Jump to content

Հայաստանի կենսաբազմազանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կենսաբազմազանություն, օդային, ցամաքային և ջրային էկոհամակարգերի կենդանի օրգանիզմների տարատեսակությունը, որը ներառում է ներտեսակային, միջտեսակային և էկոհամակարգերի բազմազանությունը։ Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության, հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է։

Հայաստանի աշխարհագրական դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու՝ հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը։ Հայաստանի տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝ ողնաշարավորներ։ Ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն անցնում է մի քանի տասնյակ հազարից։ Հայաստանի կենսաբազմազանությունը հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակներ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ հատկանիշներով։ Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր ոլորտներում։

Կենսաբազմազանության օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանության օգտագործումը Հայաստանում ընթացել է տարերայնորեն, առանց հաշվի առնելու բուսական և կենդանական պաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Դրա պատճառով աստիճանաբար տեղի են ունեցել տեսակների դեգրադացիա և ոչնչացում՝ հանգեցնելով կենսաբազմազանության աղքատացման։ Այս երևույթն առավել ակտիվ է ընթացել վերջին հարյուրամյակում՝ կապված շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ աղտոտվածությունների աճի, ինչպես նաև անտառների, արոտավայրերի և այլ էկոհամակարգերի ակտիվ շահագործման հետ։ Իրավիճակն ավելի է սրվել վերջին տարիների քաղաքական և սոցիալ-տնտեսական վերակառուցումների ընթացքում կենսաբազմազանության անկայուն օգտագործման պատճառով որոշ բնակմիջավայրեր դեգրադացվել են (ներառյալ անտառները, լեռնային արոտավայրերը և գերխոնավ տարածքները), իսկ մի շարք տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։

Կենսաբազմազանության պահպանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական և մարդահարույց ներգործության արդի պայմաններում պահպանության կարիք ունեն Հայաստանի բուսատեսակների և կենդանատեսակների գրեթե կեսը։ Կենսաբազմազանության պահպանությունը համընդհանուր էկոլոգիական խնդիր է։ Բուսական և կենդանական աշխարհների յուրաքանչյուր տեսակի կորուստը կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության, հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման համար։

Կենսաբազմազանության պահպանության հիմնական խնդիրներն են բուսական և կենդանական աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության ապահովումը, բուսական և կենդանական աշխարհների օբյեկտների ապօրինի օգտագործման կանխումը և պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից ու բնական աղետներից։

Կենսաբազմազանության պահպանությունն իրականացվում է in-situ (բնական միջավայրում) և ex-situ (բնական միջավայրից դուրս) պայմաններում։

Կենսաբազմազանության in-situ պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանության in-situ պահպանությունն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում (ՀՀ օրենսդրությամբ կենսաբազմազանության պահպանության և օգտագործման հատուկ ռեժիմների սահմանմամբ) և այդ տարածքներից դուրս՝ կենսաբազմազանության օգտագործման նորմավորմամբ։ Կենսաբազմազանության in-situ պահպանությունը և կայուն օգտագործման մոտեցումները հնագույն ժամանակներից դրսևորվել են հայ ժողովրդի տնտեսվարման ավանդական ձևերում։ Պաշտամունքի առարկա են դարձել տարբեր բուսատեսակներ (կենի, սոսի, կաղնի, ընկուզենի և այլն) ու դրանց շրջակայքում սահմանվել պահպանության և օգտագործման հատուկ պայմաններ։

Կենսաբազմազանության ex-situ պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբազմազանության ex-situ պահպանությունն իրականացվում է բուսաբանական և կենդանաբանական այգիներում, դենդրոպարկերում և այլ կանաչ գոտիներում, որի նպատակն է հարստացնել Հայաստանի տվյալ տարածաշրջանի բուսական և կենդանական աշխարհները նոր՝ օտարածին, տնտեսապես արժեքավոր, գեղազարդիչ, դեղատու և այլ օգտակար հատկություններով օժտված բուսատեսակներով և կենդանատեսակներով, ապահովել տեղական հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ և մնացուկային տեսակների պահպանությունը, վերականգնումը և դրանց կայուն օգտագործումը։

1993 թվականին ՀՀ Աժ վավերացրել է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագիրը և ստանձնել միջազգային պարտավորություններ, որոնք վերաբերում են կենսաբազմազանության բաղադրիչների in-situ և ex-situ պահպանությանը, օգտագործման կարգավորմանը, օրենսդրության ու կառավարման համակարգի բարելավմանը, գիտական հետազոտություններին, գենետիկական պաշարների պահպանությանը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։