Jump to content

Նատալյա Խերշե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Խերշե
Ծնվել էհոկտեմբերի 20, 1969(1969-10-20) (55 տարեկան)
ԾննդավայրՕրշա, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Բելառուս և  Շվեյցարիա
ԿրթությունՕրշայի պետական ​​մեխանիկական և տնտեսագիտական ​​քոլեջ և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան
ՄասնագիտությունՔաղաքական բանտարկյալ
ԱշխատավայրՕրշայի շրջանային գործադիր կոմիտե
Պարգևներ և
մրցանակներ

Նատալյա Անատոլևնա Խերշե (ծննդյամբ՝ Նատալյա Անատոլևնա Կասյան, բելառուս․՝ Наталля Хершэ; գերմ.՝ Natallia Hersche / Natalie Hersche, հոկտեմբերի 20, 1969(1969-10-20), Օրշա, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին բելառուս-շվեյցարացի քաղբանտարկյալ[2]։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Բելառուսի դատարանի կողմից դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ նույն տարվա սեպտեմբերին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերից մեկին մասնակցելու ժամանակ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի սպայի գլխարկ-դիմակը մասամբ պատռելու և վնասելու համար[3]։ 2021 թվականի սեպտեմբերից պատիժը կրել է Մոգիլյովի տղամարդկանց բանտում։ Ազատ է արձակվել 2022 թվականի փետրվարի 18-ին՝ 17 ամիս բանտարկությունից հետո, թեև նրա ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց երթ 2020 թվականի օգոստոսի 29-ին Մինսկում։ Նման միջոցառման ժամանակ Խերշեն ձերբակալվել է

Նատալյան ծնվել է Օրշայում, ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, որից հետո աշխատել է հայրենի քաղաքում։ Մոտավորապես, 2009 թվականին նա ամուսնացել է շվեյցարացու հետ և տեղափոխվել Սանկտ Գալլեն։ Սկզբում աշխատել է գարեջրի գործարանում, այնուհետև սպասքի արտադրության ընկերության որակի հսկողության բաժնում։ Ամուսնու մահից հետո նորից է ամուսնացել։ Նատալյան երկու երեխա ունի իր առաջին ամուսնությունից[5]։

2020 թվականի սեպտեմբերի 11-ին Խերշեն կարճ ժամանակով մեկնել է Մինսկ և ծրագրել է վերադառնալ սեպտեմբերի 21-ին։ Սեպտեմբերի 19-ին Մինսկում ընկերուհու հետ հանդիպելուց հետո նա մասնակցել է «կանանց երթին»[6]։ Երթի ընթացքում բելառուսական ուժայինները սկսել են բերման ենթարկել մասնակիցներին, իսկ Նատալյան դիմադրել է Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի սպա Սերգեյ Կոնչիկին՝ բռնելով նրա գլխարկ-դիմակից։ Սկզբում Նատալյան կալանավորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23.34-րդ հոդվածով՝ «Մասնակցություն չարտոնված զանգվածային միջոցառմանը», բայց հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով՝ «Ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցուցաբերելը»[6]։ Խերշեն որոշ ժամանակ անցկացրել է նույն բանտախցում բասկետբոլիստ Ելենա Լևչենկոյի հետ, ով ազատ արձակվելուց հետո խոսել է գերբնակեցված խցերի մասին, որոնք ստիպել են որոշ բանտարկյալների քնել հատակին, մաքուր ջրի և հիգիենայի պարագաների բացակայության մասին[7]։ Ձերբակալության պատճառով նա չի կարողացել վերադառնալ Շվեյցարիա։ Դատավարության ժամանակ Սերգեյ Կոնչիկը հայտարարել է, որ ինքը ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է կրել և իր վնասը գնահատել է 500 բելառուսական ռուբլի (մոտ 200 դոլար), այնուհետև վնասի չափը հասցրել է 1000 ռուբլու (մոտ 400 դոլար)։ Խերշեն չի հերքել, որ փորձել է հանել դիմակը, սակայն պնդել է, որ ինքը չի դիպել Կոնչիկի դեմքին[8]։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Մինսկ քաղաքի Խորհրդային շրջանի դատավոր Սերգեյ Շատիլոն Խերշեին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում[6]։ Ըստ բելառուս իրավապաշտպանների՝ Խերշեի գործողություններում չեն եղել դիմադրության ակնհայտ նշաններ, և պատիժը անհամաչափ է նրա գործողություններին[2]։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ-ի առաջարկություններին, ըստ որոնց՝ իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքները[2]։

Խերշեի բանտարկությունը ազդել է բելառուս-շվեյցարական հարաբերությունների վրա և շվեյցարական խոշոր հրատարակությունները սկսել են պարբերաբար հրապարակել նրա մասին նյութեր[9][10][11][12]։ Շվեյցարացի պատգամավորները և «Libereco» իրավապաշտպանական կազմակերպությունը արշավ են սկսել նրա ազատ արձակման համար[13]։

