Նատալյա Գունդարևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նատալյա Գունդարևա
ռուս.՝ Наталья Гундарева
Ծնվել էօգոստոսի 28, 1948(1948-08-28)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 15, 2005(2005-05-15)[1][2] (56 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1971)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ և Պետական Դումայի անդամ
Ամուսին(ներ)Լեոնիդ Խեյֆեց, Վիկտոր Կորեշկով և Միխայիլ Ֆիլիպով
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ և Բյուրեղապակյա Տուրանդոտ

Նատալյա Գեորգիևնա Գունդարևա (ռուս.՝ Наталья Георгиевна Гундарева, օգոստոսի 28, 1948(1948-08-28)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 15, 2005(2005-05-15)[1][2], Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ 1970-1990 թվականներին խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենամեծ ժողովրդականություն վայելող դերասանուհիներից մեկը։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1986), ԽՍՀՄ պետական մրցանակի (1984), ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի (1980), Մոսկվայի մրցանակի (1994) և Լենինյան կոմերիտմիության մրցանակի (1978) դափնեկիր։ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի առաջին գումարման պատգամավոր (1994-1996)։

Եղել է Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան թատրոնի առաջատար դերասանուհիներից (1972-2001)։ Առավել հայտնի են նրա դերերն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տրուֆալդինոն Բերգամոյից», «Աշնանային մարաթոն», «Միայնակներին հատկացվում է հանրակացարան», «Մանկատան տիրուհին», «Քաղցր կինը», «Մի անգամ՝ քսան տարի անց» և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Գունդարևան ծնվել է 1948 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայում։ Հայրը՝ Գեորգի Մակարովիչը, որպես ինժեներ աշխատել է սակավալիտրաժ ավտոմեքենաների գործարանում։ Մայրը՝ Ելենա Միխայլովնան, աշխատել է որպես ինժեներ-նախագծող, խմբի ղեկավար Առևտրական և արդյունաբերական շենքերի կառուցման կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի նախագծային-կոնստրուկտորական բյուրոյում։ Ծնողները բաժանվել են, և Նատալյային դաստիարակել է մայրը[3]։

Թատրոնի նկատմամբ սերը Նատալյային փոխանցվել է մորից, սակայն այն կարծիքին է եղել, թե թատրոնն իր համար չէ։ Ութերորդ դասարանում սովորելու ժամանակ նա ընդունվել է Պիոներների պալատ պատանի մոսկվացիների թատրոն։ Տասներորդ դասարանում Նատալյա Գունդարևան սկսել է աշխատել կոնստրուկտորական բյուրոյում որպես գծագրող, պատրաստվել է դառնալ նախագծորդ[4]։

Նատալյա Գունդարևայի ընկերը՝ Վիկտոր Պավլովը, համոզել է ընդունվել Շչուկինի ուսումնարան։ 1971 թվականին նա ավարտել է Յուրի Կատին-Յարցևի կուրսը, որտեղ սովորել է Կոնստանտին Ռայկինի, Յուրի Բոգատիրյովի, Նատալյա Վառլեյի հետ միասին[4]։

1971 թվականին ուսումնարանի խոստումնալից շրջանավարտին իրենց թատերախմբեր են հրավիրել միանգամից մի քանի մոսկովյան թատրոններ, և Գունդարևան ընտրել է Մայակովսկու անվան թատրոնը, որտեղ խաղացել է մինչև իր կյանքի վերջը։ Մի քանի տարի գլխավոր ռեժիսոր Անդրեյ Գոնչարովը երիտասարդ դերասանուհուն առաջարկում էր միայն էպիզոդիկ դերեր։

1974 թվականին Գոնարովն ստիպված է լինում Օստրովսկու «Սնանկ, կամ Մեր մարդիկ են, կհամաձայնվենք» (ռուս.՝ «Банкрот, или Свои люди — сочтёмся») ստեղծագործության բեմադրության մեջ ներառել նոր դերասանուհու Տատյանա Դորոնինայի փոխարեն, ով կատարում էր Լիպոչկայի դերը։ Տասը օր փորձերին մասնակցելուց հետո Նատալյա Գունդարևան մասնակցել է ներկայացմանը։ Նրա նորամուտը անմիջապես գնահատվել է թատերական Մոսկվայի կողմից[5][6]։

Կինոյում Նատալյա Գունդարևան սկսել է նկարահանվել 1971 թվականին՝ սկզբում կատարելով էպիզոդիկ դերեր։

