Պատճենում (լեզվաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատճենում, փոխառության եղանակ, ձև, երբ լեզվական միավորը՝ բառը, կայուն բառակապակցությունը, դարձվածաբանական միավորը, արտահայտությունը (երբեմն նաև նախադասությունը) ստեղծվում է այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Կաղապարող տարրերն այս դեպքում մայրենի բառակազմական նյութից են կամ և՛ մայրենի, և՛ այլալեզու միավորներից։ Ըստ լեզվական միավորների փոխառության տեսակի և եղանակի զանազանում են պատճենման մի քանի տեսակներ՝ բառային (բառապատճենում), դարձվածքային, իմաստային, կառուցվածքային (բառակազմական, կաղապարային), նաև շարահյուսական, երբեմն առանձնացնում են նաև մասնակի պատճենում (կիսապատճենում)[1]։

Բառապատճենումները դրսևորվում են իմաստային կամ կառուցվածքային եղանակներով, կարող են լինել լրիվ (լիակատար) և մասնակի։

Ըստ դրսևորման եղանակի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաստային պատճենումներում կաղապարային նշանակումներ չեն լինում կամ գրեթե չեն լինում. կարևորը փոխատու լեզվի հետևողությամբ բառ կազմելն է, ինչպես հայերեն «բացատ» բառն այժմ օգտագործվում է անգլերեն space կամ ռուսերեն пробел բառերի իմաստով։

Օր.՝ гараж > ավտոտնակ, концерт > համերգ, спортсмен > մարզիկ։ Գլուխ բառի «գրքի գլուխ» իմաստավորումը կատարված է հունարենի հետևողությամբ, միջին հայերենում արաբերենի հետևողությամբ «գրքի գլխի» համար գործածվում էր դուռն բառը։

Կառուցվածքային պատճենումներում զուգահեռությունը և՛ իմաստային, և՛ կաղապարային է. օր.՝ Eurovision > Եվրատեսիլ (Euro > Եվր(ա), vision > տեսիլ), ударник > հարվածային, подполье > ընդհատակ, паровоз > շոգեքարշ, самосвал > ինքնաթափ, противогаз > հակագազ, самолет > ինքնաթիռ։ Կաղապարային ընդհանրությունը կարող է բացարձակ չլինել, ինչպես՝ космический корабль > տիզերանավ, опытное поле > փորձադաշտ, красногвардеец > կարմիր գվարդիական։ Պատճենումի հարաբերակցող բաղադրիչները՝ կաղապարատարրերը, կարող են իմաստով նույնական լինել կամ հանդես գալ մերձավոր նշանակություններով (հմմտ.՝ пулемет > գնդացիր) կամ դրսևորվել ոչ նույնական հաջորդականությամբ, օր.՝ metropolis > քաղաքամայր, այժմ՝ մայրաքաղաք։ Դարձվածքային պատճենումներից են, օր.՝ медвежья услуга > արջի ծառայություն, пятая колонна > հինգերորդ շարասյուն։

Մասնակի պատճենումների՝ կիսապատճենումների կաղապարատարրերը արտահայտվում են և՛ փոխառյալ, և՛ մայրենի միավորներով, ինչպես՝ автостоянка > ավտոկանգառ, электростанция > էլեկտրակայան, кинозвезда > կինոաստղ։

Հայերենում պատճենումներ կատարվել են դեռևս գրաբարի վաղ շրջանից սկսած։

Օրինակներ հայերենում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին պարսկերենից
  • šāhān šāh - արքայից արքա
Պարթևերեն
  • šahr-’ār - աշխարհակալ
Հունարենից
  • Βουλευτήριον - խորհրդարան
  • αυτουργία - ինքնագործություն
  • διάλογος - տրամաբան
  • ἔντομον - միջատ
Լատիներենից ‌[փա՞ստ]
  • dens sapientiae - իմաստության ատամ
  • tri-angulum - եռանկյունի
Իտալերենից
  • pianoforte - դաշնամուր (piano = փափուկ, մեղմ, forte = ամուր)
Ֆրանսերենից
  • dentelle - ժանյակ
Ռուսերենից
  • наезд - վրաերթ
  • голо-лёд - մերկասառույց
  • плоскогубцы - տափաշուրթ (աքցան)
Անգլերենից
  • sky scraper - երկնաքեր

Այլ լեզուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ լեզուներում «թարգմանել» բառը պատճենված է լատիներեն translatio բառից, որն էլ իր հերթին կազմվել է transferre - փոխադրել բայից։ Օրինակ, գերմաներեն՝ Übersetzung, ռուսերեն՝ перевод և այլն։

Ընկալումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառապատճենումները սովորաբար չեն ընկալվում որպես փոխառություն, քանի որ դրանք կազմված են սեփական լեզվի մասնիկներից։ Իրար մոտ լեզուների դեպքում երբեմն դժվար է բառապատճենումը տարանջատել փոխառությունից կամ նույնիսկ սովորական բառից։ Օրինակ, հոլանդերեն schipbreuk (նավաբեկություն) բառը նույն ձևով է կազմված, ինչ գերմաներեն Schiffbruch-ը, սակայն դրանք հավանաբար իրարից անկախ են ձևավորվել։

Ոչ միշտ է բառապատճենումն ընդունելի համարվում տվյալ լեզվում։ Եթե այն հարազատ չէ այդ լեզվի ձևաբանությանը, ապա համարվում է օտարաբանություն։


Օգտագործված աղբյուրներ


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 514-515։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]