Jump to content

Լիվիա Տուրկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիվիա Տուրկո
իտալ.՝ Livia Turco
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 13, 1955(1955-02-13) (69 տարեկան)
Ծննդավայր Մորոցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Livia Turco
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Լիվիա Տուրկո (իտալ.՝ Livia Turco, փետրվարի 13, 1955(1955-02-13), Մորոցո, Կունեո, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի ձախակենտրոնամետ քաղաքական գործիչ, սոցիալական համերաշխության նախարար (1996-2001 թվականներ), առողջապահության նախարար (2006-2008 թվականներ)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի փետրվարի 13-ին Կունեոյում, ավարտել է դասական վարժարանը, զբաղվել է դասավանդմամբ, 1978-1982 թվականներին եղել է Իտալիայի կոմունիստական երիտասարդական ֆեդերացիայի (FGCI) քարտուղար Թուրին գավառում, 1986 թվականից եղել է Իտալիայի կոմունիստական կուսակցության քարտուղարության անդամ։ Ձախ կուսակցությունների վերակազմավորմանը զուգընթաց հաջորդաբար անդամակցել է Դեմոկրատական կուսակցության ձախ ուժերին[1]։

1987-2006 թվականներին Տուրկոն եղել է X-XIV գումարման պատգամավորների պալատի անդամ, 2008-2013 թվականներին եղել է XVI գումարման պատգամավոր[2]։ 2006-2008 թվականներին Պիեմոնտից սենատոր է եղել[3]։

Ձախակենտրոնամետ կառավարություններում (1996-2001, 2006-2008 թվականներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ (աջ կողմից) Հռոմի Սուրբ Գալիքան հիվանդանոց այցելության ժամանակ (2008 թվականի հունվարի 9)

1996-2001 թվականներին Լիվիան Տուրկոն սոցիալական համերաշխության նախարար է եղել ձախակենտրոն չորս կառավարություններում՝ Պրոդիի առաջին կառավարությունում (1996 թվականի մայիսի 17-ից մինչև 1998 թվականի հոկտեմբերի 21-ը[4]), Դ'Ալեմայի առաջին[5] (1998 թվականի հոկտեմբերի 21-ից մինչև 1999 թվականի դեկտեմբերի 22-ը[6]) և երկրորդ (1999 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը) կառավարություններում և Ամատոյի երկրորդ կառավարությունում (2000 թվականի ապրիլի 25-ից 2001 թվականի հունիսի 11-ը)[7]։

Լինելով նախարար՝ Ջորջո Նապոլիտանոյի հետ նախաձեռնել է այսպես կոչված «Տուրկո-Նապոլիտանոյի օրենքը» (1998 թվականի մարտի 6-ի № 40 օրենք), որը կոչված էր խրախուսելու օրինական ներգաղթը Իտալիա և խոչընդոտելու անօրինական ներգաղթին։ Այդ նորմատիվային ակտով ստեղծվել էր ժամանակավոր կացության կենտրոնների ցանց (Centri di Permanenza Temporanea), որտեղ առանց փաստաթղթերի Իտալիա մուտք գործել ցանկացողները պետք է գրանցված լինեին 30 օրվա ընթացքում, և այդ ժամկետի ընթացքում նրանց ինքնությունը պարզելու անհնարինության դեպքում 15 օրվա ընթացքում ենթակա էին արտաքսման[8]։

2000 թվականի ապրիլի 16-ի Պյեմոնտում կայացած տարածաշրջանային ընտրություններում Տուրկո Լիվիայի գլխավորած «Livia Turco Piemonte» ձախակենտրոնամետ դաշինքը պարտություն է կրել՝ ստանալով ընտրողների 33,12 %-ի աջակցությունը՝ Էնցո Գիգոյի գլխավորած աջակենտրոնամետ կոալիցիայի ձայների 61,92 %-ի դիմաց[9]։

