Յուլիուս Նոյբրոններ
Յուլիուս Նոյբրոններ գերմ.՝ Julius Gustav Neubronner | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1852[1][2] Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] |
Մահացել է | ապրիլի 17, 1932[1][2] (80 տարեկան) Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քիմիկոս, գյուտարար, լուսանկարիչ, դեղագործ և դեղագետ |
Անդամակցություն | Q108874443? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Julius Neubronner Վիքիպահեստում |
Յուլիուս Գուստավ Նոյբրոններ (գերմ.՝ Julius Gustav Neubronner, փետրվարի 8, 1852[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3] - ապրիլի 17, 1932[1][2], Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[3]), գերմանացի դեղագործ, գյուտարար, ընկերության հիմնադիր, սիրողական լուսանկարչության ու կինոյի պիոներ։ Սերել է Կրոնբերգի դեղագործների տոհմից։ Աղավնային լուսանկարչության գյուտարարն է։ Եղել է առաջին կինոսիրողներից մեկը Գերմանիայում, հիմնադրել է կպչուն ժապավենի արտադրության գործարան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուլիուս Նոյբրոնները ծնվել է 1852 թվականի փետրվարի 8-ին Կրոնբերգում։ Հայրը պապը՝ Քրիստիան Նոյբրոնները, 1808 թվականին հիմնադրել է դեղատուն։ 1844 թվականին դեղատունն անցել է նրա որդուն՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոններին (1813-1894)[4], ով Յուլիուս Նոյբրոնների հայրն էր ու նկարիչ Անտոն Բրյուգերի վաղեմի ընկերը[5]։ 1848 թվականի հեղափոխության ժամանակ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները ղեկավարել է տեղի ոստիկանությունը[6]։ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնների կինը՝ Յուլիուսի մայրը, ծագում էր դերասանների Լոու տոհմից։ Նրա քույրն է եղել հայտնի է երգչուհի Սոֆի Լոուն[7]։
Պատանեկան տարիքից Յուլիուս Նոյբրոնները եղել է սիրողական մակարդակի մոլի լուսանկարիչ։ 1865 թվականին նա գտել է Տալբոտի համակարգի լուսանկարչական ապարատ, որ իր հայրն էր պատրաստել լուսանկարի գյուտից հետո։ Հին ֆոտոխցիկով արված փորձերն անհաջող են անցել, և Յուլիուս Նոյբրոններն իր ընկերոջ հետ ապառիկով գաղտնի գնել է նոր ֆոտոապարատ[8]։
Յուլիուս Նոյբրոնները նախնական կրթությունն ստացել է տանն իր երկու քույրերի հետ միասին։ 1864 թվականին նա մեկնել է Մայնի Ֆրանկֆուրտ՝ իր կնքահայր Յուլիուս Լոուի մոտ (ով ուներ քիմիայի լաբորատորիա) և ընդունվել գիմնազիա։ Երեք տարի անց նա տեղափոխվել է Վայլբուրգ, որտեղ ստացել է միջնակարգ կրթության հավաստագիր։ Իր հոր դեղատանը մեկ տարի սովորելուց հետո Յուլիուս Նոյբրոններն ընդունվել է Թագավորական ռեալական գիմնազիա Վիսբադենում[7]։ 1873 թվականին նա Բեռլինում ավարտել է իր ուսումը որպես դեղագործի օգնական, ապա երեք տարի պրակտիկա անցել Բենդորֆի, Ֆրանկֆուրտի, Հաննովերշ Մյունդենի ու Նյոնի դեղատներում[7]։ Նյոնում նա ծանոթացել է ստերեոսկոպիային[8]։
