Սինդիկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինդիկատ (ուշ լատիներեն syndicatus, < syndico - զննում եմ, ստուգում եմ)։ Ձևավորվել է 19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում։ Գործել է Գերմանիայում և այլ երկրներում։ Դա կապիտալիստական համաձայնության ձև է, որը զբաղվում է հումքի գնման, միատեսակ արտադրանքի արտադրման և իրացման հարցերով, հսկողություն է սահմանում շուկայի վրա մոնոպոլ շահույթ ստանալու համար։ Սինդիկատում արտադրանքի իրացումը կատարում է վարչությունը, որի պատճառով նրա անդամները կորցնում են իրենց առևտրական գործառույթներ կատարելու իրավունքը։ Սինդիկատի անդամներ կարող են լինել նաև տրեստներ, կոնցեռներ, որոնց նպատակն է թափանցել շուկա՝ իրենց վաճառման պայմանները և գները թելադրելու, դեմպինգ կիրառելու միջոցով բարձր շահույթ ստանալ։ Սինդիկատի, ինչպես նաև կարտելի մասնակիցները պահպանում են արտադրական, առևտրական և իրավական ինքնուրույնություն։ Սինդիկատները առավել տարածված են նմանատիպ արտադրանք թողարկող հանքաարդյունահանման, մետաղամշակման և քիմիական արդյունաբերության ճյուղերում[1]։

Սինդիկատը հանդես է եկել որպես․

  1. Մոնոպոլիստական միավորման ձև, բնորոշվում է նրանով, որ մասնակիցների միջև պատվերների բաշխումը (քվոտաներին համապատասխան), հումքի գնումն ու թողարկված արտադրանքի իրացումը կատարում է վաճառահանման ընդհանուր գրասենյակը։ Դրա նպատակն է գլխավորապես համասեռ մասսայական արտադրանքի շուկայի վրա վերահսկողություն սահմանելու ուղիով ստանալ մենաշնորհային շահույթ։ Առավել տարածում է ստացել XX դարի 1-ին քառորդում, սովորաբար ստեղծվել բաժնետիրական ընկերության ձևով։ Ժամանակակից պայմաններում սինդիկատները կորցնում են իրենց նշանակությունը։
  2. Բանկային մոնոպոլիաների ձև, որը բանկերի համաձայնություն է՝ համատեղ շահավետ խոշոր ֆինանսական գործառնություններ (արժեթղթերի բացթողում և իրացում, մեծ չափերի վարկերի տրամադրում և այլն) կատարելու վերաբերյալ։
  3. ԽՍՀՄ-ում 1922-1930 թվականներին պետական կազմակերպության ձև, որը միավորում էր արդյունաբերական տրեստների խմբեր՝ դրանց արտադրանքի մեծածախ վաճառքի, հումքի գնման ու առևտրական գործառնությունների պլանավորման համար։
  4. Արհմիության անվանում Ֆրանսիայում և որոշ այլ երկրներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։