Jump to content

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
Տեսակկազմակերպություն և հաստատություն
Երկիր Հայաստան[1]
Հիմնադրված1946[1]
ՂեկավարՆարեկ Մանուկյան
Կայքoncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոն[2][3], Հայաստանի միակ բազմապրոֆիլ մասնագիտացված կենտրոնը[4], որտեղ իրականացվում է տարաբնույթ նորագոյացությունների ախտորոշում և բուժում։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ, իսկ արդեն 1985 թվականին վերանվանվել Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի։

Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը  հիմնադրվել է 1946 թվականին Խորհրդային միության Ժողկոմիսարների խորհրդի հրամանագրով։

Ինստիտուտի առաջին տնօրենը դոկտոր-պրոֆեսոր Վարֆոլոմեյ (Բարդուղեմիոս) Ֆանարջյանն էր։ Ինստիտուտը տեղակայված էր Թումանյան 8 հասցեում գտնվող եռահարկ շենքում։ Այն ուներ մեկ վիրահատարան և 100 ստացիոնար մահճակալ։ Հենց այս ինստիտուտում է դրվում ուռուցքաբանական տարբեր ուղղությունների հիմքը։ Ինստիտուտի հիմնադիրներն են դոկտոր-պրոֆեսոր Գեորգի Դանիելյանը (օնկովիրաբուժություն), դոկտոր Էմանուել Ղազարյանը (քիմիաթերապիա), Թամարա Մախմուրյանը (ռադիոգինեկոլոգիա), դոկտոր-պրոֆեսոր Գալինա Արզումանյանը (բջջաբանություն), Շաքե Փափազյանը (պաթոհիստոլոգիա), Հրանտ Գրիգորյանը (Ճառագայթային թերապիա), Հրաչ Սաղաթելյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Զարեհ Մովսեսյանը (ռենտգենաբանություն)։ Ինստիտուտն ուներ նաև էքսպերիմենտալ բաժին, որտեղ գիտական փորձեր էին արվում կենդանիների վրա։

1960-ականներին ինստիտուտին կից, Ալավերդյան 85 հասցեում կառուցված նոր 4 հարկանի շենքում բացվում է Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, որի գլխավոր բժիշկն էր դոկտոր-պրոֆեսոր Կարապետ Բազիկյանը։

Վ․Ա․ Ֆանարջյանի մահից հետո, 1977 թվականին Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտին շնորհվում է նրա անունը։ Տնօրեն է նշանակվում Լևոն Մկրտչյանը, որը պաշտոնավարում է մինչև 1999 թվականը։

1981 թվականին ինստիտուտը տեղափոխվում է Քանաքեռում կառուցված նոր շենքային համալիր, որտեղ և գործում է մինչ օրս։

Նոր համալիրում, որն ուներ 500 ստացիոնար մահճակալ, տարբեր տարիներին հիմնադրվում են նոր բաժանմունքներ՝ որովայնային, գլխի և պարանոցի, օնկուրոլոգիական, օնկոգինեկոլոգիական, թորակալ, նեյրոօնկոլոգիական, ոսկրային ուռուցքաբանության, մանկական ուռուցքաբանության, օնկոպրոկտոլոգիական, ամբուլատոր և այլն, ընդլայնվում են ախտորոշիչ հնարավորությունները։

1985 թվականին Կառավարության որոշմամբ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը վերանվանվում է, դառնալով Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոն։

1999-2002թթ. Կենտրոնի տնօրենն էր դոկտոր-պրոֆեսոր Վալերի Բարսեղյանը։

2002 թվականից մինչև 2014 թվականը կենտրոնը ղեկավարում է ԳԱԱ թղթակից անդամ   Հայրապետ Գալստյանը։

2004 թվականին տեղի է ունենում օպտիմալացում՝ Կ․ Բազիկյանի անվան Հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի և Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության գիտական կենտրոնի միավորմամբ ստեղծվում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը։

2014 – 2019թթ․ կենտրոնը ղեկավարում է դոկտոր-պրոֆեսոր Արմեն Տանանյանը, որի օրոք ներդրվում են նոր ուղղություններ՝ ինտերվենցիոն ռադիոլոգիա և բուժում յոդի ռադիոկտիվ իզոտոպով։

2019 թվականից մինչ օրս կենտրոնի տնօրենն է Նարեկ Մանուկյանը[4]։

2021 թվականից սկսած Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում և անցակացնում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը[5]։ Կոնգրեսի նպատակն է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի քաղաքականության և ռազմավարության քննարկումը, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացումը հայ և արտերկրյա ճանաչված մասնագետների մասնակցությամբ։

Ազգային կենտրոնը համագործակցում է միջազգային մի շարք կազմակերպությունների և արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ։

Կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N962-Ա որոշմամբ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը միացվել է ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնին[6]։

Բաժանմունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուռուցքաբանության ազգային կենտրոնն ունի հետևյալ բաժանմունքները․

  1. Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունք և ընդունարան
  2. Ախտորոշման ծառայություն
  3. Կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունք
  4. Կլինիկական կենսաքիմիայի և իմունաբանության լաբորատորիա
  5. Ընդհանուր և մանկական քիմիաթերապևտիկ ծառայություն
  6. Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք
  7. Թորակալ վիրաբուժության բաժանմունք[7]
  8. Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունք
  9. Օնկոգինեկոլոգիական բաժանմունք
  10. Օնկոուրոլոգիական բաժանմունք[7]
  11. Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունք[2]
  12. Մամոլոգիայի բաժանմունք
  13. Կանանց առողջության կլինիկա
  14. Վերակենդանացման և անէսթեզիոլոգիայի բաժանմունք
  15. Վիրահատարան
  16. Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք
  17. Ճառագայթային գինեկոլոգիայի բաժանմունք
  18. Նեյրոօնկոլոգիական բաժանմունք
  19. Պալեատիվ թերապիայի բաժանմունք։

Գիտակրթական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը դեռևս 40-ական թվականներից ունեցել է Գիտական խորհուրդ։ Ներկայումս Խորհրդի նախագահն է բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը, իսկ գիտական քարտուղարը՝ բ.գ.թ Աննա Թադևոսյանը։

Գիտական խորհուրդի հիմնական գործառույթներից են ՈւԱԿ-ի գիտական գործունեության ուղղությունները սահմանելը, կենտրոնուում կատարվող կարևորագույն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների մասին պարբերական հաշվետու-ներկայացումները, մենագրությունների, հոդվածների, ժողովածուների և այլ նյութերի հրատարակության երաշխավորումը և այլն։

Գիտական խորհրդի շրջանակում գոծում է 2 ատենախոսական խորհուրդ՝ Ուռուցքաբանություն (ԺԴ.00.08)  և Բժշկական ռադիոլոգիա (ԺԴ.00.11)[8]:

2017թ.-ին Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում հիմնվել է բժշկական ամսագիր` «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագիր»։ Գիտական ամսագիրը հաստատված է ԲՈԿ-ի կողմից ու ընդգրկված թեկնածուական ատենախոսությունների ցանկում։ Ամսագրում հրապարակման նպատակով ընդունվում են հոդվածներ նվիրված ոչ միայն ուռուցքաբանությանը, այլ նաև կլինիկական բժշկության այլ բնագավառների։

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնների ուսումնական բազա։

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնը նորագոյացությունների բուժման առաջատար մասնագիտացված բազմապրոֆիլային կենտրոնն է Հայաստանում։

Կենտրոնում իրականացվում է․

  • Համալիր ախտորոշում՝
    • ուլտրաձայնային հետազոտություններ
    • ռենտգեն
    • համակարգչային շերտագրում
    • մամոգրաֆիա
    • դենսիտոմետրիա
    • սցինտիգրաֆիա
    • բրոնխոսկոպիա
    • էնդոսկոպիկ հետազոտություններ (կոլոնոսկոպիա, գաստրոսկոպիա)
    • դերմատոսկոպիա
    • բիոպսիա
    • լաբորատոր հետազոտթյուններ
    • բջջաբանական հետազոտություններ
    • հյուսվածաբանական հետազոտություններ
    • իմունահյուսվածաքիմիական հետազոություններ
  • Ուռուցքների համալիր բուժում՝
    • վիրահատական բուժում բաց և էնդոսկոպիկ եղանակով
    • քիմիաթերապիա
    • ճառագայթային թերապիա
    • բուժում յոդի ռադիոակտիվ իզոտոպով
  • Պալիատիվ թերապիա։

Տարեկան ՈւԱԿ-ոում բուժում է ստանում մոտ 14000-15000 պացիենտ, կատարվում է մոտ 4000 վիրահատություն[4], 7000 քիմիաթերապևտիկ կուրս[9] եւ 1500 ճառագայթային թերապիայի կուրս։ Ամբուլատոր հաճախումները տարեկան մոտ 25 000- 30 000 են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GRID Release 2018-02-08 — 2018-02-08 — 2018. — doi:10.6084/M9.FIGSHARE.5873451
  2. 2,0 2,1 «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բաժանմունքներ են բացվել». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Մրցակցությունը հանգեցրել է ուռուցքաբանության զարգացմանը. մեկնարկել է ուռուցքաբանների կոնգրեսը». armenpress.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն - Ամեն ինչ քաղցկեղի մասին». cancer.am.
  5. Հայկական Ուռուցքաբանական Կոնգրես՝ օր առաջին, Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին
  6. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». e-gov.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 18-ին.
  7. 7,0 7,1 «Ուռուցքաբանության ազգային կենտրոնում շարունակվում են բարեփոխումները». infocom.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի (ֆոտո) | NEWS.am Medicine - Ամենը առողջության եւ բժշկության մասին». med.news.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]