Խորհուրդների համագումարներ (ԽՍՀՄ)
Խորհուրդների համագումարներ, Խորհրդային Ռուսաստանում և մի շարք այլ միութենական հանրապետություններում իշխանության տեղական և կենտրոնական մարմիններ 1917 թվականից մինչև 1936 թվականը։ Ներառել է շրջանային (գավառային), մարզային (նահանգային), երկրամասային, հանրապետական (ինքնավար և միութենական հանրապետությունների) խորհուրդների համագումարներն ու Խորհուրդների համամիութենական համագումարը։
Համագումարները կազմավորվում էին բազմաստիճան ընտրությունների միջոցով, բաց քվեարկությամբ ուղղակի ընտրությունները կիրառվում էին միայն քաղաքային և գյուղական խորհուրդների պատգամավոր ընտրության ժամանակ (ընտրությունները տեղի էին ունենում արտադրական և տերիտորիալ սկզբունքով գումարվող ժողովներում)։ Շրջանային (գավառային) խորհուրդների համագումարներ կազմավորվում էին տվյալ շրջանի տարածքում գտնվող քաղաքային և գյուղական խորհուրդների ներկայացուցիչներից։ Խորհուրդների մարզային, նահանգային, հանրապետական և համամիութենական համագումարները կազմավորվում էին ստորադաս Խորհուրդների համագումարների ներկայացուցիչներից։ Մասնավորապես մարզային (նահանգային), երկրամասային, ինքնավար հանրապետության Խորհուրդների համագումարներ կազմավորվում էին շրջանային խորհուրդներում ընտրված պատգամավորներից։ Օրենսդրությամբ նախատեսվում էր նաև շրջանային, մարզային (նահանգային) և երկրամասային համագումարներ անմիջականորեն պատգամավորներ ուղարկել քաղաքի սահմաններից դուրս գտնվող ֆաբրիկաներից ու գործարաններից։
Միութենական հանրապետությունների Խորհուրդների համագումարները կազմավորվում էին մարզային (նահանգային), երկրամասային (նահանգային բաժանում չունեցող հանրապետությունների Խորհուրդների համագումարներ՝ շրջանային) Խորհուրդների համագումարների ներկայացուցիչներից։ Խորհուրդների համագումարները որոշում էին պետական, տնտեսական, մշակութային շինարարության հարցեր։ Խորհուրների միութենական և հանրապետական համագումարները կառավարության զեկույցների հիման վրա սահմանադրական, տնտեսության և մշակութային, պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով ընդունում էին կարևորագույն որոշումներ։ 1936 թվականի ԽՍՀՄ սահմանադրությամբ Խորհուրդների համագումարներին փոխարինեցին միասնական, աշխատավորների պատգամավորների խորհուրդները, 1977 թվականի սահմանադրությամբ՝ ժողովրդական պատգամավորների խորհուրդները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 13)։ |