Պարսկական արշավանք (1796)
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարսկական արշավանք (այլ կիրառումներ)
Պարսկական արշավանք 1796, ռուսական զորքերի արշավանքը Ղաջարական Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները (գեներալ-պորուչիկ Վ․ Ա․ Զուբովի գլխավորությամբ), նպատակն էր իրագործել 18-րդ դարի 80-ական թվականներին ռուսական կառավարության մշակած ծրագրերը, որից մեկն էլ Հարավային Կովկասում հայկական պետականության վերականգնումն էր։
Արշավանքի անմիջական առիթը Աղա-Մահմեդ խան Ղաջարի 1795 թվականի արշավանքն էր Հարավային Կովկաս և Թիֆլիսի գրավումն ու ավերումը (սեպտեմբերի 12)։ Գեորգիևսկի պայմանագրով Վրաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունների համաձայն, 1796 թվականի ապրիլին ռուսական Կասպիական 13 հազարանոց կորպուսը շարժվեց դեպի Պարսկաստանի մերձկասպյան տիրույթները։
Մայիսի 10-ին գրոհով վերցվեց Դերբենտը, հունիսի 15-ին առանց մարտերի՝ Բաքուն և Ղուբան։ Նոյեմբերին ռուսական զորքերը հասան Կուրի և Արաքսի խառնարանին։ Արշավանքի ժամանակ ռուսական զորքերին ուղեկցում էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը, որը մեծ ծառայություններ մատուցեց ռուսական հրամանատարությանը՝ տեղական մանր տիրակալների հետ հարաբերությունները կարգավորելու, ռուսական զորքերի մատակարարումը ապահովելու գործում և այլն։ Եկատերինա II-ի մահից (1796 թվականի նոյեմբեր) հետո Պավել I -ը փոխեց ռուսական արտաքին քաղաքականությունը։ 1796 թվականի դեկտեմբերին ռուսական զորքերը ետ կանչվեցին Հարավային Կովկասից և ձեռք բերված հաջողությունները ի չիք դարձան։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 208)։ |