«Հեքիաթ հիմար ամուսնու մասին», 1986 թվականին ռեժիսոր Ելենա Պրորոկովայի՝ «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում նկարահանած մուլտֆիլմն՝ ըստ ռուսական «Հիմար կնոջ մասին» հեքիաթի մոտիվների[1]։
Հեքիաթը պատմում է մի մարդու և նրա կնոջ մասին։ Մի օր երեկոյան ամուսինը պատվիրում է կնոջն իրեն վաղ արթնացնել, քանի որ ինքը ցանկանում էր գնալ ձկնորսության։ Առավոտյան կինը վաղ է արթնանում, կթում է կովին, վառում վառարանը, պատրաստում նախաճաշը։ Ձկնորսներն արդեն գետն էին գնացել, հնձվորները՝ հեռացել։ Ամուսինն արթնանում է արևի ճառագայթներից և փնփնթում․ «Հիմա՛ր կին, ես քնել եմ և ամեն ինչ բաց թողել»։ Հետո թխվածքաբլիթներ է ուտում և հայտարարում․ «Հոգնել եմ ամեն ինչից, հեռանում եմ»։
Հեռանալով՝ նա ճանապարհին հանդիպում է մի նրբագեղ տիկնոջ, ում գլխում և լեզվում միայն մի թեմա էր` սերը։ Նախ նա հիանում է, հետո՝ հեռանում։
Հետո հանդիպում է մի հարգարժան տիկնոջ, ում գլուխը զբաղված էր միայն հաշվարկով, և փախչում է նրանից։
Հետո հասնում է մի մեծ տնտեսություն, որը ղեկավարում էր մի նպատակասլաց և համարձակ այրի, ով նրան ստիպում է աշխատել առավոտից երեկո։ Մարդը հասկանում է, որ երկար չի դիմանա և փախչում է անտառների և գետերի միջով։ Տուն է հասնում գիշերը և լսում, որ կինը փաղաքշական խոսքեր է ասում ինչ որ մեկին։ Կատաղած բացում է դուռն ու տեսնում, որ կնոջ դիմաց դրված է իր նկարը։ Շփոթված մարդն ասում է. «Դու հիմար կին ես, իսկ քո ամուսինը քեզնից հիմար է»։