Jump to content

Ռոբերտ Ամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ամիրյան
Ծնվել էսեպտեմբերի 2, 1928(1928-09-02)
ԾննդավայրՎաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 9, 2008(2008-03-09) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Ռոբերտ Պարգևի Ամիրյան, (սեպտեմբերի 2, 1928(1928-09-02), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 9, 2008(2008-03-09), Երևան, Հայաստան), խորհրդային հայ ինժեներ-մեքենաշինարար և պետական գործիչ։ ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարար (1985-1986)։ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (1990-1995)։ «Հայէլեկտրալույս» (1966-1969), «Հայէլեկտրամեքենա» (1965-1985) և «Հայգազ» (1986-1992) արտադրական միավորումների գլխավոր տնօրեն։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971)[1]։ ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965)։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականի սեպտեմբերի 2-ին, Հայկական ԽՍՀ Վաղարշապատ քաղաքում, ծառայողի ընտանիքում[2][3]։ 1946 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի 26 կոմիսարների անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը (այժմ՝ Մկրտիչ Խրիմյանի անվան)[2]։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետ[4]։

1951 թվականին ինստիտուտն ավարտելով ինժեներ-մեխանիկի որակավորմամբ[4]՝ աշխատանքի է ուղարկվել Երևանի նորաստեղծ էլեկտրական լամպերի գործարան՝ որպես ինժեներ-մեխանիկ։ 1953 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[5]։ Այնուհետև նշանակվել է մեխանիկական վերանորոգման բաժնի վարիչ, իսկ 1954 թվականին՝ 26 տարեկանում, նշանակվել է գործարանի գլխավոր ինժեներ։ 1959 թվականին նշանակվել է Երևանի լուսատեխնիկական գործարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1961 թվականը, երբ նշանակվել է Երևանի էլեկտրական լամպերի գործարանի տնօրեն։ Այնտեղ 1964-1965 թվականներին նրա նախաձեռնությամբ ներդրվել են լյումինեսցենտային լամպերի արտադրության հոսքագծեր[4]։ 1965 թվականին լյումինեսցենտային լամպերի արտադրության զարգացման և դրանց արտադրության համար մասնաշենքի կառուցմանը ակտիվ մասնակցելու համար նրան շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ինժեների կոչում[2][4]։

Դեռևս 1965 թվականին Ամիրյանի անմիջական մասնակցությամբ սկսվել են նախապատրաստական աշխատանքները Հայկական ԽՍՀ-ում լուսավորության պրոֆիլի արտադրական միավորման ստեղծման ուղղությամբ[6]։ 1966 թվականին նրա նախաձեռնությամբ ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարությանը կից հիմնադրվել է «Հայէլեկտրալույս» արտադրական միավորումը։ Ամիրյանը դարձել է այդ արտադրական միավորման գլխավոր տնօրենը[4][7]։ Նրա ղեկավարությամբ զգալիորեն բարելավվել են տեխնիկատնտեսական ցուցանիշները, կառուցվել են շինություններ լյումինեսցենտային լամպերի, ապակու և ապակու բովախառնուրդի արտադրության մասնաշենքեր, ստեղծվել են մշակութային և կենցաղային սպասարկման ծառայությունների հաստատություններ։ 1966 թվականին յոթնամյա պլանի առաջադրանքները բարձր ցուցանիշներով կատարելու համար պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[8]։

1968 թվականից համատեղել է իր աշխատանքը պետականի հետ՝ նշանակվելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պլանային և բյուջետային հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1985 թվականը[2]։ 1969 թվականին նշանակվել է ԽՍՀՄ էլեկտրաարդյունաբերության նախարարությանը կից Լենինի անվան հայկական էլեկտրամեքենաշինական «Հայէլեկտրագործարան» գործարանի տնօրեն։ Որոշ ժամանակ անց գործարանի բազայի վրա ստեղծվել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել Ամիրյանը[5]։ Նրա ղեկավարության տարիներին «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը արտադրել է Խորհրդային Միությունում օգտագործվող բոլոր շարժական էլեկտրասարքավորումների ավելի քան 40%-ը[9]։ Ամիրյանի գլխավորությամբ արտադրական միավորումում ստեղծվել, ներդրվել և շահագործման է հանձնվել հատուկ ռազմական տեխնիկա, որի համար 1975 թվականին նա արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[2]։ Արտադրական միավորման արտադրանքները օգտագործվել են բազմաթիվ կարևոր նախագծերում, մասնավորապես միավորման արտադրամասերում թողարկվել են Երևանի մետրոպոլիտենի համար նախատեսված ոչ ստանդարտ սարքավորումներ[10]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1971 թվականի ապրիլի 20-ի հրամանագրով էլեկտրաարդյունաբերության զարգացման հնգամյա պլանի առաջադրանքների կատարման գործում ձեռք բերված ակնառու հաջողությունների համար Ռոբերտ Ամիրյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում՝ նրան հանձնելով Լենինի շքանշան և Մուրճ ու մանգաղ ոսկե մեդալ[11]։