1876 թվականից Յուլիուս Նոյբրոններն ուսումնասիրել է դեղագիտություն Գիսենում[9]։ 1877 թվականին քննությունները հանձնելուց հետո նա 1878 թվականին սովորել է քիմիա Բեռլինում, ապա Հայդելբերգի համալսարանում, որտեղ ստացել է դոկտորի գիտական աստիճան 1879 թվականին[7][9]։
Դեղատուն և ֆաբրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն իր ձեռքն է վերցրել հոր դեղատան (Կրոնբերգ) ղեկավարությունը[7]։ 1887 թվականին նա ձեռք է բերել պատմական մի շենք, որ հայտնի է որպես «վիճելի եկեղեցի» (գերմ.՝ «Streitkirche»): Այն կառուցվել է որպես կաթոլիկական եկեղեցի բողոքական Կրոնբերգում, սակայն կոնֆլիկտի պատճառով եկեղեցին այդպես էլ չի բացվել[10][11]։ Հետագայում այդ շենքն օգտագործվել է որպես հյուրանոց։ Անհրաժեշտ վերակառուցումից հետո Նոյբրոնների ընտանիքն ու դեղատունը նոր շենք են տեղափոխվել 1891 թվականին[7]։
1888 թվականին (երեք կայսրերի տարի)՝ Ֆրիդրիխ III կայսեր մահից հետո, նրա այրին՝ Վիկտորյա թագուհին, Կրոնբերգի մոտակայքում իր համար կառուցել է «Friedrichshof» ամրոցը։ Այդ ժամանակ Յուլիուս Նոյբրոններին շնորհվել է պալատական դեղագործի կոչում[12]։
Յուլիուսի հայրը՝ Գեորգ Վիլհելմ Նոյբրոնները, օգտագործում էր աղավնային փոստը՝ որպես դեղերն արագ տեղ հասցնելու միջոց, սակայն ավելի ուշ դադարեցրել է այդ պրակտիկան, երբ հարևան գյուղերում բացվել են դեղատներ։ Ներշնչված թերթում տպագրված հոդվածով, որում 1902 թվականին պատմվում էր մի դեղագործի նման պրակտիկան Բոստոնում, Յուլիուս Նոյբրոնները վերականգնել ու նույնիսկ ընդլայնել է հոր ծավալած գործունեությունը։ Փոստային աղավնիների միջոցով նա ստանում էր մինչև 75 գրամ քաշ ունեցող քիմիական նյութեր Ֆրանկֆուրտում գտնվող մատակարարից և դեղեր հասցնում «Falkenstein» առողջարան, որ գտնվում էր Քյոնիգշտայնից ոչ հեռու[8]։ 1907-1909 թվականներին այդ հայտնի առողջարանը, որ հիմնադրվել էր 1876 թվականին, դարձվել է հանգստյան տուն սպաների համար[13]։
1903 թվականից մինչև 1920 թվականը Նոյբրոնները նկարահանել է մի քանի սիրողական կինոֆիլմեր, որոնք 1994 և 1996 թվականներին վերականգնվել են կինոյի գերմանական թանգարանի (գերմ.՝ «Deutsches Filmmuseum») կողմից և հետագայում հրապարակվել Յութուբում[14][15]։ Ապակե լուսանկարների սոսնձման աշխատատար գործընթացը Յուլիուս Նոյբրոններին ոգեշնչել է ստեղծել թղթե կպչուն ժապավեն, որը նա արտոնագրել է։ Այդ ժապավենի արտադրման ու վաճառահանման համար Նոյբրոնները 1905 թվականին հիմնադրել է «Fabrik für Trockenklebematerial»-ը, որը ներկայում կոչվում է «Neubronner GmbH & Co. KG» և ունի շուրջ 80 աշխատող[8][16]։
Աղավնային լուսանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1908 թվականի դեկտեմբերին Նոյբրոններն արտոնագրել է իր գյուտը՝ «Տեսարանները վերևից նկարելու եղանակ ու միջոցներ», այսինքն՝ լուսանկարում աղավնու կրծքին ամրացված փոքրիկ ֆոտոապարատի միջոցով։ Նոյբրոններն արժանացել է մեծ ճանաչման՝ հասարակությանը ներկայացնելով իր գյուտը Դրեզդենում, Ֆրանկֆուրտում ու Փարիզում անցկացված միջազգային ցուցահանդեսներում 1909-1911 թվականներին[17]։ Դրեզդենում ցուցահանդեսին ներկա անձինք կարող էին տեսնել ֆոտոապարատներ կրող