Սուրբ Հովհաննես վանք (Արդվի)
Սուրբ Հովհաննես վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Արդվի[2] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գուգարաց թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Գործող |
Հիմնական ամսաթվերը | 8-րդ դար[1] |
Ներկա վիճակ | վերանորոգված |
Կազմված է | Օձի պորտ, Սրբատեղի «Օխտը մոնթի», Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի, Եկեղեցի Սբ. Հովհաննես, Զանգակատուն, Միաբանության շենքը, Շրջապարիսպ և Պորտաքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 13-րդ դար |
Հիմնադրված | 8-րդ դար[1] |
Գմբեթ | 1 |
Ardvi monastery Վիքիպահեստում |
Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (հիշատակվում է նաև Սրբանես վանք անունով), վանք Հայաստանի Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ 17-րդ դարում եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։ Վանական համալիրը վերանորոգվել է <<Տաշիր>> բարեգործական հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանի կողմից՝ 2018 թվականին։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրբանեսի վանքը (կառուցվել է VIII-XVII դարերում), որը հայտնի է նաև Սուրբ Հովհաննես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով, գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Վանքային համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց և զանգակատնից։ Վանքի տարածքում են գտնվում նաև խաչքարեր, քառակող կոթողը, տնտեսական և բնակելի շինությունների փլատակները[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցիները միանավ թաղակապ դահլիճներ են, որոնք հաղորդակցվում են երկայնական ընդհանուր պատի մուտքային բացվածքով։ Հյուսիսային դահլիճը, որն ունի պայտաձև աբսիդ և քառակուսի աղոթասրահ, համաչափություններով ավելի փոքր է, քան հարավայինը։ Մի ժամանակ այն մուտք է ունեցել նաև արևմուտքից, բայց ներկայումս այն փակված է։ XIII դարում եկեղեցու արևմտյան պատին կցվել է ոչ մեծ թաղակապ սրահ։ Հարավային դահլիճի հատակը պատած է տապանաքարերով։ Եկեղեցիների կառուցման համար օգտագործվել են ճեղքված անդեզիտի ոչ խոշոր անկանոն կտորներ։ Միայն արևելյան պատի ստորին երեք շարքերը խոշորաչափ սրբատաշ քարերով են։
Երկու եկեղեցիների հորինվածքային տարրերը վկայում են, որ եկեղեցիները միաժամանակ չեն կառուցվել։ Հյուսիսային եկեղեցու սկզբնական հորինվածքը, որից պահպանվել են արևելյան պատի ստորին շարքերը և հարավային մուտքի մի մասը, վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ, քան ամբողջ համալիրը։ Հավանաբար այն վերակառուցվել է վանքի մյուս շինությունների կառուցման ժամանակ (ենթադրաբար XVII դարում)։
Զանգակատունը կառուցվել է XVII դարում վանքի հարավային մասում։ Զանգակատան ստորին հարկաշարքը խորանարդաձև է, այն պսակված է վեցասյուն ռոտոնդայով։
Սրբանեսի վանքը շրջապատված է անկանոն ոչ բարձր պարսպապատով։ Արևմտյան մասում է գտնվում միջնադարյան գերեզմանոցը՝ բազմաթիվ ուշագրավ խաչքարերով և տապանաքարերով։ XIX դարում վանքը վերանորոգել է Ստեփանոս Տարինյանը, իսկ 1902 թ.՝ Մելիքսեթ Քալանթարյանը։
Սրբանեսի վանքը հայտնի է նրանով, որ այստեղ է թաղված Հայոց 34-րդ կաթողիկոս Հովհաննես Օձնեցին (Կաթողիկոս 717-728 թթ)։ Մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Օձնեցին մահից հետո դասվել է սրբերի շարքը, որպես Սուրբ Հովհաննես Իմաստասեր։ Նա բազմաթիվ շարականների և աստվածաբանական աշխատությունների հեղինակ է։ Օձնեցու կարևորագույն գործերից է «Կանոնագիրք Հայոց»՝ Հայաստանի եկեղեցական իրավունքի առաջին հավաքածուն։