Կինոյում առաջին նշանակալի դերը, որ ճանաչում է բերել դերասանուհուն, եղել է Անյա Դոբրոխոտովայի դերը Վլադիմիր Ֆետինի «Քաղցր կինը» կինոնկարում։ Դրանից հետո կինոռեժիսորները մեկը մյուսի հետևից նրան հրավիրել են նկարահանվելու։

Բեմում, կինոյում կամ հեռուստատեսությունում դերասանուհու գրեթե ոչ մի աշխատանք չի վրիպել քննադատների ուշադրությունից։ 1970-ական թվականներին վերջին Նատալյա Գունդարևան արդեն դարձել էր թատրոնի առաջատար դերասանուհիներից մեկը[7]։

1977 թվականին նա ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ ըստ «Советский экран» ամսագրի կատարած հարցումների։

Կարիերայի ծաղկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1984 թվականները դարձել են Նատալյա Գունդարևայի թատերական ու կինեմատոգրաֆիական կարիերայի ծաղկման տարիներ։ Գյուղացի կանանց ու կթվորուհի-բուֆետապանների դերերից հետո նա սկսում է մարմնավորել հոգեբանական բարդ, բազմակողմանի կերպարներ։ Մեկը մյուսի հետևից թողարկվում են աշխատանքներ, որոնցում նրա դերերը համարվում են դասական։

Նատալյա Գունդարևայի ամենանշանակալի թատերական դերը, ըստ քննադատ Անդրեյ Պլախովի, դարձել է Կատերինա Իզմայլովայի դերը «Մցենսկի գավառ Լեդի Մակբեթը» ողբերգության մեջ[8]։ Անդրեյ Գոնչարովը պատրաստվում էր բեմադրել Նիկոլայ Լեսկովի այդ ստեղծագործությունը դեռևս 1950-ական թվականների վերջին Մոսկվայի Մալայա Բրոննայայի դրամատիկական թատրոնում։ Ներկայացման փորձեր են արվել, սակայն վերջին պահին ռեժիսորը հետաձգել է ներկայացումը։ 1979 թվականին նա կրկին բեմադրել է այն և Կատերինա Լվովնայի գլխավոր դերը վստահել Նատալյա Գունդարևային։

Ճիշտն ասած, այստեղ հարցը միայն բեմադրությունը չէ, այն ժամանակ չկար Ն. Գունդարևան։ Ո՛չ Բրոննայայում, ո՛չ հետո ԳԻՏԻՍ-ում ես կարողացա իրականացնել ոչ Դիկիի, ոչ էլ իմ բեմադրությունը, որի վրա սկսել էի աշխատել. պատճառը դերասանուհու բացակայություն էր, որ կարող էր ստանձնել այդ դերը։ Սերգեյին գտնել հնարավոր էր, Կատերինա Լվովնային՝ ոչ։

«Մցենսկի գավառի Լեդի Մակբեթը» ներկայացումը դարձել է ամենանշանավորներից մեկը Մայակովսկու անվան թատրոնի պատմության մեջ և հաջողությամբ ներկայացվել է տասներեք տարի։

Նատալյա Գունդարևայի նշանակալի աշխատանքներից է եղել Նինա Բուզիկինայի դերը «Աշնանային մարաթոն» ֆիլմում։ Լուրջ ձեռքբերում էր նաև Վալերիայի դերը Ալեքսանդր Վամպիլովի «Բադի որս» պիեսի հիման վրա նկարահանված «Արձակուրդ սեպտեմբերին» հեռուստաֆիլմում (1981, ռեժիսոր՝ Վիտալի Մելնիկով)։ Սակայն ֆիլմը ճանաչվել է անկումային և էկրան բարձրացել միայն 1987 թվականին։

«Միայնակներին հատկացվում է հանրակացարան» (ռեժիսոր՝ Ս. Սամսոնով) և «Մանկատան տիրուհին» (ռեժիսոր՝ Վ. Կրեմնև) ֆիլմերը, որ թողարկվել են 1984 թվականին, նվիրված են սոցիալական այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են միայնակ կանայք ու լքված երեխաները։ Արկադի Ինինը, որ գրել է «Միայնակներին հատկացվում է հանրակացարան», Վերա Գոլուբևայի կերպարն ստեղծել է հատկապես Գունդարևայի համար։ Դերասանուհու վարպետությունը բարձր է գնահատվել հանդիսատեսի կողմից։ Չունենալով սեփական երեխաներ՝ Նատալյա Գունդարևան էկրաններին հաճախ է կատարել մոր, այդ թվում նաև բազմազավակ մոր դերեր, որոնք էլ դարձել են լավագույնները նրա կարիերայում[9]։

