Նատալյա Խերշե
Նատալյա Խերշե | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1969 (54 տարեկան) |
Ծննդավայր | Օրշա, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Բելառուս և Շվեյցարիա |
Կրթություն | Օրշայի պետական մեխանիկական և տնտեսագիտական քոլեջ և Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | Քաղաքական բանտարկյալ |
Աշխատավայր | Օրշայի շրջանային գործադիր կոմիտե |
Նատալյա Անատոլևնա Խերշե (ծննդյամբ՝ Նատալյա Անատոլևնա Կասյան, բելառուս․՝ Наталля Хершэ; գերմ.՝ Natallia Hersche / Natalie Hersche, հոկտեմբերի 20, 1969, Օրշա, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), նախկին բելառուս-շվեյցարացի քաղբանտարկյալ[1]։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Բելառուսի դատարանի կողմից դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման՝ նույն տարվա սեպտեմբերին Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերից մեկին մասնակցելու ժամանակ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի սպայի գլխարկ-դիմակը մասամբ պատռելու և վնասելու համար[2]։ 2021 թվականի սեպտեմբերից պատիժը կրել է Մոգիլյովի տղամարդկանց բանտում։ Ազատ է արձակվել 2022 թվականի փետրվարի 18-ին՝ 17 ամիս բանտարկությունից հետո, թեև նրա ժամկետը լրանում է 2023 թվականի հունվարին[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատալյան ծնվել է Օրշայում, ավարտել է Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը, որից հետո աշխատել է հայրենի քաղաքում։ Մոտավորապես, 2009 թվականին նա ամուսնացել է շվեյցարացու հետ և տեղափոխվել Սանկտ Գալլեն։ Սկզբում աշխատել է գարեջրի գործարանում, այնուհետև սպասքի արտադրության ընկերության որակի հսկողության բաժնում։ Ամուսնու մահից հետո նորից է ամուսնացել։ Նատալյան երկու երեխա ունի իր առաջին ամուսնությունից[4]։
2020 թվականի սեպտեմբերի 11-ին Խերշեն կարճ ժամանակով մեկնել է Մինսկ և ծրագրել է վերադառնալ սեպտեմբերի 21-ին։ Սեպտեմբերի 19-ին Մինսկում ընկերուհու հետ հանդիպելուց հետո նա մասնակցել է «կանանց երթին»[5]։ Երթի ընթացքում բելառուսական ուժայինները սկսել են բերման ենթարկել մասնակիցներին, իսկ Նատալյան դիմադրել է Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի սպա Սերգեյ Կոնչիկին՝ բռնելով նրա գլխարկ-դիմակից։ Սկզբում Նատալյան կալանավորվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 23.34-րդ հոդվածով՝ «Մասնակցություն չարտոնված զանգվածային միջոցառմանը», բայց հետո նրա դեմ քրեական գործ է հարուցվել Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածով՝ «Ոստիկանության աշխատակցին դիմադրություն ցուցաբերելը»[5]։ Խերշեն որոշ ժամանակ անցկացրել է նույն բանտախցում բասկետբոլիստ Ելենա Լևչենկոյի հետ, ով ազատ արձակվելուց հետո խոսել է գերբնակեցված խցերի մասին, որոնք ստիպել են որոշ բանտարկյալների քնել հատակին, մաքուր ջրի և հիգիենայի պարագաների բացակայության մասին[6]։ Ձերբակալության պատճառով նա չի կարողացել վերադառնալ Շվեյցարիա։ Դատավարության ժամանակ Սերգեյ Կոնչիկը հայտարարել է, որ ինքը ֆիզիկական և հոգեկան տառապանքներ է կրել և իր վնասը գնահատել է 500 բելառուսական ռուբլի (մոտ 200 դոլար), այնուհետև վնասի չափը հասցրել է 1000 ռուբլու (մոտ 400 դոլար)։ Խերշեն չի հերքել, որ փորձել է հանել դիմակը, սակայն պնդել է, որ ինքը չի դիպել Կոնչիկի դեմքին[7]։ 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Մինսկ քաղաքի Խորհրդային շրջանի դատավոր Սերգեյ Շատիլոն Խերշեին դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում[5]։ Ըստ բելառուս իրավապաշտպանների՝ Խերշեի գործողություններում չեն եղել դիմադրության ակնհայտ նշաններ, և պատիժը անհամաչափ է նրա գործողություններին[1]։ Անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ-ի առաջարկություններին, ըստ որոնց՝ իշխանությունները պետք է պաշտպանեն խաղաղ հավաքները[1]։
Խերշեի բանտարկությունը ազդել է բելառուս-շվեյցարական հարաբերությունների վրա և շվեյցարական խոշոր հրատարակությունները սկսել են պարբերաբար հրապարակել նրա մասին նյութեր[8][9][10][11]։ Շվեյցարացի պատգամավորները և «Libereco» իրավապաշտպանական կազմակերպությունը արշավ են սկսել նրա ազատ արձակման համար[12]։
