Կրետե (հնագույն պետություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
Կրետե (Kpiixr), հնագույն պետություն Միջերկրական ծովի արևելյան մասում։ Կրետեն եվրոպական մշակույթի հնագույն օջախներից է։ Մարդու բնակության առաջին հետքերը վերաբերում են հին քարի դարին։ Մեր թվարկությունից առաջ III հազարամյակում առաջացել են վաղ ստրկատիրական պետություններ (Կնոսոս, Փեստոս և այլն), որոնք մեր թվարկությունից առաջ XX-XV դարերին հասան տնտեսական, քաղաքական և մշակութային բարձր զարգացման։ Մեր թվարկություինց առաջ հազարամյակում Կրետեն մեծ դեր է խաղացել Հունաստանի քաղաքական և մշակութային կյանքում։ Կրետեի պոլիսները ստեղծել են խնամքով մշակված օրենքների ժողովածու։
Մեր թվարկությունից առաջ 67 թվականին Հռոմը նվաճել է Կրետեն։ Հռոմեական կայսրության բաժանումից (395 թվական) հետո մտել է Արևելահռոմեական կայսրության (Բյուզանդիա) կազմի մեջ։ 823-961 թվականներին պատկանել է արաբներին, 961-1204 թվականներին՝ Բյուզանդիային։ 1204 թվականին Կրետեն նվաճել են խաչակիրները և նույն թվականին վաճառել Վենետիկին։
1669 թվականին զավթել է օսմանյան Թուրքիան (1715 թվականից՝ վերջնականապես)։ Կրետեի բնակչությունը մասնակցել է 1821—1829 թվականների հուն, ազգային-ագատագրական հեղափոխությանը, սակայն Կրետեն դուրս է մնացել 1830 թվականին ստեղծված հուն, անկախ պետությունից։ XIX դարին թուրքական տիրապետության դեմ բռնկվել են ազգային-ազատագրական ապստամբություններ։ 1897 թվականի հույն-թուրքական պատերազմից հետո 1898 թվականին Կրետեին տրվեց վարչական ինքնավարություն՝ եվրոպական «պետությունների հովանավորության ներքո»։ 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմներից հետո, 1913 թվականի Լոնդոնի հաշտության պայմանագրով, որը հաստատվեց 1913 թվականի հույն-թուրքական պայմանագրով, Կրետեն վերամիավորվեց Հունաստանին։ 1941 թվականի մայիս-հունիսին Կրետեն զավթեցին գերմանա-ֆաշիստական զորքերը։ Ազատագրվեց 1944 թվականի նոյեմբերին։
Հայերը Կրետեում հաստատվել են դեռևս VIII դարում։ Բյուզանդիայի կայսր Նիկեփորոս II Փոկասը (963-969 թվականներ), բարձր գնահատելով Կրետեի գրավման ժամանակ հայ զինվորների (որոնք կազմել են բյուզանդական հեծելազորի 1/3-ը) և զորավարների դերը արաբների դեմ հաղթանակում, բազմաթիվ հայ ընտանիքների թույլ տվեց Փոքր Ասիայից տեղափոխվել Կրետե։ X դարի 70-ական թվականներին Կրետեում ապրել է ավելի քան 20000 հայ։ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո շատ հայեր եկել են Կրետե։ Կրետեի շատ բնակավայրեր հիմնել են հայերը։ Մինչև այսօր կան հայկական ծագում ունեցող բազմաթիվ տեղանուններ։ Ռեթիմնոնում, Սիթիայում, Արմենոխորում և այլուր եղել են հայկական համայնքներ։ Հունաստանի հայկական եկեղեցիների մեջ Կրետեի Իրակլիոն քաղաքի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ամենահինն է (1646 թվական) և գործում է ցայսօր։ 1711-1734 թվականներին Կրետեի հայերի հոգևոր առաջնորդն էր Աբրահամ Կրետացին։ XVII-XVIII դարերին հայերի զգալի մասը ուծացվել է։ 1880-ական թվականներին Կորնթոսի ջրանցքի ավարտից հետո մեծ թվով հայ բանվորներ հաստատվել են Կրետեում։ 1894-1896 թվականներին, 1909 թվականին, 1915 թվականին և 1922 թվականին Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայկական կոտորածներից փրկված շատ հայեր ապաստանել են Կրետեում։ 1925 թվականին Կրետեում ապրել է 8000 հայ, որոնց մի մասը ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1955 թվակականին Կրետեում ապրել է 60 հայ ընտանիք, հիմնականում՝ Իրակլիոնում, քիչ թվով՝ Ռեթիմնոնում և Սիթիայում։ Իրակլիոնի հայկական եկեղեցու թաղական խորհուրդը հաշվետու է Աթենքի ազգային կենտրոնական վարչությանը և հայոց հոգևոր առաջնորդին։ 1954 թվականին կազմվել է մարզական միություն։ Իրակլիոնի թանգարանում պահվում են հայկական արձանագրություններ։ Հայկական եկեղեցում և հայկական ընտանիքներում պահպանվում են մագաղաթներ, հնատիպ գրքեր, թանգարանային իրեր։ 1970-ական թվականներին Կրետեում եղել է մոտ 200 հայ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 686)։ |