Ուշ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների սկզբից Նատալյա Գունդարևան ավելի քիչ է նկարահանվել ու խաղացել բեմում՝ գանգատվելով նրանից, որ իրեն ավելի հազվադեպ են առաջարկում հարմար դերեր։ Այդ շրջանի նշանակալի աշխատանքներից են լեդի Համիլտոնի դերը «Վիկտորիա՞...» ներկայացման մեջ և իշխանուհի Շադուրսկայայի դերը «Պետերբուրգյան գաղտնիքներ» սերիալում։

Գունդարևան ուշադրություն է դարձրել հասարակական ու քաղաքական գործունեությանը։ 1993-1995 թվականներին աշխատել է Պետդումայի «Ռուսաստանի կանայք» ֆրակցիայում[10]։

Դեռ 1980-ական թվականների սկզբին դերասանուհու ընկերներն ու ծանոթներն սկսել են նկատել, որ նա առողջական խնդիրներ ունի։ Նատալյա Գունդարևան շատ է ծխել, չնայած բազմիցս փորձել է թողնել։ Մի քանի անգամ նրա մասնակցությամբ ներկայացումները հետաձգվել են հիպերտոնիկ հիվանդության նոպաների պատճառով։ 1986 թվականին Գունդարևան, ով հաճույքով էր մեքենա վարում, վթարի է ենթարկվել, և ապաքինման համար պահանջվել է գրեթե մեկ տարի[11]։

Թատրոնում Նատալյա Գունդարևայի վերջին աշխատանքը եղել է Լետիսի դերը «Սիրային խմիչք» (1997) ներկայացման մեջ։ 1999 թվականին դերասանուհին բավականին նիհարել է և ենթարկվել պլաստիկ վիրահատության[8][12]։ Կինոյում իր վերջին դերը Գունդարևան կատարել է 2001 թվականի սկզբին՝ մարմնավորելով Վասիլիսա Սավիչնային «Սալոմե» սերիալում. հանդիսատեսի ուշադրությունը գրավել է Գունդարևայի խիստ փոխված արտաքինը[13]։

Նատալյա Գունդարևան, նվիրված լինելով մեկ թատրոնի և սովոր լինելով որոշակի ավանդույթների, հազվադեպ էր խաղում անտրեպրիզային ներկայացումներում և այլ ստեղծագործական խմբերի բեմադրություններում։ 2001 թվականին Օլեգ Տաբակովը նրան առաջարկում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում կատարել Մադլենա Բեժարի դերը Միխայիլ Բուլգակովի «Кабале святош» ստեղծագործության բեմադրության մեջ։ Հետաքրքրիր կերպարն ու մեծահամբավ թատերախմբու խաղալու հնարավորությունը գրավել են դերասանուհուն, և նա սկսել է մասնակցել փորձերին։ Սակայն նոր կոլեկտիվն իր կանոններն ուներ, և Գունդարևայի համար դժվար էր հարմարվել։ Իգոր Կոստոլևսկին նշում է. «Ես հիշում եմ, թե ինչպես էր նա գանգատվում ինձ, երբ փորձերի էր մասնակցում ՄԳԱԹ-ում և չէր կարողանում հասկանալ, թե ինչուն են փոխում փորձերի ժամերը, ինչու է ամեն ինչ տեղի ունենում ոչ իր ժամանակին»։ Արդյունքում պրեմիերայից կարճ ժամանակ առաջ նա հրաժարվում է իր դերից[14][15]։

2001 թվականի հուլիսին Մոսկվայի անօրինակ շոգ էր[16]։ Նատալյա Գունդարևան ամառն անցկացնում էր մերձմոսկովյան ամառանոցում՝ Նախագահի գործերի կառավարման «Снегири» առողջարանում։ Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը նա վատ է զգացել և տեղափոխվել հիվանդանոց «ուղեղի արյունամատակարարման խանգարում» ախտորոշմամբ։ Դերասանուհուն տեղափոխել են Սկլիֆոսովսկու հիվանդանոց։ Ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել է։ Հուլիսի 21-ին դերասանուհին ընկել է կոմայի մեջ, և բժիշկներն արձանագրել են իշեմիկ կաթված։ Հուլիսի 27-ին Գունդարևային տեղափոխել են Ն. Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության գիտագործնական ազգային կենտրոն, նրա վիճակն սկսել է լավանալ։ Օգոստոսի 1-ին դերասանուհին գիտակցության է եկել[17]։

