Թուրք-կիպրական հարաբերություններ
Կիպրոս |
Թուրքիա |
Թուրք-կիպրական հարաբերություններ (թուրքերեն՝ Kıbrıs Cumhuriyeti-Türkiye ilişkileri), երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի և Կիպրոսի Հանրապետության միջև։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Կիպրոս անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից։ 1963 թվականին Կիպրոսի Հանրապետության նախագահ Մակարիոս III-ը առաջարկեց փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ, համաձայն որի կիպրոսցի թուրքերի իրավունքները, ի տարբերություն կիպրոսցի հույների կրճատվելու էին։ Վերջինս, հանգեցրեց թուրքական իշխանությունների բացասական արձագանքին։ Կիպրոսցի թուրքերը մերժեցին նախագահի առաջ քաշած առաջարկությունը, որից հետո կղզու հունական և թուրքական համայնքների միջև սկսվեցին բախումեր։ 1974 թվականին Սև գնդապետները աջակցեցին Կիպրոսում ԷՕԿԱ գաղտնի կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջումը, որի արդյունքում նախագահ Մակարիոս III-ը ստիպված եղավ փախչել երկրից։ Սահմանադրական կարգի վերականգնման պատրվակով Թուրքիան ներխուժեց Կիպրոս և տեղի ունեցած բախումների արդյունքում գրավեց կղզու հյուսիսարևելյան մասը։ 1983 թվականին Ռաուֆ Դենքթաշը հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան[1]։
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախության հռչակումից հետո, Հունաստանի կառավարությունը կարողացավ համոզել ԵՄ անդամ պետություններին, որ մինչև Թուրքիայի ԵՄ անդամակցությունը անհրաժեշտ է լուծել Կիպրոսի հիմնախնդիրը։ Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ քաղաքական այդպիսի պայմանը համադիր չէ տնտեսական ասոցացման գործընթացին։ Սակայն, երբ 1990 թվականին ԵՄ-ն համաձայնվեց դիտարկել Կիպրոսի ԵՄ անդամակցության հարցը, թուրք քաղաքական գործիչները չկարողացան համոզել ԵՄ անդամ պետություններին՝ վետո դնել այդ դիմումի վրա։ 1990 թվականից Թուրքիան աջակցում է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող բանակցություններին, որոնք տեղի էին ունենում կղզու թուրքական և հունական մասերի միջև։ Բանակցությունների նպատակը երկու մասերի միավորումն էր՝ մեկ ընդհանուր պետության ներքո։ 1995 թվականի հունվարի դրությամբ, այդ բանակցություններում առաջընթաց չի նկատվել և դեռևս չի գտնվել այն ճանապարհը, որի միջոցով կարելի է լուծել կիպրոսյան հիմնախնդիրը[2]։
Հունաստանի կառավարությունը ամբողջապես աջակցում է Կիպրոսի Հանրապետությանը, կոչ է անում կղզու տարածքից դուրս բերել թուրքական զորքերը և վերականգնել պետության տարածքային ամբողջականությունը։ Բացի այդ, միջազգային ֆորումների ժամանակ Հունաստանը մշտապես հանդես է գալիս Կիպրոսի Հանրապետության դիրքերից։ 2004 թվականի ապրիլին Կիպրոսում տեղի է ունեցել հանրաքվե, որտեղ դրվել էր կղզու երկու մասերի միավորման հարցը։ Ընդորում, Կիպրոսի հունական մասը «դեմ» է քվեարկել այս նախագծին, իսկ թուրքական հատվածը՝ «կողմ»։ 2006 թվականի դեկտեմբերին, Կիպրոսի հիմնախնդրի քննարկումների ֆոնին, ԵՄ-ն 8 գլուխների առնչությամբ սառեցրել է Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները և հայտարարել, որ որևէ գլուխ չի քննարկվի, քանի դեռ չի լուծվել Կիպրոսի հիմնախնդիրը։ Եվս 6 գլուխներ, որոնք կապված էին Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ, կասեցվել են Կիպրոսի Հանրապետության կառավարության կողմից[3]։
2017 թվականի հուլիսին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ անիմաստ է փորձել վերականգնել բանակցությունները, որոնք տեղի էին ունենում կղզու երկու համայնքների միջև։ Նա հիշեցրել է, որ հույն-կիպրոսցիները 2004 թվականի հանրաքվեի ժամանակ պատրաստ չեն եղել գնալու կոմպրոմիսի և կղզին շարունակում է երկու մասի բաժանված լինել միմիայն հույների պատճառով։ Թուրքիան հրաժարվում է դուրս բերել իր 35 000 զինծառայողներ, ովքեր ծառայության են զորակոչված Հյուսիսային Կիպրոսում և փոխարինել նրանց միջազգային ոստիկանական ուժերով։ 2017 թվականի դրությամբ Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությանը և շարունակում է ակտիվ հարաբերություններ պահպանել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ[4]։