Jump to content

Սմբատ Սպարապետի դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դատաստանագիրք»
Կիլիկայի զինանշանը

Սմբատ Սպարապետ «Դատաստանագիրք», հայ իրավունքի հուշարձան, կազմել է Սմբատ Սպարապետը 1265 թվականին՝ Կիլիկիայի հայկական պետության հասարակական հարաբերությունները կարգավորելու համար։ Թեև հայկական թագավորության մեջ մինչ այդ գործում էին Մխիթար Գոշի դատաստանագիրքը, որը այժմ հիմք է ծառայում մի շարք երկրների սահմանադրության, ու «Անտիոքի ասիզները», սակայն այս երկուսը չէին բավարարում պետության իրավական գործունեության պահանջները․ Մխիթար Գոշի դատաստանագրքի կազմումից հետո անցած ժամանակահատվածում (շուրջ 80 տարի) փոխվել էին ավատատիրական հարաբերությունները։ Բացի այդ, կիլիկյան հայերենի և այդ դատաստանագրքի լեզվի միջև առաջացած մեծ տարբերության պատճառով, այն դարձել էր անհասկանալի։ Սահմանափակ էին կիրառվում նաև ասիզները, հիմնականում՝ սյուզերեն-վասալ տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, որոնք Մխիթար Գոշի դատաստանագրքում սակավ են կիրառվել։ Աղբյուրագիտական տեսակետից Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրք»-ը Մխիթար Գոշի դատաստանագիրքն է՝ Կիլիկիայի պայմաններին համապատասխան փոփոխված, կրճատված և գրաբարից կիլիկյան աշխարհաբարի թարգմանված։ Դատաստանագրքում հոդվածները, թեև ոչ խստագույն հետևողականությամբ, դասակարգվել են իրավահարաբերությունների խմբավորման կամ առարկայական կարգավորման սկզբունքով։ Սմբատ Սպարապետի «Դատաստանագիրք»-ն արտահայտում է Կիլիկիայի հասարակության տիրապետող դասակարգի կամքը, ամրապնդում գոյություն ունեցող հասարակական պետական կարգը։ Արդարության ըմբռնումը, որ ելակետային է դատաստանագրքի համար, զուտ ավատատիրական է (արդար է, որ շինականը պարոնին տա եկամտի մեկ հինգերորդը, շաբաթը մեկ օր աշխատի նրա համար և այլն)։ Սմբատ Սպարապետի ժամանակ դարաշրջանի պատկերը պայմանավորված էր ավատատեր-ավատատեր և ավատատեր-շինական իրական հարաբերություններով։ Մի դեպքում գործում էր «սահման քաջաց զեն իւրեանք» սկզբունքը, մյուս դեպքում՝ ավատական ինքնիրավչության անզուսպ քմայքը։ Սմբատ Սպարապետ «Դատաստանագիրք»-ն իրավական արժեքն ու պատմաճանաչողական նշանակությունն այն է, որ հաստատում է օրինականություն ընդդեմ կամայականության, հաշվի առնելով, որ ուժեղ կենտրոնացված թագավորական իշխանության պահպանումը հնարավոր է միայն օրինականության պահպանմամբ՝ գտնելով, որ թշնամիներով շրջապատված երկրի արտաքին անվտանգությունն ու քաղաքական գոյությունը հնարավոր է ապահովել միայն պետական իշխանության հզորությամբ։

Դատաստանագրքի բաժիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաստանագրքի առաջին բաժինն անվերնագիր է։ Սմբատ Սպարապետը գրում է, որ առաջաբանը նվիրված է թագավորների դատարանին ու իրավունքին, ապա՝ զորավարներին, հոգևորականներին, աշխարհականներին ու ամուսիններին։ Հաջորդ բաժիններն են․

  1. Ժառանգություն հայրենյաց (հոդվածներ 118-120),
  2. իրավունք ծնողաց և այլոց (հոդվածներ 121-124),
  3. գրավի և ինչքի իրավունք (հոդվածներ 125-131),
  4. վաճառականական իրավունք (հոդվածներ 132-143),
  5. կտակի իրավունք (հոդվածներ 144-145),
  6. ստրկատիրության իրավունք (հոդվածներ 146-149),
  7. վնասի հատուցման իրավունք (հոդվածներ 150-202)։

Դատաստանագրքում նախատեսված հանցակազմերը և պատիժներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատաստանագրքում նախատեսված հանցակազմերն են՝ դավաճանությունը, լրտեսությունը, սպանությունը, գողությունը, մարմնական վնասվածքների պատճառումը, անարգումը, գերեզմանահանությունը, բռնաբարությունը, սրբապղծությունը ևն։ Դատաստանագիրքը զանազանում է մեղքի ձևերը՝ դիտավորություն, անզգուշություն։ Դիտավորության դեպքում պատիժն անհամեմատ խիստ է։ Նախատեսված պատիժներն են՝ մահապատիժը, աքսորը (արտաքսումը), մարմնական պատիժները, տուգանքը։ Պատժատեսակն ու պատժաչափը տարբերվում են ըստ սոցիալական ու կրոնական պատկանելության։

Դատաստանագրքի տեղը միջազգային իրավունքների շարքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմբատ Սպարապետի դատաստանագրքի բովանդակությամբ ու առաջադեմ գաղափարներով առաջնակարգ տեղ է գրավում միջնադարյան իրավունքի հուշարձանների շարքում։ Հայտնի է Սմբատ Սպարապետի դատաստանագրքի ձեռագրի երկու օրինակ, որոնք պահվում են Վենետիկի Մխիթարյանների գրադարանում և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1918 թվականին (Ա․ Ղլտըճյանի աշխատասիրությամբ)։ թարգմանվել է ռուսերեն (1958 թվական, Ա․ Դ․ Գալստյանի աշխատասիրությամբ) և գերմաներեն (1905 թվական, Յոզեֆ Կարստի աշխատասիրությամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 455