Սերգեյ Մայիլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մայիլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մայիլյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Արթիկ, Ալեքսանդրապոլի գավառ |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Աշխատավայր | Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոց և Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Սերգեյ Վարդանի Մայիլյան (1920, Արթիկ, Ալեքսանդրապոլի գավառ - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ «Ժողովրդական կրթության գերազանցիկ»։ ԽՄԿԿ անդամ (1943):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Մայիլյանը ծնվել է 1920 թվականին, Արթիկ քաղաքում։ 1938 թվականին ավարտել է Արթիկի միջնակարգ դպրոցը և նշանակվել նույն դպրոցի տարրական դասարանների հայոց լեզվի ուսուցիչ։ Սերգեյը եղել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, երբ զորակոչվել է զինվորական ծառայության։ Բանակում ավարտել է հրամկազմի դպրոցը և ստացել կրտսեր լեյտենանտի կոչում[1]։
Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, նրանց զորամասը՝ 241-րդ հրաձգային գունդը տեղակայված է եղել Մոլդովական ԽՍՀ-ի Ունգեն քաղաքում։ Պատերազմի առաջին օրերից աչքի է ընկել խիզախությամբ և պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ 1942 թվականի ամռանը ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել[1]։
Զորացրվելուց հետո Մայիլյանը զինղեկի պաշտոնով աշխատանքի է անցել հայրենի գյուղի դպրոցում, միաժամանակ պարապմունքներ է անցկացրել ժողովրդական աշխարհազորի մարտիկների հետ։ 1943 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը։ Հետագա տարիներին աշխատել է Լենինականի դպրոցներում, ՀԿԿ Լենինականի քաղկոմում որպես հրահանգիչ։ 1957 թվականին նշանակվել է Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցի, այնուհետև՝ Միքայել Նալբանդյանի անվան դպրոցի տնօրեն։ Այդ տարիներին նաև ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցը։ Պահեստի կապիտան Մայիլյանը ղեկավարել է Լենինականի Միքայել Նալբանդյանի № 11 միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի աշխատանքները։ Մայիլյանն արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքային գերազանցության համար» մեդալների ու «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
- «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան