Ռենտգենաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյտրոնային ճառագայթային թերապիայի սենյակ, Վաշինգտոնի համալսարան (UW Therapy room). սեղանը նախատեսված է հիվանդի պառկելու համար, ձախ կողմի մեծ սպիտակ մասն իր առանցքի շուրջը 360 °-ով հորիզոնական պտտվելու և հիվանդի ամբողջ մարմինը բուժելու հնարավորությամբ է օժտված

Ռենտգենաբանություն կամ ռենտգենոլոգիա, բժշկական և անասնաբուժական դիսցիպլին, որն ուսումնասիրում է ռենտգենյան ճառագայթների օգտագործումը մարդու և կենդանիների առողջ ու հիվանդ օրգանիզմները հետազոտելու նպատակով։ Ծագել է 19-20-րդ դարերում, ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից հետո։

Ռուսաստանում ռենտգենյան ճառագայթների օգտագործման առաջին փորձերը կատարել են Ա․ Պոպովը, Վ․ Տոնկովը, Ա․ Յանովսկին, Ի․ Թարխանովը։ Ռենտգենաբանությունը գիտականորեն ձևավորվել է Ս․ Գրիգորևի, Մ․ Նեմենովի, Ս․ Ռեյնբերգի (Ռուսաստան), Մ․ Օբրեի (Ֆրանսիա), Ա․ Օկեռլունդի (Շվեդիա), Գ․ Բերգի (Գերմանիա), Ջ․ Քեյզի (ԱՄՆ) և այլոց աշխատանքների շնորհիվ։

Ռենտգենաբանությունը նպաստեց մարդու մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանության կարևոր խնդիրների մշակմանը, ինչպես նաև գործնական առողջապահության զարգացմանը։ Ռենտգենաբանական հետազոտությունը հիվանդությունների հայտնաբերման առաջատար մեթոդներից է։

20-րդ դարի երկրորդ կեսին ռենտգենաբանությունյան առաջընթացը պայմանավորված էր գիտատեխնիկական հեղափոխությամբ (ռենտգենյան պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղացուցիչների, ռենտգենահեռուստատեսության, արագացված ռենտգեննկարահանման և արյան անոթների կաթետերացման հարմարանքների, տեսամագնիսական գրանցման ի հայտ գալը և այլն)։ Ժամանակակից ռենտգենաբանության հիմնական խնդիրներն են՝ բժշկական ռենտգենատեխնիկայի և հիվանդների հետազոտման մեթոդների կատարելագործումը, հիվանդությունների ռենտգենախտորոշման, մասնավորապես ռենտգենյան «պատկերները» ճանաչելու տեսության զարգացումը, տարբեր օրգանների ռենտգենագրերը և ֆլյուորագրերը վերլուծելու ավտոմատ հարմարանքների ստեղծումը, պրակտիկայում էլեկտրա-ռենտգենագրության ներդրումը, ռենտգենյան հետազոտության ընթացքում հիվանդների և անձնակազմի պաշտպանության միջոցների կատարելագործումը և այլն։

Ռենտգենաբանությունը սերտորեն առնչվում է ռադիոլոգիայի հետ։ Մի շարք երկրներում ռենտգենաբանության փոխարեն կիրառում են «Ռադիոլոգիա» տերմինը։ Աշխարհում առաջին ռենտգենառադիոլոգիական ինստիտուտը հիմնվել է Պետրոգրադում, 1918 թվականին (ԽՍՀՄ-ում Առողջապահության մինիստրության Ռենտգենառադիոլոգիայի կենտրոնական ԳՀԻ)։ Հետագայում հիմնվել են բժշկական ռենտգենոլոգիայի և բժշկական ռադիոլոգիայի և ուռուցքաբանության ինստիտուտներ։ ԽՍՀՄ մի շարք խոշոր քաղաքներում 1934 թվականից ներդրվել է ռենտգենյան ծառայության միասնական համակարգ՝ ռենտգենյան կենտրոններ (հետագայում՝ ռենտգենյան կայաններ, ռենտգենաբանական բաժանմունքներ), որտեղ մշակվում են ռենտգենյան կաբինետների ցանցի ընդլայնման պլանները, կազմակերպվում ռենտգենաբանների գիտամեթոդական, տեխնիկական և կոնսուլտատիվ օգնություն։ Խորհրդային ռենտգենաբանները միավորվել են Ռենտգենաբանների և ռադիոլոգների համամիութենական գիտական ընկերությունում (հիմնված 1919 թվականին), որը 1969 թվականից մտել է Ռադիոլոգների միջազգային ընկերության մեջ։ Ռենտգենաբանության հարցերը լուսաբանվել են «Վեստնիկ ռենտգենոլոգիի ի ռադիոլոգիի» և արտասահմանյան մի շարք ամսագրերում։ ՀԽՍՀ-ում գիտական հիմնադիրը Բ․ Ֆանարջյանն է, որի նախաձեռնությամբ 1946 թվականին հիմնվել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության ԳՀԻ (1977 թվականից՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստիտուտ Բ․ Ֆանարջյանի անվան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։