Ռոբերտ Ամիրյանը մինչև 1985 թվականը մնացել է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նույն թվականին նշանակվել է ՀԽՍՀ սննդի արդյունաբերության նախարար։ Մեկ տարի անց նշանակվել է ՀԽՍՀ գազաֆիկացման պետական կոմիտեի նախագահ, որը հետագայում վերփոխվել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդին կից «Հայգազ» արտադրական միավորման, իսկ մինչև 1992 թվականը եղել է միավորման գլխավոր տնօրեն[7]։ 1989 թվականին Ամիրյանն ընդգրկվել է «Լեռնային Ղարաբաղի և Հայկական ԽՍՀ վերամիավորման» կազմակերպական հանձնաժողովի կազմում[12]։ 1990 թվականին Ամիրյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ և պաշտոնավարել է անկախության հռչակումից հետո՝ մինչև 1995 թվականը, 1996-1999 թվականներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, իսկ 2000-2007 թվականներին՝ «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի գլխավոր խորհրդատու[2]։

Ռոբերտ Պարգևի Ամիրյանն ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, ԽՄԿԿ XXIV և ԽՍՀՄ արհմիությունների XIII համագումարների պատվիրակ[2], ՀԽՍՀ Գերագույն խորհրդի VII-XII գումարումների պատգամավոր, Երևան քաղաքի Ներքին Զեյթունի թիվ 63, Եղբայրության թիվ 9 և Կալինինի թիվ 7 ընտրատարածքներից[13][3][7][2][14]։ Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պլանա-բյուջետային հանձնաժողովի անդամ[13]։

Ռոբերտ Պարգևի Ամիրյանը մահացել է 2008 թվականի մարտի 9-ին Երևանում[2]։ Թաղվել է Երևանի Նուբարաշենի գերեզմանատանը[15]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Асрян А. Г. Амирян Роберт Паргевович // Герои армяне. — Ер.: Амарас, 2015. — С. 259. — 360 с.
  • Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 11-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 11-րդ գումարում. — Ер.: Айастан, 1986. — С. 11. — 196 с.
  • Бениамин Акопович Тумасян, Атаджанян М. Л. Трудовой путь ламповиков (передовой опыт, перспективы) = Լամպագործների աշխատանքային ուղին (առաջավոր փորձ, հեռանկարներ). — Ер.: Айастан, 1985. — 206 с.
  • Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 9-ый созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 9-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1976. — С. 13. — 182 с.
  • Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 8-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 8-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1972. — С. 10. — 178 с.
  • Роберт Паргевович Амирян // Депутаты Верховного Совета Армянской ССР. 7-ой созыв = Հայկական ՍՍՀ գերագույն սովետի դեպուտատները։ 7-րդ գումարում. — Ер.: изд-во ВС Армянской ССР, 1968. — С. 13. — 176 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Лица, удостоенные почётных званий СССР. Герои Социалистического Труда // Армянская советская энциклопедия / Виктор Амазаспович Амбарцумян. — Ер., 1987. — Т. 13. Советская Армения. — С. 667. — 688 с.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Асрян, 2015, էջ 259
  3. 3,0 3,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1972, էջ 10
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Тумасян, Атаджанян, 1985, էջ 102
  5. 5,0 5,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1976, էջ 13
  6. Тумасян, Атаджанян, 1985, էջ 104
  7. 7,0 7,1 7,2 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1986, էջ 11
  8. Тумасян, Атаджанян, 1985, էջ 103
  9. «Краткая история Ереванского метро». Метро Еревана. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  10. Шкулёв А. П. Ереванский метрополитен. — Ер.: Айастан, 1983. — С. 49—50. — 88 с.
  11. 11,0 11,1 11,2  Ռոբերտ Ամիրյան «Երկրի հերոսներ» կայքում
  12. «Решение Верховного Совета Армянской ССР «О создании комитета по воссоединению Армянской ССР и Нагорного Карабаха»». Правовая информационная система Армении. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  13. 13,0 13,1 Депутаты Верховного Совета Армянской ССР, 1968, էջ 13
  14. «Депутаты Верховного Совета Армянской ССР X созыва». Справочник по истории Коммунистической партии и Советского Союза. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. «Роберт Паргевович Амирян». hush.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]