Հետզհետե նա ապաքինվել է, սկսել խոսել ու սահմանափակ շարժումներ անել։ 2002 թվականի ամռանը Գունդարևան դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել տուն։ Տվել է մի քանի հարցազրույցներ, ընդունել ընկերներին։ 2002 թվականին «Во имя здоровья» ակցիայի շրջանակներում զբաղվել է բարեգործությամբ և շատ դերասանների օգնել անցնելու բուժման կուրս[18]։

Հետագայում Նատալյա Գունդարևան բեմում չի խաղացել և հանրության առաջ չի հայտնվել։ Չնայած բժիշկների ու հարազատների ջանքերին՝ դերասանուհին վերջնական չի ապաքինվել։ 2002 թվականին զբոսանքի ժամանակ նա սայթաքել է ու ծոծրակով հարվածել գետնին։

Նատալյա Գունդարևան մահացել է 2005 թվականի մայիսի 15-ին Սբ. Ալեքսեյի հիվանդանոցում։ Թաղվել է մայիսի 18-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[19]։ Նրա շիրմաքարի հեղինակներն են հայր և որդի Սողոյանները։

Ընտանիք և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատալյա Գունդարևան ամուսնացած է եղել երեք անգամ։

  • 1973 թվականին՝ «Զառիթափ» (ռուս.՝ «Обрыв») հեռուստաներկայացման նկարահանումների ժամանակ, Նատալյա Գունդարևան ծանոթացել է հայտնի ռեժիսոր Լեոնիդ Խեյֆեցի հետ, ով տասնչորս տարով մեծ էր դերասանուհուց։ Նկարահանումների ավարտից անմիջապես հետո նրանք ամուսնացել են։ Լեոնիդ Եֆիմովիչը, ով մինչ ընտանիք կազմելը տուն չուներ և ապրում էր թատրոնում, բնակարան է ստացել։ Վեց տարի անց նրանք բաժանվել են։ Գունդարևան գանգատվել է, որ ընտանեկան հոգսերը չի կարողանում համատեղել մասնագիտական գործունեության հետ[20]։
  • 1979 թվականին՝ «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ներկայացման վրա աշխատելու ժամանակ, Գունդարևան ծանոթացել է դերասան Վիկտոր Կորեշկովի հետ։ Կարճատև բուռն սիրավեպից հետո նրանք ամուսնացել են, սակայն շուտով բաժանվել են։

Առաջին ու հատկապես երկրորդ ամուսնությունների մասին դերասանուհին չի սիրել հիշել։

Երկրորդ ամուսնությունից հետո Նատալյա Գունդարևան հարաբերություններ է ունեցել դերասան Սերգեյ Նասիբովի հետ։ Նրանք մտերմացել են Մայակովսկու անվան թատրոնում համատեղ փորձերի ժամանակ, և տարիքների տասնամյա տարբերությունը չի խանգարել նրանց սիրավեպին։ Շուտով Նասիբովը բաժանվել է կնոջից՝ Եկատերինա Դուրովայից։ Գունդարևայի ու Նասիբովի սիրավեպը տևել է երեք տարի։ Ս. Նասիբովը ենթադրում է, որ իրենց բաժանման համար մեղավոր է ինքը, քանի որ եղել է երիտասարդ և չի կարողացել գնահատել իր երջանկությունը[21]։

  • 1986 թվականին Նատալյա Գունդարևան ամուսնացել է Միխայիլ Ֆիլիպովի հետ, ով Մայակովսկու անվան թատրոնի դերասան էր 1973 թվականից և նախկինում ամուսնացած էր եղել Յուրի Անդրոպովի դստեր՝ Իրինայի հետ[20]։ Այդ ամուսնությունը դերասանուհու համար երջանիկ է եղել և տևել է մինչև նրա մահը։
Միշան եկավ մեր թատրոն և ընկերացավ թատերական ուսումնարանի իմ նախկին համակուրսեցու հետ. այդպիսով մենք հայտնվեցին նույն ընկերախմբում։ Ընկերություն էին անում, կազմակերպում խաղարկումներ... Հետո թատրոնում մենք այնքան միասին աշխատեցինք, որ հասկացանք՝ մենք պիտի ապրենք միասին։ Ես նրա հետ ամուսնացա ոչ թե այն պատճառով, որ նա տաղանդավոր է, այլ այն պատճառով, որ դա նա է...

