Բանկային համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բանկային համակարգ - ընդհանուր դրամա-վարկային մեխանիզմի շրջանակներում գործող տարբեր տիպի ազգային բանկերի և վարկային կազմակերպությունների համախմբություն։ Բանկային համակարգը՝ դա բանկերի և դրանց միավորումների համակցություն է, դրանց փոխադարձ կապը և փոխգործողությունը։ Բանկային համակարգը ներառում է կենտրոնական բանկը, կոմերցիոն բանկերի ցանց և այլ վարկա-հաշվարկային կենտրոններ։ Կենտրոնական բանկը պետական էմիսիոն և արտարժույթային քաղաքականություն է վարում, հանդիսանում է պահուստային համակարգի միջուկը։ Կոմերցիոն բանկերը կատարում են բոլոր տիպի բանկային գործառույթներ։

Ժամանակակից շուկայական տնտեսությունում բանկային համակարգը բաղկացած է երեք խմբերից, որտեղ առաջին մակարդակի վրա է գտնվում Կենտրոնական բանկը, երկրորդ մակարդակում գործում են առևտրային բանկերը, երրորդ աստիճանում են գտվում մասնագիտացված վարկային-ֆինանսական ինստիտուտները։ Դրանց խնդիրն է՝

  1. շրջանառության մեջ գտնվող փողի զանգվածի միջոցով կարգավորել երկրի տտեսական գործունեությունը,
  2. նպաստել պետության դրամավարկային քաղաքականության սկզբունքների իրականացմանը։

Բանկային համակարգի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրների բանկային համակարգի զարգացման պատմության մեջ հայտնի են նրա մի քանի տեսակներ՝

  1. կենտրոնացված մեկբանկային համակարգ,
  2. երկմակարդակային բանկային համակարգ,
  3. ապակենտրոնացված բանկային համակարգ։

Կենտրոնացված մեկբանկային համակարգը գործում էր նախկին ԽՍՀՄ երկրներում։ Բանկային այդ համակարգի մեջ մտնում էին Կենտրոնական բանկը, Շինբանկը, Արտաքին առևտրի բանկը և խնայողական դրամարկղերը։

Բանկային համակարգի երկմակարդակային համակարգը գործում է շուկայական տնտեսություն ունեցող շատ երկրներում, այդ թվում և Ռուսաստանում։ Այս համակարգի առաջին մակարդակը կազմում է երկրի կենտրոնական բանկը։ Երկրորդ մակարդակը ներկայացնում են առևտրական բանկերը, որոնք անկախ են պետական իշխանության օրգաններից և որպես իրավական անձ վարկային գործունեություն են ծավալում շահույթ ստանալու համար։

Բանկային համակարգի ապակենտրոնացված համակարգը գործում է ԱՄՆ-ում՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ձևով։ Այն գլխավորում են երկրի տարբեր ռեգիոններում գործող 12 ֆեդերալ ռեզերվային բանկերը, որոնք վերահսկում են երկրի բոլոր բանկերի գործունեությունը։

Բանկային համակարգի կառուցվածքի կազմավորման հիմնական չափանիշը համարվում է նրա մեջ բանկերի զբաղեցրած տեղը և նրանց լիազորությունների շրջանակները։ Այս տեսանկյունից Կենտրոնական բանկը գտնվում է բանկային համակարգի առաջին մակարդակի վրա և իրականացնում է համակարգի կարգավորման և վերահսկողության գործառույթ։ Իսկ առևտրական բանկերը և վարկային ու ոչ վարկային կազմակերպությունները կազմում են բանկային համակարգի ստորին մակարդակը։

Բանկային համակարգի կայունությունը խախտող գործոններն են՝

  1. ազգային արժույթի փոխարժեքի անկայունությունը,
  2. ԿԲ-ի անհաջող դրամավարկային քաղաքականությունը,
  3. ոչ խելամիտ ֆիսկալ քաղաքականությունը,
  4. դեպոզիտների ապահովագրման համակարգի բացակայությունը։

Բանկային համակարգի կայունացման մեթոդներն են՝

  1. բանկային օրենսդրության կատարելագործումը,
  2. նվազագույն բանկային պահուստների և հաշվարկային տոկոսադրույքի նորմաների համաձայնեցումը,
  3. բանկային ծառայությունների նոր ձևերի զարգացումը և վարկային շուկայի տարողունակության կարգավորումը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]