Մինոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինոս (հին հունարեն՝ Μίνως), հին հունական առասպելաբանության մեջ Կրետեի թագավոր, Զևսի և Եվրոպեի որդին, Հռադամանթիսի և Սարպեդոնի եղբայրը, Պասիփայայի ամուսինը, Արիադնեի և Անդրոգեոսի հայրը։ Առասպելները Մինոսին պատկերում են որպես իմաստուն և արդարադատ կառավարիչ։ Աթենական ավանդություններում Մինոսը հունական մայր ցամաքի թշնամին է։ Մինոսի մասին զրույցներից ամենատարածվածները կրետական ցլի՝ Մինոտավրոսի, Մեգարայի նվաճման և Մինոսի որդու՝ Անդրոգեոսի սպանության պատճառով աթենացիների հետ ծագած պատերազմի մասին առասպելներն են։

Մինոսի մահը կապել են Դեդալոսի մասին առասպելի հետ։ Դեդալոսը Կրետե կղզուց փախչելուց հետո ապաստան է գտնում Սիկիլիայի թագավոր Կոկալոսի մոտ։ Երբ Մինոսը հասնում է այնտեղ և պահանջում է իր ձեռքը հանձնել Դեդալոսին, Կոկալոսի դուստրերը սպանում են Մինոսին։ Մահից հետո Մինոսը դառնում է մեռյալների դատավոր։ Էպոսում նա դեռ միայն վճռում է ստվերների միջև ծագած վեճերը. դասական շրջանի առասպելներում Մինոսը (Հռադամանթիսի և Էակոսի հետ) Աիդում որոշում է ստվերների հետագա ճակատագիրը, պատիժ սահմանելով մեղավորների ոգիներին։ Այս առասպելում կարելի է տեսնել մ. թ. ա. 5-րդ դարի հույների մոտ անդրշիրիմյան հատուցման ուսմունքի հանդես գալը։ Մինոսի մասին առասպելներում, ըստ երևույթին, արտացոլվել են իր իշխանությունը Արևելյան Հունաստանի ծովափի մի մասի վրա տարածած Կրետեի երբեմնի հզորության մասին հիշողությունները։ Մինոսի մասին առասպելին է նվիրված եղել Եվրիպիդեսի՝ մեզ չհասած «Կրետացի կանայք» ողբերգությունը։

Մինոսի անունով հին կրետական մշակույթը, որը հայտնաբերել է հնագետ Արթուր Էվանսը, կոչվել է մինոսյան[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիցաբանական բառարան, Ե., «Լույս», 1985, էջ 158-159։