Նատալյա Գունդարևան երեխաներ չի ունեցել։ Նա ասել է, թե երեխաներին փոխարինել է թատրոնը[18]։ Սակայն քառասուն տարեկանում նրա կյանքում հայտնվել է, այսպես կոչված, որդեգիր դուստրը՝ Իրինա Դեգտևան։ Գունդարևայի ամուսինը՝ Միխայիլ Ֆիլիպովը, «Նատաշա» վերնագրված իր հուշերի գրքում նրա մասին գրում է.

Ապրում էր ծերունին պառավի հետ։ Նրանք երեխաներ չունեին։ Եվ Աստված ուղարկեց նրանց մի դուստր... Ոչ թե Ձյունանուշիկ, ոչ էլ Մատնաչափիկ, այլ ինչպես Մաուգլի՝ մարդու ձագ՝ Իրկային։ Մենք երկուսս էլ կապվեցինք նրա հետ, իսկ նա՝ մեզ հետ։ Երբ մենք ստացանք այդ Ընկեցիկին, նա տասներեք տարեկան էր, այնպես որ շատ հոգսերից ազատված էինք. նա գիտեր կարդալ, լողալ, և ոչ ոք մեզ դպրոց չէր կանչում վատ առաջադիմության կամ չարությունների համար։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1966 ֆ Хмырь
1972 ֆ Բարև և մնաս բարով Здравствуй и прощай Նադեժդա Սերգեևնա
1972 ֆ Մոսկվայում ուղանցմամբ... В Москве проездом… հեռադիտակ վաճառող
1973 ֆ Նշանակում Назначение Մայա Զոլոտկովա
1973 ֆ Փնտրում եմ մարդու Ищу человека Կլավա
1974 ֆ Ծիծաղելի մարդիկ Смешные люди! Մաշունյա
1974 ֆ Աշուն Осень Դուսյա
1974 ֆ Ամենատոթ ամիսը Самый жаркий месяц Տանյա
1974 ֆ Սերգեևը փնտրում է Սերգեևին Сергеев ищет Сергеева տեղկոմի նախագահ
1976 ֆ Քաղցր կինը Сладкая женщина Աննա Դոբրոխոտովա
1976 ֆ Տրուֆալդինոն Բերգամոյից Труффальдино из Бергамо Սմերալդինա (վոկալ՝ Ելենա Դրիացկայա)
1977 ֆ Подранки Տասյա
1977 ֆ Հետադարձ կապ Обратная связь Մեդվեդևա
1978 ֆ Երաշխավորելով կյանք Гарантирую жизнь Օլգա
1978 ֆ Գնալիս գնա Уходя — уходи Մարինա
1978 ֆ Ձեզ սպասում է քաղաքացուհի Նիկանորովան Вас ожидает гражданка Никанорова Կատյա Նիկանորովա
1978 ֆ Հետք հողի վրա След на земле Կլավա
1979 ֆ Արձակուրդ սեպտեմբերին Отпуск в сентябре Վալերիա
1979 ֆ Աշնանային մարաթոն Осенний марафон Նինա Բուզիկինա
1980 ֆ Երևակայական հիվանդ Мнимый больной Բելինա
1980 ֆ Հետաքննությունը վարում են Գիտակները։ Գնացել է ու չի վերադարձել Следствие ведут ЗнаТоКи. Ушёл и не вернулся Ալյոնա Միլովիդովա
1980 ֆ Ռուսաստանի սպիտակ ձյունը Белый снег России Նադեժդա
1980 ֆ Մի անգամ՝ քսան տարի անց Однажды двадцать лет спустя Նադյա Կրուգլովա
1980 ֆ Խեղճ հուսարի մասին բարի խոսք ասեք․․․ О бедном гусаре замолвите слово Ժուժու
1980 ֆ Դուլսինեա Տոբոսացի Дульсинея Тобосская Ալդոնսա-Դուլսինեա
1980 ֆ Անկոչ ընկեր Незваный друг Աննա Գլուշենկովա
1981 ֆ Ծախված ծիծաղ Проданный смех ֆրաու Բեբեր
1982 ֆ Մանկական աշխարհ Детский мир Լյուդմիլա Յակովլևնա
