Խամ (գերմ.՝ Cham ZG), քաղաք ՇվեյցարիայիՑուգ կանտոնում, Ցուգ լճի ափին։ Զբաղեցնում է 17.8 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով քաղաքում ապրում էր 16,571 մարդ, որոնց գերակշիռ մեծամասնությունը՝ 85.7%-ը գերմանախոս էր[2]։
Հնագիտական պեղումների արդյունքները վկայում են, որ Ցուգ լճի ափերը բնակեցված են եղել դեռևս 6000 տարի առաջ։ Խամի մերձակայքում պեղվել են նաև միջին և ուշ բրոնզի դարաշրջանների բնակավայրերի ավերակներ։ Իսկ Հագենդորն գյուղում 1944–45 թվականներին հայտնաբերվել է հին հռոմեական ժամանակների ջրաղաց, Հայլիգկրոյցում՝ այդ նույն ժամանակների պահեստարան։
Բնակավայրի «Խամ» անվանումը նշանակում է գյուղ և վերագրվում է Ցուգ լճի ափին հարյուրավոր տարիներ առաջ գոյություն ունեցած կելտական մեծ բնակավայրին։ Արևմտյան հռոմեական կայսրության կործանումից հետո այստեղ ալեմանյան բնակավայր է եղել։ Պատմական փաստաթղթերում այն որպես Խամա քաղաք հիշատակվել է 858 թվականիապրիլի 16-ին Լուի Գերմանացու նվիրատվական արձանագրության մեջ, որտեղ թագավորը նշում է, որ Խամա քաղաքը ընծայում է ՑյուրիխիՖրաումյունստեր վանքի աբբայությանն անդամագրված իր դստերը՝ Հիլդեգարդին։
1360 թվականին Խամին շնորհվել է խարտիա և իրավունք է վերապահվել ունենալու իր շուկան։
Խամի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ նորքարեդարյան լճափնյա Eslen բնակավայրը, Ֆրաուենտալի ցիստերցյան վանքը, սբ. Անդրեասի միջնադարյան ամրոցը, հին քաղաքամասի երկու շենք ու աղյուսապատ մի բակ[4]։ Հիշատակման արժանի պատմամշակութային հուշարձաններից է նաև 18-րդ դարում ուշ բարոկկոյի ճարտարապետական ոճով կառուցված St. James եկեղեցին՝ 15-րդ դարի գոթիկա ոճի աշտարակով հանդերձ[5]։