Պրոդիի երկրորդ կառավարությունում (2006 թվականի մայիսի 17-ից մինչև 2008 թվականի մայիսի 6-ը) Տուրկոն ստացել է առողջապահության նախարարի պաշտոնը[10]։ 2006 թվականին Il Giornale թերթում «Տուրկոն ցանկանում է օրինականացնել էվթանազիան» վերնագրով հոդված է լույս տեսել, ինչի հետևանքով նրա խմբագիր Մաուրիցիո Բելպիետրոն ստիպված է եղել ներողություն խնդրել՝ ընդունելով խմբագրության սխալը․ լրագրողները շփոթել են «Ռոզա» կուսակցության ներկայացուցիչ Մաուրիցիո Տուրկոյին առողջապահության նոր նախարարի հետ։ Ի պատասխան Բելպիետրոյի արդարացումներին, որ սխալի պատճառ է դարձել ձախակենտրոն մեծամասնության օրինագիծը, որը ենթադրում էր իրենց համար անընդունելի բուժման և էվթանազիայի մեթոդների նախապես հայտարարագրման պրակտիկական կիրառում, Տուրկոն հայտնել է իր վրդովմունքը և հիշեցրել, որ որպես կառավարության անդամ իրավունք չունի օրինագծեր նախաձեռնել[11]։

Հեռանալը քաղաքականությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, գլխավորել է ներգաղթի և Դեմոկրատական կուսակցությունում սոցիալական քաղաքականության ֆորումը (Forum immigrazione e politiche sociali)[1]։

2006 թվականի հունվարին Լիբիան Տուրկոն պաշտոնապես ամուսնացել է տարածաշրջանային իշխանությունների աշխատակազմի աշխատակից Պյեմոնտ Ագոստինո Լոպրևիտեի հետ, որի հետ մոտ քառորդ դար սերտ հարաբերությունների մեջ էր[12]։ Նրանց ընտանիքը իտալական մամուլը համարում է տղամարդու և կնոջ միջև նոր հարաբերությունների օրինակ․ երբ 1992 թվականին ծնվել է նրանց միակ որդին՝ Էնրիկոն, հենց Լոպերվիտեն է արձակուրդ վերցրել երեխայի խնամքի համար, քանի որ Տուրկոն զբաղված էր նախընտրական քարոզարշավով[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Giorgio Dell’Arti (2014 թ․ հոկտեմբերի 4). «Livia Turco». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  2. «Livia Turco». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei deputati (Portale storico). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. «Livia Turco». Dati anagrafici e incarichi (իտալերեն). Senato dellaRepubblica. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Governo Prodi - (17.05.1996 - 21.10.1998)» (իտալերեն). Governo Italiano.
  5. «II Governo D'Alema - (22.12.1999 - 25.04.2000)» (իտալերեն). Governo Italiano.
  6. «I Governo D'Alema (21.10.1998 - 22.12.1999)» (իտալերեն). Governo Italiano.
  7. «II Governo Amato - (25.04.2000 - 11.06.2001)» (իտալերեն). Governo Italiano.
  8. «Immigrazione, prima della Bossi-Fini c'era la Turco-Napolitano. Ecco cosa diceva» (իտալերեն). Blitz Quotidiano. 2013 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  9. «REGIONALI DEL 16 APRILE 2000 (Piemonte)». ARCHIVIO STORICO DELLE ELEZIONI (իտալերեն). Ministero dell’intero. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  10. «Governo Prodi II (dal 17 maggio 2006 al 6 maggio 2008)». I Governi dal 1943 ad oggi (իտալերեն). Совет министров Италии. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
  11. «Gaffe del Giornale, il direttore chiede scusa, ma a Livia Turco non basta: "Dimettiti"» (իտալերեն). la Repubblica. 2006 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 18-ին.
  12. Arachi Alessandra (2006 թ․ հունվարի 22). «La Turco va a nozze, si sposa la «signora dei Pacs»» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  13. Zoli Serena (2000 թ․ հունվարի 13). «Contrordine uomini: la carriera si fa in casa» (իտալերեն). Corriere della Sera. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվիա Տուրկո» հոդվածին։