Մուսինե Կոկալարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուսինե Կոկալարի
ալբ․՝ Musine Kokalari
Ծնվել էփետրվարի 10, 1917(1917-02-10)[1]
ԾննդավայրԱդանա, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 14, 1983(1983-08-14)[2] (66 տարեկան)
Վախճանի վայրRrëshen
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուալբաներեն
Ազգությունալբանացի
Քաղաքացիություն Ալբանիա
ԿրթությունԼա Սապիենցա համալսարան
ԱզգականներArba Kokalari?[3][4]
Изображение автографа
 Musine Kokalari Վիքիպահեստում

Մուսինե Կոկալարի (ալբ․՝ Musine Kokalari, փետրվարի 10, 1917(1917-02-10)[1], Ադանա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 14, 1983(1983-08-14)[2], Rrëshen), ալբանացի գրող և քաղաքական գործիչ։ 1943 թվականին հիմնադրել է Ալբանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը[5]։ Ալբանիայի առաջին կին գրողը[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսինե Կոկալարին ծնվել է 1917 թվականի փետրվարի 10-ին Ադանա քաղաքում՝ ալբանացիների ընտանիքում, որ այդտեղ էր եկել Գիրոկաստրա քաղաքից։

1920 թվականին Մուսինե Կոկալարին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ալբանիայի Տիրանա քաղաք։ Այստեղ նա հաճախել է դպրոց։ Դեռ դպրոցում սովորելու տարիներին նա հակում է ունեցել գիտելիքների ու գրքերի նկատմամբ։ 1938 թվականի հունվարին Մուսինե Կոկալարին մեկնել է Հռոմ, որտեղ գրականություն է սովորել Լա Սապիենցա համալսարանում, որն ավարտել է 1941 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել ալբանացի բանաստեղծ և արձակագիր Նայիմ Ֆրաշերիի ստեղծագործությանը։ Հռոմում կրթությունն ավարտելուց հետո Մուսինե Կոկալարին վերադարձել է Ալբանիա և սկսել զբաղվել գրական գործունեությամբ։

1941 թվականին քսանչորս տարեկան հասակում Մուսինե Կոկալարին հրատարակել է իր առաջին ժողովածուն՝ «Ինչպես իմ ծեր մայրն է ասել ինձ» (ալբ․՝ Siç me thotë nënua plakë), որում ընդգրկված էին տասը մանկական հեքիաթներ՝ գրված Գիրոկաստրայի բարբառով։ Այդ ժողովածուն համարվում է Ալբանիայի պատմության մեջ առաջին գիրքը, որ գրվել ու հրատարակվել է կնոջ կողմից։ Երեք տարի անց՝ 1944 թվականին, չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին տարիներին, Մուսինե Կոկալարին Տիրանայում հրատարակել է իր պատմվածքների ու ուրվանկարների Sa u-tunt jeta ժողովածուն։ Նույն թվականին Տիրանայում տպագրվել է նրա ստեղծագործությունների երրորդ ժողովածուն՝ «Սրտի շուրջ» (ալբ․՝ Rreth vatrës

Մուսինա Կոկալարին 1946 թվականին՝ դատավարության ժամանակ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մուսինե Կոկալարին բացել է սեփական գրախանութ։ Նա հրավիրվել է անդամակցելու Ալբանիայի գրողների ու նկարիչների լիգային, որ հիմնադրվել էր 1945 թվականի հոկտեմբերի 7-ին գրող Սեյֆուլա Մալեշովայի նախագահությամբ։

1944 թվականի նոյեմբերի 12-ին Ալբանիայի կոմունիստական իշխանության կողմից առանց դատի ու հետաքննության գնդակահարվել են Մուսինե Կոկալարիի երկու եղբայրները։ Բռնաճնշումների տարիներին՝ 1946 թվականի հունվարի 17-ին, Մուսինե Կոկալարին ձերբակալվել է և նույն թվականի հուլիսի 2-ին Տիրանայի ռազմական դատարանի կողմից դատապարտվել 20 տարվա ազատազրկման՝ հայտարարվելով ժողովրդի թշնամի[7]։ Դատավարության ժամանակ Մուսինե Կոկալարին ասել է[7].

Պարտադիր չէ լինել կոմունիստ, որ սիրես հայրենիքդ։ Ես սիրում եմ իմ երկիրը, նույնիսկ եթե կոմունիստ չեմ։ Ես սիրում եմ նրա առաջընթացը։ Դուք պարծենում եք, որ հաղթել եք պատերազմում, և հիմա դուք հաղթողն եք ու ուզում եք ոչնչացնել նրանց, ում համարում եք քաղաքական հակառակորդ։ Ես ձեզնից տարբեր եմ մտածում, բայց ես սիրում եմ իմ երկիրը։ Դուք պատժում եք ինձ իմ իդեալների համար։

1964 թվականին՝ Մատի շրջանի Burgu i Burrelit բանտում 18 տարի անցկացնելուց հետո, Մուսինե Կոկալարին ազատվել է կալանքից, սակայն մնացել է ոստիկանության մշտական հսկողության տակ։ Իր կյանքի հաջորդ 19 տարիները նա անցկացրել է Միրդիտա շրջանի Ռեշեն քաղաքում, որտեղ ստիպված է եղել աշխատել որպես փողոցները մաքրող[8]։ Մուսինե Կոկալարիին արգելված էր ստեղծագործելը[7]։

Մուսինե Կոկալարիի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, սակայն նա հրաժարվել է գնալ հիվանդանոց։ Նա մահացել է 1983 թվականի օգոստոսի 14-ին Ռեշենում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. http://www.tiranapost.al/en/378300-2/
  4. https://telegrafi.com/kush-eshte-eurodeputetja-arba-kokalari-mbesa-e-musine-kokolarit/
  5. «Musine Kokalari: Dashuria ime italiane» [Musine Kokalari: My Italian Love] (ալբաներեն). Ikubinfo.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  6. Wilson, Katharina. An Encyclopedia of continental women writers. Vol. 2. էջ 646. ISBN 0-8240-8547-7.
  7. 7,0 7,1 7,2 «1960: Musine Kokalari». International Pen. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  8. Moisiu, Rajmonda (2010 թ․ հուլիսի 7). «Appreciation for Musine Kokalari and Imprisoned Writers in the World!». Fjala e Lire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուսինե Կոկալարի» հոդվածին։