Jump to content

Թուրքիայի ԵՄ անդամակցության հարց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական Միություն և Թուրքիա
Թուրքիա և ԵՄ

Թուրքիա

Եվրամիություն

Թուրքիայի ԵՄ անդամակցության հարց (անգլ.՝ Accession of Turkey to the European Union, թուրքերեն՝ Türkiye'nin Avrupa Birliği üyeliği süreci), Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը, որը դարձել է նաև հետպատերազմական Եվրոպայի ամենախնդրահարույց հարցերից մեկը։ Բուն Թուրքիայում ԵՄ անդամակցության հարցը դարձել է կարևոր սոցիալ-քաղաքական, տնտեսական, ինքնագիտակցության և անգամ աշխարհայացքային հիմնախնդիր[1], չնայած ժամանակի ընթացքում կորցնում է իր սրությունը։ 2015 թվականի սոցիալական հարցումների արդյունքում Թուրքիայի քաղաքացիների միայն 20 %-ն է ցանկանում անդամակցել ԵՄ-ին։ Նախկինում, այդ թիվը կազմել է 75 %[2]։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության դասակարգման համաձայն, Թուրքիան համարվում է զարգացած պետություն։ Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների շարքում թուրքական տնտեսությունը յոթերորդն է, իսկ ՀՆԱ-ի ցուցանիշներով՝ 15-րդն աշխարհում։ 1996 թվականին «Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության համաձայնագրի» ուժի մեջ մտնելուց հետո, Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձևավորվել է մաքսային միություն։ Թուրքիան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (1961), Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (1971) հիմնադիր անդամ է, ինչպես նաև Արևմտաեվրոպական միության ասոցացված անդամ։ Բացի այդ, Թուրքիան 1999 թվականից անդամակցում է Մեծ քսանյակին, որը սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ։ Երկիրը մտնում է նաև ՄԱԿ-ի «Արևմտյան Եվրոպա և այլ երկրներ» տարածաշրջանային խմբի մեջ։

Թուրքիան Եվրոպայի Խորհրդի հիմնադիրներից մեկն է և ի շնորհիվ 1963 թվականի սեպտեմբերի 12-ին ստորագրված «Եվրոպական տնտեսական միություն-Թուրքիա» համաձայնագրի, Թուրքիան 1964 թվականից սկսած համարվում է ԵՄ-ի և նրան նախորդող կազմակերպությունների ասոցացված անդամ։ Թուրքիան կազմակերպության անդամակցության պաշտոնական հայտը ներկայացրել է 1987 թվականի ապրիլի 14-ին[3], սակայն պահանջվել է 12 տարի, որ ստանա պաշտոնական թեկնածուի կարգավիճակ։ Այդ մասին հայտարարվել է 1999 թվականին՝ Հելսինկիի գագաթնաժողովի ժամանակ։ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի Բրյուսելի գագաթնաժողովից հետո (2004 թվականից հետո տեղի ունեցած խոշոր ընդլայնումից հետո), Եվրոպական Խորհուրդը հայտարարեց, որ 2005 թվականի հոկտեմբերի 3-ից Թուրքիայի հետ սկսվելու են անդամակցության վերաբերյալ պաշտոնական բանակցությունները[4]։ Օրենսդրության ստուգման գործընթացը սկսվել է 2005 թվականի հոկտեմբերի 20-ին[5] և ավարտվել 2006 թվականի հոկտեմբերի 18-ին[6]։

ԵՄ դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակիցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի ԵՄ անդամակցության կողմնակիցները վստահեցնում են, որ լինելով տարածաշրջանի գլխավոր դերակատարներից մեկ և ունենալով խոշոր տնտեսություն, Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում ունի երկրորդ խոշոր բանակը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից հետո։ Կողմնակիցները գտնում են, որ Թուրքիան կուժեղացնի ԵՄ դիրքերը՝ որպես գլոբալ աշխարհաքաղաքական դերակատարի։ Հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի աշխարհագրական դիրքը, նրա տնտեսական, քաղաքական, մշակութային և պատմական կապերը, հարուստ բնական պաշարները, շահեկան են ԵՄ-ի համար՝ դեպի Արևելք ընդլայնվելու համար[7]։ ԵՄ-ի տնտեսական և քաղաքական հետաքրքրությունների ոլորտներում են գտնվում Միջերկրական ծովի արևելյան ափը, Սև ծովյան տարածաշրջանը, Միջին Արևելքը, Կասպից ծովը և Կենտրոնական Ասիան[8]։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կառլ Բիլդի խոսքերով, «Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին կընձեռնի գլխավոր դերակատարություն՝ Միջերկրածովյան տարածաշրջանում և Սև ծովի հարակից շրջաններում ստաբիլիզացիան ապահովելու համար, ինչը, վստահաբար, գտնվում է Եվրոպայի ռազմավարական հետաքրքրությունների ոլորտում»։ Մեծ Բրիտանիան այն երկրներից մեկն է, որը աջակցում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին։ 2008 թվականի մայիսին Եղիսաբեթ II թագուհին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտնել է, որ «Թուրքիան, ԵՄ-ի և ամբողջ աշխարհի համար կրիտիկական այս ժամանակաշրջանում, Արևմուտքի և Արևելքի միջև կապող կամրջի դեր է կատարում»։

