Կարմրաոտ բազե
Կարմրաոտ բազե | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Falco vespertinus
| ||||||
|
Կարմրաոտ բազե (լատին․՝ Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն, որը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
Մարմնի երկարությունը 29-33 սմ է, էգերը մեծ են արուներից։ Տարածված է տափաստաններում և անտառատափաստաններում, Արևելյան Եվրոպայից մինչև Պրիմորիե։ Չվող թռչուն է, ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում։ Սովորաբար զբաղեցնում է ուրիշ թռչունների բները։ Դնում է 3-4 խայտաբղետ ձու։ Սնվում է միջատներով, մանր կրծողներով, որոնց ոչնչացնելով մեծ օգուտ է տալիս։ Քանակը խիստ նվազելու պատճառով պահպանության տակ է առնված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 29-31 սմ է, թևերի բացվածքը՝ 66-78 սմ, կենդանի զանգվածը՝ 130-170 գ։ Արուի ընդհանուր գունավորումը սևակապտամոխրագույն է, առաջնային փետուրները՝ ավելի բաց մոխրագույն, ոտքերից մինչև ներքնապոչը՝ կարմիր։ Էգի գագաթը և մարմինը ներքևից նարնջագույն են, ակնադիմակը և բեղերը՝ սև, մեջքը՝ կապտամոխրագույն, զոլավոր, աչքերի շուրջը և կտուցի հիմքը՝ կարմիր։ Երիտասարդը վերևից մուգ կապտամոխրագույն է, փետուրները՝ լայն, շիկակարմիր՝ դարչնագույն երիզով, գագաթը, ճակատը՝ բաց գույնի, մարմինը՝ ներքևից բաց դարչնագույն՝ շիկակարմրադարչնագույն խայտերով։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրող-չվող է, հազվագյուտ։ Զոհին փնտրում է՝ լարերին նստած կամ օդում կանգի պահին նետվում նրա վրա։ Բնակվում է բաց տարածքներում։ Գարնանային վերադարձը՝ մայիսի առաջին կեսին։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է անողնաշարավորներով և այլ մանր կենդանիներով։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում է մայիսի վերջին՝ ծառերի փչակներում կամ փորվածքներում, ագռավների հին բներում։ Դնում է 37 մմ տրամագծով, դեղնասպիտակ՝ դարչնագույն վրձնախազերով 3-6 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ 28 օր։ Երիտասարդ թռչունները հայտնվում են օգոստոս-սեպտեմբերին։
Համարվում է որսորդ թռչուն։ Ոչնչացնում է մանր կրծողներին։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում։ Հայաստանում հայտնի է Արտաշատի, Հոկտեմբերյանի և Էջմիածնի շրջաններում, առավելապես Արաքս գետի հովտում և վտակներում։ Բնադրավայրը հայտնաբերվել են նաև Հրազդանի շրջանի Ծաղկաձոր գյուղում։ Դասվում է Հայաստանի բնադրող, չվող թռչունների թվին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետացող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Թվաքանակը և դրա փոփոխման միտումները հայտնի չեն։ Վերջին տարիներին բնադրման դեպքեր չեն նկատվել։
Հավանաբար վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում ապրելավայրերի քայքայումը և կերային պաշարների կրճատումը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 243)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |