Կինը (անգլ.՝ A Woman, մյուս անվանումը՝ Charlie the Perfect Lady / The Perfect Lady), Չարլի Չապլինի կարճամետրաժ համր ֆիլմ, նկարահանված 1915 թվականին։ Նկարահանված է՝ Essanay Studios կինոընկերությունում։ Ֆիլմի առաջին պրեմիերան, տեղի է ունեցել 1915 թվականի հուլիսի 12-ին, ԱՄՆ-ում։ Չապլինի հայտնի կինոկատակերգություններից է։ Ֆիլմում օգտագործվել է մի հայտնի հնարք կինեմատոգրաֆի մեջ, երբ տղամարդը որպես կին է կերպարանափոխվում, ինչը հետագայում շատ են օգտագործել ուրիշ ֆիլմերում։
Թափառաշրջիկ Չարլին զբոսնում է մի այգով, որտեղ փորձում է սիրահետել մի երիտասարդ կնոջ, սակայն վերջինս «զբաղված» է ուրիշ տղամարդու կողմից։ Չարլին որոշում է խանգարել նրանց, և տղամարդուն լիճն է գցում։ Հետո սկսում է շփվել, այգում հանգստացող մի աղջկա, և իր մոր հետ։ Նրանք որպես հյուր, իրենց հետ են տանում նոր ծանոթին, իրենց տուն։ Աղջիկն ու մայրը ճաշում են երիտասարդի հետ, հետո հայտնվում է ընտանիքի հայրը, որը պարզվում է, հենց այն՝ լիճը գցված տղամարդն է։ Փախչելով Չարլին հայտնվում է աղջկա սենյակում, որտեղ մի գեղեցիկ կանացի զգեստ է նկատում։ Նա որոշում է հագնել զգեստը և կերպարանափոխվել որպես կին, որպեսզի հայրը չհարձակվի նրա վրա։ Աղջիկն ասում է Չարլիին, որ նա պետք է կտրի իր բեղերը։ Վերադառնալով հյուրասենյակ, թափառաշրջիկը ներկայանում է որպես աղջկա ընկերուհին։ Հայրն ու նրա ընկերը սկսում են սիրահետել Չարլիին։ Վերջ ի վերջո ամեն բան պարզ է դառնում, բայց Չարլին և հայրը պայմանավորվում են, որ առաջինը չի պատմի ոչ ոքին, որ երկրորդը այգում սիրահետում էր ուրիշ կնոջ, իսկ երկրորդը չի խանգարի, առաջինի և աղջկա հարաբերություններին։