Պատճենում (լեզվաբանություն)
Պատճենում, փոխառության եղանակ, ձև, երբ լեզվական միավորը՝ բառը, կայուն բառակապակցությունը, դարձվածաբանական միավորը, արտահայտությունը (երբեմն նաև նախադասությունը) ստեղծվում է այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Կաղապարող տարրերն այս դեպքում մայրենի բառակազմական նյութից են կամ և՛ մայրենի, և՛ այլալեզու միավորներից։ Ըստ լեզվական միավորների փոխառության տեսակի և եղանակի զանազանում են պատճենման մի քանի տեսակներ՝ բառային (բառապատճենում), դարձվածքային, իմաստային, կառուցվածքային (բառակազմական, կաղապարային), նաև շարահյուսական, երբեմն առանձնացնում են նաև մասնակի պատճենում (կիսապատճենում)[1]։
Բառապատճենումները դրսևորվում են իմաստային կամ կառուցվածքային եղանակներով, կարող են լինել լրիվ (լիակատար) և մասնակի։
Ըստ դրսևորման եղանակի
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմաստային պատճենումներում կաղապարային նշանակումներ չեն լինում կամ գրեթե չեն լինում. կարևորը փոխատու լեզվի հետևողությամբ բառ կազմելն է, ինչպես հայերեն «բացատ» բառն այժմ օգտագործվում է անգլերեն space կամ ռուսերեն пробел բառերի իմաստով։
Օր.՝ гараж > ավտոտնակ, концерт > համերգ, спортсмен > մարզիկ։ Գլուխ բառի «գրքի գլուխ» իմաստավորումը կատարված է հունարենի հետևողությամբ, միջին հայերենում արաբերենի հետևողությամբ «գրքի գլխի» համար գործածվում էր դուռն բառը։
Կառուցվածքային պատճենումներում զուգահեռությունը և՛ իմաստային, և՛ կաղապարային է. օր.՝ Eurovision > Եվրատեսիլ (Euro > Եվր(ա), vision > տեսիլ), ударник > հարվածային, подполье > ընդհատակ, паровоз > շոգեքարշ, самосвал > ինքնաթափ, противогаз > հակագազ, самолет > ինքնաթիռ։ Կաղապարային ընդհանրությունը կարող է բացարձակ չլինել, ինչպես՝ космический корабль > տիեզերանավ, опытное поле > փորձադաշտ, красногвардеец > կարմիր գվարդիական։ Պատճենումի հարաբերակցող բաղադրիչները՝ կաղապարատարրերը, կարող են իմաստով նույնական լինել կամ հանդես գալ մերձավոր նշանակություններով (հմմտ.՝ пулемет > գնդացիր) կամ դրսևորվել ոչ նույնական հաջորդականությամբ, օր.՝ metropolis > քաղաքամայր, այժմ՝ մայրաքաղաք։ Դարձվածքային պատճենումներից են, օր.՝ медвежья услуга > արջի ծառայություն, пятая колонна > հինգերորդ շարասյուն։
Մասնակի պատճենումների՝ կիսապատճենումների կաղապարատարրերը արտահայտվում են և՛ փոխառյալ, և՛ մայրենի միավորներով, ինչպես՝ автостоянка > ավտոկանգառ, электростанция > էլեկտրակայան, кинозвезда > կինոաստղ։
Հայերենում պատճենումներ կատարվել են դեռևս գրաբարի վաղ շրջանից սկսած։
Օրինակներ հայերենում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջին պարսկերենից
- šāhān šāh - արքայից արքա
- Պարթևերեն
- šahr-’ār - աշխարհակալ
- Հունարենից
- Βουλευτήριον - խորհրդարան
- αυτουργία - ինքնագործություն
- διάλογος - տրամաբան
- ἔντομον - միջատ
- Լատիներենից [փա՞ստ]
- dens sapientiae - իմաստության ատամ
- tri-angulum - եռանկյունի
- Իտալերենից
- pianoforte - դաշնամուր (piano = փափուկ, մեղմ, forte = ամուր)
- Ֆրանսերենից
- dentelle - ժանյակ
- Ռուսերենից
- наезд - վրաերթ
- голо-лёд - մերկասառույց
- плоскогубцы - տափաշուրթ (աքցան)
- Անգլերենից
- sky scraper - երկնաքեր
Այլ լեզուներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ լեզուներում «թարգմանել» բառը պատճենված է լատիներեն translatio բառից, որն էլ իր հերթին կազմվել է transferre - փոխադրել բայից։ Օրինակ, գերմաներեն՝ Übersetzung, ռուսերեն՝ перевод և այլն։
Ընկալում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բառապատճենումները սովորաբար չեն ընկալվում որպես փոխառություն, քանի որ դրանք կազմված են սեփական լեզվի մասնիկներից։ Իրար մոտ լեզուների դեպքում երբեմն դժվար է բառապատճենումը տարանջատել փոխառությունից կամ նույնիսկ սովորական բառից։ Օրինակ, հոլանդերեն schipbreuk (նավաբեկություն) բառը նույն ձևով է կազմված, ինչ գերմաներեն Schiffbruch-ը, սակայն դրանք հավանաբար իրարից անկախ են ձևավորվել։
Ոչ միշտ է բառապատճենումն ընդունելի համարվում տվյալ լեզվում։ Եթե այն հարազատ չէ այդ լեզվի ձևաբանությանը, ապա համարվում է օտարաբանություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 514-515։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիբառարան. Հին հայերեն բառապատճենումներ և Հայերեն բառապատճենումներ կատեգորիաների հոդվածներ։
- Իրանիկա Հանրագիտարան, Պարսկական ազդեցությունը հայոց լեզվում (անգլերեն)։
- Գ.Ս. Մուրադյան, Փիլոն Ալեքսանդրացու երկրերի գրաբար թարգմանությունների լեզվական որոշ առանձնահատկությունները, 168 էջ։