Սրբանեսի վանքը նորագույն պատմության մեջ հայտնի է նաև դրանով, որ այստեղ է նկարահանվել հայտնի հայ ռեժիսոր՝ Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։
Տարածքի հետ կապված ավանդազրույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդվիի բնական հուշարձաններից է Օձի պորտը։ Այստեղ ամփոփված է նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Հովհան Օձնեցու մարմինը։ Նրա բազմաթիվ հրաշագործություններից մեկը կապված է Օձի պորտի ավանդության հետ։ Մի օր, երբ Օձնեցին սուրբ Պատարագ էր մատուցում, երկու զարհուրելի վիշապ լեռան լանջով գյուղին են մոտենում։ Սուրբը խաչով խաչակնքում է վիշապներին, և վիշապները կապվում են մինչև պատարագի ավարտը։ Դուրս գալով պատարագից՝ երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապների գլուխներին, և նույն պահին վիշապները քարանում են։ Այդ վայրը կոչվում է «Օձի պորտ», որտեղից բխող ջուրն ունի բուժիչ հատկություն։
Ավանդությունը պատմում է, որ գյուղի ձորակի աջ կողմում կար մի դպրոց, որտեղ իր յոթ աշակերտներին կրթում էր մի ծերունի իմաստուն ճգնավոր, որին Սուրբ էին կոչում։ Ձորակի ձախ կողմում՝ լեռան լանջին հայտնվում է զարհուրելի վիշապը և նրա արձակած ձայներից շրջակայքը պապանձվում է։ Մի կին կովկիթն ուսին /սափոր, որի մեջ կաթ էին լցնում/ իջնում էր լեռան լանջով և, տեսնելով ահավոր հրեշին, իսկույն քարանում է։ Սուրբը աշակերտներից մեկին ուղարկում է պարզելու, թե ինչ է պատահել։ Աշակերտը չի վերադառնում և հայտնվում է վիշապի երախում։ Հաջորդ աշակերտին է ուղարկում, նա էլ չի վերադառնում։ Այդպես բոլոր յոթ աշակերտներն էլ վիշապի բաժին են դառնում։ Սուրբը դուրս է գալիս դպրոցից՝ փնտրելու իր աշակերտներին։ Տեսնում է ահռելի վիշապին, որը պատրաստվում էր կուլ տալ հաջորդ զոհին։ Հրաշագործ ծերունին գավազանով խփում է վիշապի գլխին ու ասում. «Քա՛ր դառնաս, աղբյուր բխի քո սրտից՝ հիվանդի համար դե՛ղ դառնաս»։ Սուրբ իմաստունի ասածը իսկույն կատարվում է։
Նկատելի է, որ Օձնեցու հրաշագործության պատմությունն ու ժողովրդական ավանդությունը շատ ընդհանուր եզրեր ունեն, հրաշագործությունից ծնվել է ավանդությունը։ Իսկ ո՞րն է իրականությունը։ Լեռան լանջով, կարծես թե, «սողում են» երկու վիշապները։ Դրանք քարային ապարաշերտային երակներ են՝ մեկը ավելի երկար ու հաստ, իսկ մյուսը՝ կարճ ու բարակ։ «Մեծ վիշապից» բխում են երկու աղբյուր, որոնք ամառվա տապին հոգնած ճամփորդին տալիս է սառնորակ ջուր, այն տարբերությամբ, որ մեկը սովորական ջուր է, իսկ մյուսն ունի բուժիչ հատկություն։ Արևմտյան կողմից բխող ջուրը շատ բարակ է, կոչում են «օձի պորտ»։ Այն ունի բուժիչ հատկություններ, որոնք պայմանավորված են նրա հանքային ջուր լինելու հարմարանքով։ Ջուր, որտեղից օգտվում են ոչ միայն տեղացիները։
Ասում են, որ մի ժամանակ սափորն ուսին կին-ժայռը պարզ երևում էր, բայց 1939 թ. գյուղացիները քանդել են այն ու այդ քարերով կառուցել գոմեր։ Տեսարանը հիասքանչ է ու անզուգական՝ գողտրիկ բնակավայր, վեհաշուք վանական համալիր, գեղատեսիլ ձորակ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արդվիի Սուրբ Հովհաննես վանքի գերեզմանոցը
-
Արձանագրություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.vem.am/en/737
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան (2002). Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ. Երևան: «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ». էջեր էջ 144 — 1072 էջ. ISBN 5_89700_016_6.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդվիի Սուրբ Հովհաննես վանք Արխիվացված 2021-03-04 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Հովհաննես վանք (Արդվի) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |