Jump to content

Սկյութներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սկյութներ (հին հունարեն՝ Σκύθης Skúthēs, Σκύθοι Skúthoi), Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններում բնակվող ազգակից հնագույն ցեղերի ընդհանուր անվանումը։

Պատկանել են հնդեվրոպական ընտանիքի հյուսիսիրանական խմբին։ Ցեղակից են եղել կիմերներին, սակերին, սարմատներին, մազքութներին։ Սկյութական պատմության շատ հարցեր դեռևս չեն պարզաբանված կամ վիճաբանական են գիտության մեջ։ Գրավոր աղբյուրներում սկյութները հիշատակվում են մ․թ․ա․ 8—7-րդ դարերի սահմանագծին։ Հերոդոտոսը Դնեպրի ու Դոնի միջտափաստանային շրջաններում բնակվող ցեղերին անվանում է թագավորական սկյութներ, որոնք գերիշխել են մյուսներին, ստորին Դնեպրի աջափնյակում և տափաստանային Ղրիմում բնակվող ցեղերին՝ վաչկատուն (հովվական) սկյութներ, Ինգուլի և Դնեպրի միջև բնակվող ցեղերին՝ երկրագործ սկյութներ, հյուսիսային Բուգի ավազանում (հատկապես Օլվիա քաղաքի մերձակայքում) բնակվող ցեղերին՝ կալլիպիդներ կամ հելլենացած սկյութներ, նրանցից հյուսիս բնակվող ցեղերին՝ ալագոններ, իսկ ավելի հյուսիս բնակվող ցեղերին՝ հերկող սկյութներ։

Շրջակա ստրկատիրական քաղաքների ու երկրների հետ քաղաքական և առևտրական կապերը, հաճախակի ձեռնարկվող կողոպտչական արշավանքներն ու հարկագանձումները խթանել են դասակարգերի առաջացման ընթացքը սկյութական հասարակության մեջ։ Սկյութական ցեղերի միությունն աստիճանաբար ձեռք է բերել ստրկատիրական պետության բնորոշ գծեր՝ թագավորի գլխավորությամբ, որի իշխանությունը եղել է ժառանգական և Աստվածացվել է։ Տեղի է ունեցել ռազմական, ավագանու, զինվորական և քրմական դասերի բաժանում։ Կառավարման ոլորտում զգալի դեր են ունեցել ցեղային միության ավագանու խորհուրդը և աշխարհաժողովը։

Սկյութների քաղաքական միավորմանը նպաստել են մ․թ․ա․ 6 դ․ Աքեմենյան Իրանի դեմ նրանց մղած պատերազմները։ Մ․թ․ա․ 4 դ․ 1-ին կեսին Աթեոս թագավորն իր գահի շուրջ միավորել է գրեթե ամբողջ Սկյութիան՝ Ազովի ծովից մինչև Դանուբ։

Մ․թ․ա․ 339-ին Մակեդոնիայի Փիլիպոս II թագավորի դեմ պատերազմում պարտվելուց հետո, սկյութական թագավորությունը սկսել է անկում ապրել։ Մ․թ․ա․ III դ․ վերջին Սկյութների տիրապետությունը զգալիորեն կրճատվել է սարմատների ճնշման ներքո։ Սկյութները ամփոփվել են Ղրիմում (Նեապոլիս մայրաքաղաքով), ինչպես նաև Դնեպրի ու Բուգի ստորին ավազաններում։ Ղրիմի սկյութական թագավորությունը հզորացել է մ․թ․ա․ 2-1 դդ․։ Այն գոյատևել է մինչև III դ․ 2-րդ կեսը, ապա խորտակվել գոթերի հարձակումների ներքո։ Անկախությունն ու էթնիկական ինքնուրույնությունը կորցրած սկյութները շուտով ձուլվել են ժողովուրդների մեծ գաղթին մասնակից ցեղերին։

Կամենսկի քաղաքատեղիի հնագիտական հետազոտություններից պարզվել է, որ սկյութական թագավորության ծաղկման ժամանակաշրջանում այն եղել է տափաստանային Սկյութականի աոևտրատնտեսական և վարչական կենտրոն։ Սկյութականի հասարակարգում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունները մ․թ․ա․ IV դ․ արտահայտվել են, այսպես կոչված, թագավորական վիթխարի (ավելի քան 20 մ բարձրությամբ) դամբարանաբլուրների երևան գալով, որոնցում թաղվել են թագավորներ, իշխող ավագանու ներկայացուցիչներ, զինվորական առաջնորդներ։ Նրանց հետ սովորաբար թաղվել են իրենց սպանված կանայք կամ հարճերը, ծառաները, ձիերը, գույքը։ Ռազմիկներին թաղել են իրենց զենքերով (ոսկեպատյան դաշույններ, կապարճներ, նետասլաքներ, նիզակներ ևն)։ Հարուստ դամբարաններից պեղվել են պղնձյա, արծաթյա և ոսկյա ամաններ, հունական նախշազարդ խեցեղեն, գինու գավեր, զանազան զարդեր, սկյութական և հունական վարպետների նուրբ ոսկերչական առարկաներ։

Սկյութների քարտեզը

Սկյութական դամբարաններից հայտնաբերված գեղարվեստական արտադրանքի մեջ առավել հետաքրքիր են այսպես կոչված, գազանային ոճի վայելչազարդ առարկաները (կապարճ, դաշույնի պատյան, սրի բռնակ, ձիասանձի մասեր, վահանակ, հայելու բռնակ, ճարմանդ, ապարանջան, մանյակ ևն), որոնց վրա կենդանիների (եղջերու, իշայծյամ, այծ, գիշատիչ թռչուններ, երևակայական կենդանիներ ևն) պատկերների հետ հանդիպում է գազանամարտի, առավել հաճախ՝ խոտակեր կենդանուն հոշոտող արծվի կամ գիշատչի տեսարան։ Պատկերներն արված են ոչ բարձր մակերևույթի վրա՝ կռման, դրվագման, ձուլման, դրոշմման, փորագրման եղանակներով, հաճախ ոսկուց, արծաթից, երկաթից, բրոնզից։ Ենթադրվում է, որ այդ պատկերազարդ առարկաները թալիսմաններ են և խորհրդանշել են չար ու բարի ոգիներին։ Հնարավոր է նաև, որ դրանք արտահայտել են ռազմիկի ճարպկությունն ու խիզախությունը։ Սկյութների գազանային ոճին բնորոշ է արտակարգ աշխուժությունը, կերպարների հարաշարժությունը և պատկերավորությունը։ Մ․թ․ա․ 5-րդ դարից հույն վարպետները Սկյութականի համար պատրաստել են կիրառական արվեստի առարկաներ՝ հարմարեցնելով նրանց գեղարվեստական ճաշակին։ Սկյութների արվեստի նշանավոր հուշարձաններ են հայտնաբերվել Քելերմեսի, Քուլ-Օբայի, Սոլոխի, Չերտոմլըկի և այլ հնավայրերի դամբարաններից, հազվագյուտ որմնանկարներ են բացվել Սկյութական Նեապոլիսում։

Սկյութի քանդակը. Բեհիսթունի արձանագրություն Սկյութներ, Կերչ Սկյութների ոսկին Սկյութ ձիավոր

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Латышев В․ В․, Известия древних писателей греческих и латинских о Скифии и Кавказе, т․ 1—2, СПБ, 1893—1906;
  • Смирнов А․ П․, Скифы, М․, 1966;
  • Граков Б․ Н․, Скифы, М․, 1971;
  • Артамонов М․ И․, Киммерийцы и скифы, Л․, 1974;
  • Хазанов А․ М․, Золото скифов, М․, 1975;
  • Ельницкий Л․ А․, Скифия евразийских степей, Новосибирск, 1977;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 442