Լեոնդինգ (գերմաներեն՝ Leonding. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈleːɔ̯nd̥iŋ]]] (լսել)), քաղաք Ավստրիայում՝ Վերին Ավստրիա նահանգում, վերջինիս վարչական կենտրոն Լինց քաղաքից դեպի հարավ-արևմուտք, Դանուբի և նրա վտակ Պուխենաուի ափերին[3][4]։ 2018 թվականի տվյալներով նրա բնակչության թվաքանակը եղել է 28.698. այդ ցուցանիշով Լինց Լանդ շրջանում զբաղեցրել է առաջին տեղը, Վերին Ավստրիա նահանգում՝ չորրորդ տեղը։
1898-ից մինչև 1905 թվականը Ադոլֆ Հիտլերն ապրել է Լեոնդինգում, որտեղ հաճախել է տեղի տարրական դպրոցը, այնուհետև՝ մերձակա Լինցի միջնակարգ դպրոցը։ Նրա ծնողների՝ Ալոիս և Կլարա Հիտլերների, ինչպես նաև եղբոր՝ Էդմունդի աճյուններն ամփոփված են Լեոնդինգի գերեզմանատանը[5]։ Պասաուի նացիստների պատվիրակությունը ծածուկ այցելել է նրանց շիրիմներին[6]։ 1938 թվականին էլ Հիտլերն էր այցելել նրանց շիրիմներին։ 2012 թվականին գերեզմանը լուծարվել է, քանի որ Ալոիս Հիտլերի առաջին կնոջ՝ Աննայի ազգականը չի նորացրել արտոնագիրը[7]։ Հիտլերի հայրը մահացել էր 1903 թվականին, Լեոնդինգի իջևանատանը, գինեխմության ժամանակ։
2000 թվականից Լեոնդինգի բնակչությունը կտրուկ ավելացել է՝ 22.203-ից 2018 թվականին հասնելով 28.698-ի։ Դրան մեծապես նպաստել են սերտ հարևանությամբ գտնվող Լինցի համեմատ բնակարանների զգալի էժանությունը, աշխատատեղերի առկայությունը, ալպյան գեղատեսիլ բնությունը։