը, ինչպես նաև պարզել, թե որքանով է նա օգտագործում այդ առավելությունները առօրյա կյանքում (հարցարանը այժմ գործում է միայն անգլերեն լեզվով)։ CAPP Կենտրոնի հետազոտողները մշակում են մեթոդներ, որոնք կօգնեն մաքսիմալ օգտագործել ուժեղ կողմերը և մինիմալի հասցնել բացասական դրսևորումերը, ինչպիսիք են՝ անձի զարգացմանը նպաստող թույլ կամ ոչ բավարար ասպեկտները։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կիրկ Շնայդերի, պոզիտիվ հոգեբանությունը չի կարող բացատրել անցյալում տեղի ունեցած բացասական իրադարձությունները։ Բացի այդ Շնայդերը մատնացույց է անում, որ պոզիտիվ պատրանքները կարող են խաթարել իրականությունը[10]։ Պոզիտիվ տրամադրվածությունը կարող է խաթարել նաև հոգեբանական աճը։ Բացասականը՝ արտահայտված թույլ դեպրեսիայով, հակառակը, համահարաբերակցում է համեմատաբար քիչ խեղաթյուրված իրականության հետ։ Այդ պատճառով բացասականը կարող է կարևոր դեր խաղալ մարդու ինքնազարգացման դինամիկայում[11]։ Սելիգմանը իր աշխատանքներում ընդունում էր դրական պատրանքների վարկածը[12]։

Յան Սեմպելը իր The Guardian հրատարակման մեջ նշել է, որ «Պոզիտիվ հոգեբանները մեղադրվում են նրանում, որ թաքցնում են իրնեց գլուխները ավազի մեջ և ժխտում են այն փաստը, որ ճնշվածները, անգամ դժբախտ մարդիկ, ունեն ռեալ խնդիրներ, որի հետ պետք է բախվեն»։ Սեմպելը մեջբերելով կլինիկական հոգեբույժ Սթիվեն Վոլինի խոսքերը ասում է, որ դրական հոգեբանության ուսումնասիրությունը դա ընդամենը մտածողության ավելի հին եղանակների կրկնությունն է և, որ գոյություն ունեն քիչ թվով գիտական հետազոտություններ որոնք կարող են խթանել այդ մեթոդի արդյունավետությանը[13]։

Բարբարա Հելդը պնդում էր, որ չնայած դրական հոգեբանությունը հոգեբանության ոլորտում ունենում է ներդրում նա նաև ունի իր թերությունները։ Նա առաջարկել է հետազոտել այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝ դրական հոգեբանության բացասական և կողմնակի դրսևորումերը[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Стайл, 2013, էջ 14
  2. Maslow A. H. Motivation and personality.— Harper, 1954. (Harper’s psychological series)
  3. Seligman M. Using the New Positive Psychology to Realize Your Potential for Lasting Fulfillment.— New York: Simon and Schuster, 2002. — 275 p. — ISBN 0-7432-2297-0.
  4. Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet)
  5. Fredrickson B. L. The value of positive emotions Արխիվացված 2017-02-12 Wayback Machine // American Scientist, 2003. — Vol. 91. — P. 330—335.
  6. Positive Psychology Center
  7. Peterson C., Seligman M. E. P. Character strengths and virtues: A handbook and classification. — Oxford University Press, 2004. — ISBN 0-19-516701-5.
  8. Park N., Peterson C., Selimgan M. E. P. Strengths of character and well-being // Journal of social and clinical psychology. — Vol. 23. — P. 603—619.
  9. Forest J. et al. La psychologie positive et l’approche basée sur les forces : [фр.] : [арх. 12 февраля 2013] // Le magazine de l’Ordre des psychologues du Québec. — 2011. — Vol. 28, № 1 (juillet).
  10. Schneider, K. Toward a Humanistic Positive Psychology. Existential Analysis: Journal of the Society for Existential Analysis. — 2011. — С. 32–38.
  11. Barbara L. Fredrickson, Marcial F. Losada Positive affect and the complex dynamics of human flourishing // The American Psychologist. — October 2005. — В. 7. — Т. 60. — С. 678–686. — ISSN 0003-066X. — doi:10.1037/0003-066X.60.7.678
  12. Seligman, Martin E. The Optimistic Child. Houghton Mifflin Company. — 1995. — С. 295–299.
  13. Sample, Ian (2003 թ․ նոյեմբերի 19). «How to be happy». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  14. Barbara S. Held. «The Negative Side of Positive Psychology».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]