Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Սուլեմա (լատին․՝ sublimatum — այստեղ բառացի՝ բարձրացվածդ թորմամբ ստացված), սնդիկի (II) քլորիդ, HgCl2, անգույն բյուրեղական նյութ, հալման ջերմաստիճանը՝ 277 °C, եռմանը՝ 304 °C, խտությունը՝ 5440 կգ/մ³։ Խիստ թունավոր է, լուծվում է օրգանական լուծիչներում և ջրում (7,4 գ 100գ ջրում, 20 °C)։ Ջրային լուծույթները թույլ թթվային են։ Ջրում քիչ է դիսոցվում։ Ստացվում է սնդիկը քլորի ավելցուկում տաքացնելով կամ խիտ ծծմբական թթվում լուծելով և ստացված սուլֆատը կերակրի աղի հետ տաքացնելով (սուլեման սուբլիմվում է)։ Օգտագործվում է որպես սնդիկային միացությունների (օրինակ, կալոմել) ստացման ելանյութ, օրգանական սինթեզում՝ կատալիզատոր, գյուղատնտեսության մեջ՝ սերմերը վարակազերծելու, բժշկության մեջ՝ մաշկը, սպիտակեղենը, հագուստը ևն ախտահանելու (0,1—0,2% լուծույթները), քսուքները՝ մաշկային հիվանդությունները բուժելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 184)։