1983 ֆ Միայնակներին հատկացվում է հանրակացարան Одиноким предоставляется общежитие Վերա Գոլուբևա
1983 ֆ Դեռահասը Подросток Տատյանա Պավլովնա
1983 ֆ Հնության ժամկետ Срок давности Նատալյա
1983 ֆ Մանկատան տիրուհին Хозяйка детского дома Ալեքսանդրա Վանեևա
1983 ֆ Ե՛վ կյանք, և՛ արցունքներ, և՛ սեր И жизнь, и слёзы, и любовь խոհարարուհի
1985 ֆ Օդեսայի սխրանքը Подвиг Одессы Գրունյա
1985 ֆ Ձմեռային երեկո Գագրայում Зимний вечер в Гаграх Մելնիկովա, երգչուհի
1985 ֆ Դատավոր Իվանովայի անձնական գործը Личное дело судьи Ивановой Լյուբով Իվանովա
1985 ֆ Прощание славянки Ժենյա
1985 ֆ Արևի երեխաները Дети солнца Մելանյա Նիկոլաևնա
1987 ֆ Ճակատագրի ընտրյալը Избранник судьбы պանդոկապանուհի
1988 ֆ Կլիմ Սամգինի կյանքը Жизнь Клима Самгина Մարինա Պետրովնա Զոտովա (Պրեմիրովա)
1988 ֆ Аэлита, не приставай к мужчинам Աելիտա
1989 ֆ Оно Կլեմանտինկա դե Բուրբոն
1989 ֆ Երկու նետ։ Քարե դերի դետեկտիվ Две стрелы. Детектив каменного века Այրի
1989 ֆ Սիրտը քար չէ Сердце не камень Ապոլինարիա Խալիմովա
1990 ֆ Անձնագիր Паспорт Ինգա
1990 ֆ Շնային խնջույք Собачий пир Ժաննա
1990 ֆ Գայթակղություն Բ. Искушение Б. Նատալյա Պետրովնա
1991 ֆ Виват, гардемарины! կայսրուհի Ելիզավետա
1991 ֆ Խենթերը Чокнутые իշխանուհի Օտրեշկովա
1991 ֆ Սիբիրում լքվածը Затерянный в Сибири Ֆաինա
1991 ֆ Тысяча долларов в одну сторону Անֆիսա
1991 ֆ Հավ Курица Ալլա
1991 ֆ Ավետյաց երկինք Небеса обетованные Լյուսկա
1992 ֆ Գարդեմարիններ 3 Гардемарины 3 կայսրուհի Ելիզավետա
1992 ֆ «Չելենջերի» բեկորը Осколок «Челленджера» Զինաիդա
1993 ֆ Ալֆոնս Альфонс Սվետա
1993 ֆ Թագուհու անձնական կյանքը Личная жизнь королевы Ռապա
1993 ֆ «Սատանայի» պատանդները Заложники «Дьявола» Ելենա Սերգեևա
1994 ֆ Պետերբուրգյան գաղտնիքներ Петербургские тайны Տատյանա Լվովնա Շադուրսկայա, իշխանուհի
1995 ֆ Մոսկովյան արձակուրդներ Московские каникулы Դուսյա
1998 ֆ Դրախտային խնձոր Райское яблочко Ռիմա Պետրովնա Կրուտիլինա, տնօրեն
1998 ֆ Ուզում եմ գնալ բանտ Хочу в тюрьму Մաշա
1999 ֆ Քրեական տանգո Криминальное танго
2000 ֆ Սեր.ru Любовь.ru Մարինա
2001 ֆ Ռոստով-պապա Ростов-папа Աննա Գուսարովա
2001 ֆ Սալոմե Саломея Վասիլիսա Սավիչնա

Հեռուստաներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 – Զառիթափ (ռուս.՝ Обрыв) – Մարֆինկա
  • 1975 – Վերադարձ (ռուս.՝ Возвращение) – Սոֆյա
  • 1975 – Պանդոկապանուհին (ռուս.՝ Трактирщица) – Միրանդոլինա
  • 1978 – Կապիտանի աղջիկը (Էջեր վեպից) (ռուս.՝ Капитанская дочка (Страницы романа)Եկատերինա Երկրորդ
  • 1986 – Անցում ամառային ժամանակին (ռուս.՝ Переход на летнее время) – Վենցովա

Մուլտֆիլմերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 - Կամ թռչում է, կամ գազան
  • 1986 - Հեքիաթ հիմար ամուսնու մասին
  • 1993 - Ծաղրածու Բալակիրևը - Եկատերինա I

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն դերասանուհի ըստ «Советский экран» ամսագրի հարցումների (1977, 1981, 1985)
  • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1978) – ժամանակակիցների կերպարների ստեղծման և կատարողական մեծ վարպետության համար
  • ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1980) – Նինա Բուզիկինայի դերը կատարելու համար (ֆիլմ «Աշնանային մարաթոն»)
  • Բուլղարիայի IX միջազգային կինոփառատոնի մրցանակ (1981)
  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1984) – Ա. Սալինսկու «Молва» ներկայացման մեջ Սեդոֆևայի և Ն. Լեսկովի «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» ներկայացման մեջ Կատերինա Լվովնա Իզմայլովայի դերերը կատարելու համար
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արստիստուհի (1986)
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության «Նիկա» մրցանակ «Տարվա դերասանուհի» անվանակարգում (1990)
  • «Созвездие» համառուսական փառատոնի «Ալմաստե պսակ» մրցանակ (1990).
  • Մոնրեալի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (1990)
  • Մոսկվայի մրցանակ (1994)
  • «Բյուրեղապակե Տուրանդոտ» մրցանակ (1996)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (3 փետրվարի, 1998) – թատերական արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման համար[22]
  • «Կուռք» անկախ մրցանակ (1999)
  • Բաքվի «Արևելք-Արևմուտք» միջազգային կինոփառատոնի մրցանակ – կնոջ լավագույն կերպարի համար (2000)
  • Կոնստանտին Ստանիսլավսկու անվան միջազգային թատերական մրցանակ (2001)
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (2002)
  • Կինոյի ռուսական ակադեմիայի «Ոսկե արծիվ» մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ռոստով-պապա» ֆիլմի համար (2003)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. Ирина Кравченко Сильная слабая женщина // Gala Биография. — 2007. — № 08. — С. 50-66.
  4. 4,0 4,1 Наталья Старосельская / ЖЗЛ гл-1
  5. Наталья Старосельская / ЖЗЛ гл-2
  6. биография в энциклопедии «Кругосвет» (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  7. Наталья Старосельская / ЖЗЛ гл-3
  8. 8,0 8,1 Андрей Плахов. Умерла Наталья Гундарева / газета «Коммерсантъ» № 86/П (3170) от 16.05.2005 (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  9. Личная тайна Натальи Гундаревой / Комсомольске правда (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  10. 10,0 10,1 Наталья Старосельская / ЖЗЛ гл-4
  11. биография на people.ru (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  12. «Ну и что?! Я такая, какая есть!». Памяти Натальи Гундаревой / АиФ / Валентина Оберемко (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  13. Наталья Гундарева: расплата за успех (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  14. «Мольеру не хватило места» / Вечерний клуб, 14 сентября 2001 года / Глеб Ситковский (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  15. Наталья Старосельская / ЖЗЛ гл-6
  16. Лесные пожары: вторая волна / vesti.ru (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  17. Наталья Старосельская / ЖЗЛ гл-5
  18. 18,0 18,1 Наталья Гундарева. Стало горше оттого, что не стало «сладкой женщины» / 16.05.2005 Արխիվացված 2015-06-22 Wayback Machine Правда (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  19. Эксперты установили истинную причину смерти актрисы Натальи Гундаревой / kino.km.ru(չաշխատող հղում) (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  20. 20,0 20,1 Любовь Натальи Гундаревой / «Комсомольская правда» Анна Велигжанина — 21.08.2003 (Ստուգված է 21 Հոկտեմբերի 2010)
  21. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.
  22. Указ Президента РФ от 3 февраля 1998 г. № 122

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Старосельская Н. Наталья Гундарева. — М., 2008. — 304 с. — (серия «Жизнь замечательных людей»). — 5000 экз. — ISBN 978-5-235-03112-8
  • Мережко В. Вчера, сегодня, завтра… [: Наталья Гундарева ] // Мой любимый актёр: Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [: сб.] / Сост. Л. И. Касьянова. М.: Искусство, 1988. С.371—382.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Գունդարևա» հոդվածին։