աղավնիների ժամանումը, իսկ նեգատիվներն անմիջապես երևակվում էին, ու տպագրվում բացիկներ, որոնք կարելի էր գնել[8]։ 1910-1911 թվականներին Նոյբրոնները Փարիզի ավիաշոուի ժամանակ արժանացել է երկու ոսկե մեդալների իր մեթոդի ու լուսանկարների համար[7]։ Նոյբրոնների գյուտն օգտագործվել է օդային հետախուզություն կատարելու համար Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դրանից հետո, սակայն պատվավոր դիպլոմից ու հանրագիտարաններում իր անունը հիշատակելուց բացի այն գյուտարարին բերել է միայն ծախսեր[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականին Յուլիուս Նոյբրոններն ամուսնացել է Շառլոտա Շտեբելի (գերմ.՝ Charlotte Stiebel, 1865-1924) հետ, ում հայրը՝ Ֆրից Շտեբելը (գերմ.՝ Fritz Stiebel, 1824-1902), եղել է հայտնի բժիշկ Ֆրանկֆուրտում[7][18]։ Նրա մորական պապը՝ Ժակ Ռեյսը (1807-1887), եղել է մեկենաս, Կրոնբերգի պատվավոր քաղաքացի և Կրոնբերգի երկաթուղային միության (գերմ.՝ Cronberger Eisenbahn-Gesellschaft) հիմնադիրը[19][20][21]։
Յուլիուս Նոյբրոններն իր հոր նման հովանավորել է Կրոնբերգի նկարիչների միությունը, որ հայտնի է որպես «Kronberger Malerkolonie», և որի թանգարանը ներկայում գտնվում է նրա տան առաջին հարկում[22]։ 1907 թվականին Յուլիուս Նոյբրոններ դարձել է Զենկենբերգի բնությունն ուսումնասիրողների միության անդամ[23]։
1932 թվականին Յուլիուս Նոյբրոնների մահվանից հետո դեղատունը ղեկավարել է Նոյբրոններների ևս երկու սերունդ։ Սկզբում դեղատունը պատկանել է Յուլիուս Նոյբրոնների որդուն՝ Վիլհելմին, որը հեղինակել է գիրք այսշտոկի մասին և զբաղվել է տարբեր մարզաձևերով։ Վիլհելմի մահից հետո դեղատունն անցել է նրա որդուն՝ Կուրտ Հայնց Նոյբրոններին, սակայն 1995 թվականին վերջինս վաճառել է դեղատունը[24]։
Կպչուն ժապավենի գործարանն անցել է Յուլիուս Նոյբրոնների կրտսեր որդուն՝ Կարլ Նոյբրոններին (13 հունվարի, 1896 – 19 նոյեմբերի, 1997), ով ղեկավարել է այն 70 տարի։ 1957 թվականին նա պարգևատրվել է Գերմանիային մատուցած ծառայությունների համար խաչով (1-ին դաս)։ 1966 թվականին նա գործարանի աշխատողներին դարձրել է ստացված շահույթի մի մասի համասեփականատեր[21]։ Կար Նոյբրոնները հայտնի է նաև իր փորձարկումներով ավիամոդելավորման բնագավառում։ Տասնվեց տարեկան հասակում նա մշակել է հրթիռապլան «Raketoplan», նախագծել է հրթիռներ ու ինքնաթիռի գերծայնային մոդելներ։ Ավիամոդելավորողների ազգային ակումբը սահմանել է Կարլ Նոյբրոնների անվան ամենամյա մրցանակ[25][26]։ 1984 թվականին նրան շնորհվել է Կրոնբերգի պատվավոր քաղաքացու կոչում[27]։ Կարլ Նոյբրոնները հիմնադրել է սպորտի աջակցման հիմնադրամ Կրոնբերգում։ Իր կնոջ՝ Էրիկայի հետ միասին նա 1997 թվականի ապրիլին ստեղծել է Էրիկա և Կարլ Նոյբրոններների սոցիալական աջակցության հիմնադրամը[24]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #121573397 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Deutsches Biographisches Archiv. Georg Hirth: Hirth's Parlaments-Almanach. Fünfte Ausgabe. 1867, S. 79.
- ↑ Anton Burger 1824—1905: Ausstellung in der Streitkirche Kronberg, kronberger-maler.de.
- ↑ Märzrevolution in Kronberg 1848 Արխիվացված 2010-04-13 Wayback Machine, kronberg.de.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Hans Jürgen Schultz: Apotheker, Erfinder und Fabrikant: Hofapotheker Dr. phil. Julius Neubronner (1852—1932). In: Gernot Schäfer und Rüdiger Fiedler (Hrsg.): 125 Jahre Gießener Burschenschaft Frankonia 1872—1997. Selbstverlag der Gießener Burschenschaft Frankonia, Gießen 1997. S. 101-104.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Neubronner, Julius (1920), 55 Jahre Liebhaberphotograph.
- ↑ 9,0 9,1 Verzeichniß der Mitglieder des acad.naturw. Vereins zu Giessen, Nr. 46.
- ↑ Die Kronberger Streitkirche Արխիվացված 2007-06-30 archive.today, hr-online.de.
- ↑ Chronik Արխիվացված 2011-01-22 Wayback Machine, hofapothekekronberg.de.
- ↑ Einblicke in das Leben der Kaiserin, Kronberger Bote 14/2001.
- ↑ Kempinski Hotel Falkenstein feiert kaiserliches Jubiläum, Kronberger Bote 6/2009.
- ↑ Schobert, Walter (November 1996), Early amateur films by Julius Neubronner: restored Արխիվացված 2013-01-21 Wayback Machine, Journal of Film Preservation 53, S. 47-48.
- ↑ Filme von Neubronner. filmarchives-online.de.
- ↑ Firmengeschichte der Neubronner GmbH & Co. KG. neubronner.com.
- ↑ Brons, Franziska (2006b), «Bilder im Fluge: Julius Neubronners Brieftaubenfotografie», Fotogeschichte (German), 26 (100): 17–36
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Otto Winckelmann: Fritz Stiebel: Ratschläge für praktische Ärzte. Արխիվացված 2011-07-19 Wayback Machine Hessisches Ärzteblatt 2/2002. S. 108.
- ↑ Teutonia und Alemannia. Արխիվացված 2010-04-28 Wayback Machine www.kronberg.de.
- ↑ Magistratsmitglieder gedachten Ehrenbürger Carl Neubronner, Kronberger Bote 3/2006.
Jacques Reiss Արխիվացված 2009-08-31 Wayback Machine, kronberg.de. - ↑ 21,0 21,1 Stadt gedachte Geburtstag Neubronners, Kronberger Bote 3/2004.
- ↑ Ausstellungseröffnung in der Streitkirche. kronberger-maler.de.
- ↑ Direktion der Senckenbergischen Naturforschenden Gesellschaft: Bericht der Senckenbergischen Naturforschenden Gesellschaft in Frankfurt am Main 1908.
- ↑ 24,0 24,1 Kronberger Bote
- ↑ «Verpackungsrundschau 12/97» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 100 Jahre Carl Neubronner Արխիվացված 2015-06-10 Wayback Machine, RAMOG.
- ↑ «Ehrenbürger der Stadt Kronberg im Taunus». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dr Julius Neubronner's Miniature Pigeon Camera». // publicdomainreview.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
- «Յուլիուս Նոյբրոնները կախարդում է». // youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- «Յուլիուս Նոյբրոնները թոռների ու շան հետ». // youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.
- «Նոյբրոնների ընտանիքը զբոսանքի ժամանակ». // youtube.com. Վերցված է 2012 թ․ ապրիլի 8-ին.