Սկզբում Նատալյա Խերշեն պատիժը կրել է Գոմելի կանանց գաղութում։ Նա հրաժարվել է հագուստ կարել ոստիկանության և բանակի համար և 2021 թվականի սեպտեմբերին նրան տեղափոխել են Մոգիլյովի տղամարդկանց բանտ, ինչը հազվադեպ դեպք է, երբ կնոջը տեղափոխում են տղամարդկանց ուղղիչ հաստատություն[14][15]։ Բելառուսի իշխանությունները փորձել են համոզել Նատալյային ներման խնդրագիր գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի անունով, սակայն նա հրաժարվել է դա անել՝ հայտարարելով իր անմեղության մասին[16]։ 2021 թվականի սեպտեմբերին Նատալյայի ամուսինը որոշել է խզել նրա հետ ամուսնական հարաբերությունները[17]։

Ի նշան կալանավայրի վատ պայմանների և նամակագրության արգելափակման դեմ բողոքի՝ նա երեք անգամ հացադուլ է հայտարարել՝ 2021 թվականի հունվարին և մարտին, ինչպես նաև 2022 թվականի հունվարի վերջին[18]։

Խերշեն ազատ է արձակվել 2022 թվականի փետրվարի 18-ին՝ 17 ամիս բանտարկությունից հետո, թեև նրա ժամկետը լրանալու էր 2023 թվականի հունվարին[4][19][20][21]։ Նույն օրը նա Ստամբուլով մեկնել է Շվեյցարիա։ Նրա եղբոր՝ Գենադիի խոսքով, Նատալյան ներման խնդրագիր չի գրել։ Ոչ նա, ոչ էլ Գենադին չգիտեն, թե ինչ որոշումների կամ պայմանավորվածությունների արդյունքում է նա ազատ արձակվել։ Ավելի վաղ նա ասել է, որ քրոջը մի քանի անգամ համոզել են ներման խնդրագիր գրել, սակայն նա հրաժարվել է դա անել։ Մինչ այդ Շվեյցարիան երկար ժամանակ ձգտել է ազատ արձակել իր քաղաքացուն։ Ենթադրաբար, դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նոր դեսպանը ժամանել է Բելառուսի Հանրապետություն և իր հավատարմագրերի պատճենը հանձնել արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին[22][23]։ Նատալյայի ազատ արձակման օրը Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսն իր Twitter-ում գրել է․ «Ուրախ եմ, որ Շվեյցարիայի դիվանագիտական ջանքերն արդյունք տվեցին։ Բելառուսում Շվեյցարիայի դեսպանատան հետ միասին մենք շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման համար»[24]։

Նատալյան իր բանտային կյանքը նկարագրել է հետևյալ կերպ․ «Այն, ինչի միջով ես անցա, խոշտանգումներ էին, դա այլ կերպ ես չեմ կարող կոչել»[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://nashaniva.com/348552
  2. 2,0 2,1 2,2 HRDs demand to release political prisoner Natallia Hershe
  3. Заявление ПЦ "Весна" о признании Натальи Херше политической заключённой
  4. 4,0 4,1 «Поздравляем, Наталья свободна». Рассказываем, как прошло освобождение политзаключенной Херше
  5. «Наталля Хершэ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 Профиль а сайте правозащитного центра Весна-96
  7. Как гражданка Швейцарии оказалась в белорусской тюрьме и что там увидела
  8. «Все знают, что Лукашенко диктатор». Муж гражданки Швейцарии — о её аресте в Минске
  9. «Heiss duschen dürfen wir einmal in der Woche — immer am Montag»
  10. St.Gallerin in belarussischem Gefängnis: Natallia Hersche befindet sich erneut im Hungerstreik — offenbar seit 13 Tagen
  11. Ein Land wird zum Gefängnis
  12. Belarus verurteilt Schweizerin zu 30 Monaten
  13. Jailed Swiss-Belarus citizen on hunger strike in Minsk
  14. «Это крайний метод воздействия». Политзаключенную Херше переводят в тюрьму — что с ней будет?
  15. Брат белорусской политзаключенной Натальи Херше рассказал о ее переводе из колонии в тюрьму
  16. Political prisoner Natallia Hersche refuses to ask for pardon insisting she is innocent
  17. «Муж политзаключенной Натальи Херше подал на развод». Euroradio.fm. 2021 թ․ սեպտեմբերի 29.
  18. Наталья Херше объявила голодовку в могилёвской тюрьме
  19. «Я не буду шить штаны для этой власти». Большое интервью с Натальей Херше
  20. Интервью Натальи Херше для Еврорадио
  21. Интервью Натальи Херше для белорусской службы "Радио Свобода"
  22. Новый посол Швейцарии в Беларуси вручила копии верительных грамот Владимиру Макею
  23. Кто победил и кто проиграл в деле освобождения Натальи Херше?(չաշխատող հղում)
  24. Твит Иньяцио Кассиса
  25. «Под голову иногда клала обувь, так как не имела ни подушки, ни матраса». Интервью с Натальей Херше — о колонии, муже и непреклонности(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]