Սամվել Ադամյան (ալտահար)
- Այս հոդվածը ալտահարի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սամվել Ադամյան (այլ կիրառումներ)։
Սամվել Օսիկի Ադամյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 2, 1941 Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ, Հայաստան |
Մահացել է | հուլիսի 30, 2011 (70 տարեկան) Գյումրի, Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր, վիոլինահար և դասախոս |
Կրթություն | Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց, Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Սամվել Օսիկի Ադամյան (փետրվարի 2, 1941, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ- հուլիսի 30, 2011, Գյումրի, Հայաստան), հայ ալտահար, 2000 թվականից մինչև 2011-ը՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամվել Ադամյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 2-ին՝ Գյումրիում, զինվորական երաժշտի ընտանիքում։ Տիգրան Ադամյանի կրտսեր եղբայրը։ Երաժշտական կրթությունը ստացել է Արմեն Տիգրանյանի անվան դպրոցում։ 1956 - 65 թվականներին սովորել է նաև Գյումրիի Կարա - Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում (Լևոն Կոստանյանի ջութակի դասարան), ապա Սարատով քաղաքի Սոբինովի անվան կոնսերվատորիայում։ Դրանից հետո ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում (պրոֆեսոր Աբաջյանի ալտի դասարանում)։
1965-2000 թվականներին աշխատել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում՝ իբրև ալտի դասատու, այնուհետև՝ լարային բաժնի վարիչ։ Այս ընթացքում տվել է դափնեկիր ուսանողներ (Անահիտ Սարգսյան, Թագուհի Քինակցյան, Արտաշես Ասատրյան)։ Նրա շրջանավարտները կատարում են ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Բուլղարիայի նվագախմբերում։ Պարբերաբար ղեկավարել է նվագախմբային բաժինը և համույթի սիմֆոնիկ նվագախումբը։
1997 թվականից դասախոսել է պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղում։ Եղել է նաև կատարողական ամբիոնի վարիչ։
2000 թվականից մինչև կյանքի վերջին օրերը եղել է Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել հանրապետության տարբեր մարզերում։ Նվագախմբի երգացանկն այդ տարիներին ընդգրկել է համաշխարհային դասական երաժշտության յոթանասունից ավել բազմաժանր ստեղծագործություններ։ Հեղինակել է տասնյակ գործիքավորումներ, փոխադրումներ և մեթոդական աշխատանքներ։ Սամվել Ադամյանի ղեկավարած համույթը մշտապես ներկա է եղել Վանաձորում և Երևանում կազմակերպված դասական երաժշտության համերգաշարերին, նաև Շիրակի մշակութային կյանքի առավել նշանավոր իրադարձություններին։
2002 թվականին, «Անուշ» օպերայի բեմադրության 90-ամյա հոբելյանին նվիրված մշակութային ծրագրերի շրջանակում Սամվել Ադամյանը տեղի արվեստագետների ուժերով իրականացրեց օպերայի բեմադրումը։ 2005 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։ Սամվել Ադամյանը մահացել է 2011 թվականի հուլիսի 30-ին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Վարդանյան, «Գյումրի», գիրք առաջին, Երևան, 2006 թ.: