Ջիա Քարիդեսը ծնվել է 1964 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում (Նոր Հարավային Ուելս նահանգ, Ավստրալիա), հույնի և անգլուհու ընտանիքում[2], ազատ տիրապետում է ինչպես անգլերենին, այնպես էլ հունարենին։ Քարիդեսն ունի երկու քույր՝ դերասանուհի Զոի Քարիդեսը (ծնվել է 1962 թվականին) և երգչուհի ու երգերի հեղինակ Դանիել Քարիդեսը։ Նրանք սովորել են Չատսվուդի միջնակարգ դպրոցում Մարկ Թեյլորի հետ միասին, որը ներկայում կրիկետի հայտնի խաղացող է։ Ջիա Քարիդեսն իր դերասանական կարիերան սկսել է 12 տարեկանում։ Առաջին ֆիլմը, որում նա նկարահանվել է, եղել է «Սիրային նամակներ Թերալբա ռոուդից» (անգլ.՝ «The Love Letters from Teralba Road») դրաման, որի գլխավոր դերերը կատարել են Բրայան Բրաունն ու Քրիս Մաքվեյդը։ Որպես դերասան-կամավոր մասնակցել է Երիտասարդ պատմողների ծրագրին։ Կինոկարիերայից բացի մի որոշ ժամանակ աշխատել է երեխաների խնամքի կենտրոնում Լեյն Քոուվում (Սիդնեյի ծայրամաս)։
Առավել հայտնի է «Կանոններին համապատասխան» ֆիլմում կատարած Լիզ Հոլթի, «Փայլուն ստեր» ֆիլմում՝ Սյուզի Քոնորի և «Իմ մեծ հունական հարսանիքը» ֆիլմում՝ զարմուհի Նիքիի դերերով։
1998-2016 թվականներին Քարիդեսն ամուսնացած է եղել դերասան Էնթոնի Լապալյայի հետ, որից ունեցել է դուստր՝ Բրիջեթը (ծնվել է 2003 թվականի հունվարին)[3][4]։ Դերասանուհի Նաոմի Ուոթսի մտերիմ ընկերուհին է[5]։