Սկզբում Նատալյա Խերշեն պատիժը կրել է Գոմելի կանանց գաղութում։ Նա հրաժարվել է հագուստ կարել ոստիկանության և բանակի համար և 2021 թվականի սեպտեմբերին նրան տեղափոխել են Մոգիլյովի տղամարդկանց բանտ, ինչը հազվադեպ դեպք է, երբ կնոջը տեղափոխում են տղամարդկանց ուղղիչ հաստատություն[13][14]։ Բելառուսի իշխանությունները փորձել են համոզել Նատալյային ներման խնդրագիր գրել Ալեքսանդր Լուկաշենկոյի անունով, սակայն նա հրաժարվել է դա անել՝ հայտարարելով իր անմեղության մասին[15]։ 2021 թվականի սեպտեմբերին Նատալյայի ամուսինը որոշել է խզել նրա հետ ամուսնական հարաբերությունները[16]։
Ի նշան կալանավայրի վատ պայմանների և նամակագրության արգելափակման դեմ բողոքի՝ նա երեք անգամ հացադուլ է հայտարարել՝ 2021 թվականի հունվարին և մարտին, ինչպես նաև 2022 թվականի հունվարի վերջին[17]։
Խերշեն ազատ է արձակվել 2022 թվականի փետրվարի 18-ին՝ 17 ամիս բանտարկությունից հետո, թեև նրա ժամկետը լրանալու էր 2023 թվականի հունվարին[3][18][19][20]։ Նույն օրը նա Ստամբուլով մեկնել է Շվեյցարիա։ Նրա եղբոր՝ Գենադիի խոսքով, Նատալյան ներման խնդրագիր չի գրել։ Ոչ նա, ոչ էլ Գենադին չգիտեն, թե ինչ որոշումների կամ պայմանավորվածությունների արդյունքում է նա ազատ արձակվել։ Ավելի վաղ նա ասել է, որ քրոջը մի քանի անգամ համոզել են ներման խնդրագիր գրել, սակայն նա հրաժարվել է դա անել։ Մինչ այդ Շվեյցարիան երկար ժամանակ ձգտել է ազատ արձակել իր քաղաքացուն։ Ենթադրաբար, դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Շվեյցարիայի նոր դեսպանը ժամանել է Բելառուսի Հանրապետություն և իր հավատարմագրերի պատճենը հանձնել արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյին[21][22]։ Նատալյայի ազատ արձակման օրը Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ինյացիո Կասիսն իր Twitter-ում գրել է․ «Ուրախ եմ, որ Շվեյցարիայի դիվանագիտական ջանքերն արդյունք տվեցին։ Բելառուսում Շվեյցարիայի դեսպանատան հետ միասին մենք շարունակում ենք կոչ անել ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական և քաղաքացիական իրավունքների իրականացման համար»[23]։
Նատալյան իր բանտային կյանքը նկարագրել է հետևյալ կերպ․ «Այն, ինչի միջով ես անցա, խոշտանգումներ էին, դա այլ կերպ ես չեմ կարող կոչել»[24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 HRDs demand to release political prisoner Natallia Hershe
- ↑ Заявление ПЦ "Весна" о признании Натальи Херше политической заключённой
- ↑ 3,0 3,1 «Поздравляем, Наталья свободна». Рассказываем, как прошло освобождение политзаключенной Херше
- ↑ «Наталля Хершэ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 11-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Профиль а сайте правозащитного центра Весна-96
- ↑ Как гражданка Швейцарии оказалась в белорусской тюрьме и что там увидела
- ↑ «Все знают, что Лукашенко диктатор». Муж гражданки Швейцарии — о её аресте в Минске
- ↑ «Heiss duschen dürfen wir einmal in der Woche — immer am Montag»
- ↑ St.Gallerin in belarussischem Gefängnis: Natallia Hersche befindet sich erneut im Hungerstreik — offenbar seit 13 Tagen
- ↑ Ein Land wird zum Gefängnis
- ↑ Belarus verurteilt Schweizerin zu 30 Monaten
- ↑ Jailed Swiss-Belarus citizen on hunger strike in Minsk
- ↑ «Это крайний метод воздействия». Политзаключенную Херше переводят в тюрьму — что с ней будет?
- ↑ Брат белорусской политзаключенной Натальи Херше рассказал о ее переводе из колонии в тюрьму
- ↑ Political prisoner Natallia Hersche refuses to ask for pardon insisting she is innocent
- ↑ «Муж политзаключенной Натальи Херше подал на развод». Euroradio.fm. 2021 թ․ սեպտեմբերի 29.
- ↑ Наталья Херше объявила голодовку в могилёвской тюрьме
- ↑ «Я не буду шить штаны для этой власти». Большое интервью с Натальей Херше
- ↑ Интервью Натальи Херше для Еврорадио
- ↑ Интервью Натальи Херше для белорусской службы "Радио Свобода"
- ↑ Новый посол Швейцарии в Беларуси вручила копии верительных грамот Владимиру Макею
- ↑ Кто победил и кто проиграл в деле освобождения Натальи Херше?(չաշխատող հղում)
- ↑ Твит Иньяцио Кассиса
- ↑ «Под голову иногда клала обувь, так как не имела ни подушки, ни матраса». Интервью с Натальей Херше — о колонии, муже и непреклонности(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на сайте правозащитного центра Весна-96
- Warum Natallia Hersches Widerstand ungebrochen ist. In: Tages-Anzeiger, 6 August 2022 (Documentary, German)