Շնասայլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19-րդ դարավերջի ֆոտոքրոմ լուսանկար, որի վրա պատկերված է Բրյուսելի մերձակայքում շնասայլակի վրայից կաթ վաճառող երկու շրջիկ կաթնավաճառ

Շնասայլակը սայլ է, որին լծված է մեկ կամ մի քանի շուն։ Հնում դրանք կիրառվում էին առևտրական և տրանսպորտային նպատակների համար։ Այժմ դրանք հազվադեպ են կիրառվում մարզական կամ ժամանցային միջոցառումներից դուրս։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան փափ-մոբիլից

Երկու և ավելի շներով շնասայլերն ավանդաբար օգտագործվում էին Բելգիայում և Հոլանդիայում` կաթ, հաց և այլ ապրանքներ տեղափոխելու համար[1]։ Վաղ վիկտորիական ժամանակաշրջանի Բրիտանիայում շնասայլակներ հիմնականում օգտագործում էին հացթուխները, ինչով անհարմարություն էին ստեղծում հետիոտների համար[2]։ Վաղ 1900-ականներին Բրիտանիայում արգելվեց շնասայլակների օգտագործումը` կենդանիների բարեկեցության նկատառումներով։ Ներկայում շնասայլակներ հազվադեպ օգտագործվում են Ֆրանսիայում և Բելգիայում` կաթը ֆերմայից կաթնարան հասցնելու համար։ 1887 թ. Գերմանիայում ստեղծվեցին շնասայլակների շահագործումը կարգավորող օրենքներ[3]։ 1925 թ.նման օրենք ընդունվեց նաև Ֆրանսիայում։ 20-րդ դարասկզբին Ալյասկայում գործում էր փափ-մոբիլ (անգլ.՝ pup-mobile) տրանսպորտը, որի միջոցով երկաթգծային տեղափոխություն էր իրականացվում շներին լծված ռելսային տրանսպորտով[4]։

Մեկ շնով շնասայլեր երբեմն օգտագործում էին շրջիկ վաճառականները։ Առաջին աշխարհամարտի տարիներին շներին օգտագործում էին որպես լծկան կենդանիներ` դաշտային հրանոթներ տեղափոխելու համար։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային բանակում շներին օգտագործում էին վիրավոր զինվորներով պատգարակները տեղափոխելու համար։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայնրիխ Ցիլե. Ծեր տիկինը շնասայլակով

Գերմանացի նկարիչ Ադոլֆ ֆոն Մենցելի վրձնին է պատկանում «Քարշաշունը և կատուն» կտավը։ Թեոդոր Ֆոնտանեի գործերից շատերում նկարագրված են քարշաշները, մասնավորապես` «Կեղծ շփոթություն» վեպում (1888) նկարագրված են այգեգործի և նրա շան փոխհարաբերությունները։ Աննա Վիմշնայդերի ինքնակենսագրական «Աշնանային կաթ» աշխատությունում (1985) հանդիպում է մի ձվավաճառ, ով ձվերը վաճառքի էր տանում շնասայլակով։

Վալոներենում կա` Pôves nozôtes et les tchéns d'tcherete («Խեղճ ենք մենք և քարշաշները») ժողովրդական արտահայտությունը, որը նշանակում է, թե ինչքան էլ մեկի վիճակը վատ լինի, միշտ ավելի վատ վիճակում գտնվող մեկը կա։

Ժամանակակից կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորագույն ժամանակներում կա քարթինգ երևույթը (հիմնականում` մարզական նպատակներով), որի ժամանակ խոշոր շները տեղափոխում են սայլը, որի մեջ կարող է նաև մարդ լինել։ Դա ունի նմանություններ շնասահնակի հետ` երբ շների խումբը քաշում է սահնակը ձյան և սառույցի վրայով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dogcarts & Lioncarts. The Messybeast.
  2. The History and Antiquities of the Parish of Stoke Newington in the County of Middlesex: Containing an Account of the Prebendal Manor, the Church, Charities, Schools, Meeting Houses, &c., with Appendices . 1842. էջ 18. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  3. Staatsarchiv Marburg unter den Aktenzeichen 180 HEF 1365 und 1369 archiviert. B. Miehe, Gershausen, Heimatkalender des Kreises Hersfeld-Rotenburg (1986, S.69)
  4. Frank G. Carpenter: Alaska – Our Northern Wonderland. 1923, Chapter XXV: The Dog Derby of Alaska, S. 197 (Էջեր և լուսանկարներ).