Բացի այդ, անդամակցության կողմնակիցները գտնում են, որ Թուրքիան բավարարել է անդամակցության պահանջների մեծ մասը։ 2015 թվականի առաջին եռամսյակի տվյալներով, Թուրքիան կատարել էր ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ պահանջների 65 %[2]: Որոշ քաղաքական գործիչներ էլ կարծում են, որ ԵՄ-ն այլևս չի կարող մերժել Թուրքիային, քանի որ Թուրքիան թեկնածու երկիր է քառասուն տարուց ավելի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասել է էական հաջողությունների։ Այդուհանդերձ, Թուրքիայում գրեթե ամեն օր կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները[9]։

Հակառակորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդուհանդերձ, Եվրամիությունում քիչ չեն այն քաղաքական գործիչները, ովքեր դեմ են Թուրքիայի ԵՄ անդամակցությանը։ Մասնավորապես, այդ հոսանքը սատարում են Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Անդամակցության հակառակորդները գտնում են, որ օրենսդրության մեջ այնպիսի հոդվածի առկայությունը, ինչպիսին է Թուրքիայի քրեական օրենսգրքի չարաբաստիկ 301-րդ հոդվածը (հոդված, որով արգելվում է «թուրքական ինքնագիտակցության վիրավորումը», ընդունվել է 2008 թվականի ապրիլի 30-ին), որի պահպանումը վերահսկվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի կողմից, հակասում են ԵՄ նպատակներին և առաքելությանը։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը ԵՄ պահանջով բարեփոխվել է 2003 թվականի հուլիսի 23-ին։ Թուրքիան չի հետևում ԵՄ առանցքային սկզբունքներին, ինչպես օրինակ, խոսքի ազատությունը որոնք բխում են լիբերալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքներից։

Բացի այդ, Թուրքիայի բնակչության թվաքանակը կփոխի եվրոպական կառույցներում ազգային ներկայացուցչության բալանսը։ ԵՄ-ին անդամակցության պարագայում Թուրքիան՝ իր 80 միլիոնանոց բնակչությամբ, Եվրախորհրդարանում կունենա մեծությամբ երկրորդ ներկայացուցչությունը։ Համաձայն ժողովրդագրական կանխատեսումների, 2020 թվականին Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենամեծ բնակչություն ունեցող պետությունը՝ շրջանցելով Գերմանիային[10]։

Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը՝ մտահոգություն հայտնելով առ այն, որ Թուրքիայի անդամակցությունը կարող է հանգեցնել կառույցի հետագա անկանոն ընդլայնմանը, հատկապես, մեծացնելով անդամակցելու ցանկություն հայտնող պետությունների թիվը։ Նրա կարծիքով, Թուրքիայից հետո Միությանն անդամակցելու ցանկություն կարող են հայտնել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները, և առաջին հերթին Մարոկկոն[11].

Մարոկկոյին մեկ անգամ մերժել էին պաշտոնական թեկնածուի կարգավիճակի ձեռքբերման հարցում, քանի որ վերջինս, աշխարհագրական տեսանկյունից, գտնվում էր Եվրոպայի սահմաններից դուրս[12]։ Թուրքիայի պարագայում, մի փոքր այլ է։ Չնայած, որ երկրի տարածքի 97 %-ը գտնվում Ասիայում, այդուհանդերձ Արևելյան Թրակիան, որը գտնվում է Բալկանյան թերակղզում, պատկանում է Թուրքիային[13]։ 2007 թվականի հունվարին Նիկոլա Սարկոզին, դեռևս նախագահի թեկնածու եղած ժամանակ, հայտարարել էր, որ «Եվրոպան ունի հստակ սահմաններ և ոչ բոլոր երկրները կարող են դառնալ նրա լիիրավ անդամները։ Դա վերաբերում է նաև Թուրքիային, որը տեղ չունի ԵՄ-ի կազմում։ ԵՄ-ի անսահման ընդլայնումը կարող է հանգեցնել եվրոպական քաղաքական միության փլուզմանը»[14][15]։

Բացի այդ, եվրոպական որոշ երկրներ նշում են, որ իրենք դեմ են, որ իսլամադավան երկիրը անդամակցի ԵՄ-ին։ 2004 թվականին Եվրոպական խորհրդի ապագա նախագահ Հերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ «Թուրքիան Եվրոպայի մաս չէ և երբեք էլ չի լինի։ Թուրքիայի հաշվին ԵՄ-ի ընդլայնումը չի կարող համեմատվել որևէ ընդլայնման հետ, որը տեղի է ունեցել անցյալում։ Համընդհանուր արժեքները, որոնք արտացոլում են Եվրոպայի հզորությունը և որոնք համարվում են քրիստոնեության ֆունդամենտալ արժեքներ, կորցնում են իրենց արժեքը իսլամադավան այնպիսի երկրի անդամակցությունից հետո, ինչպիսին որ Թուրքիան է»[16]։

Կիպրոսի հիմնախնդիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն ընդունված է համարել, որ Թուրքիայի տարածքի միայն 3 %-ն է գտնվում Եվրոպայում։ Արևելյան Թրակիայում է գտնվում նաև Եվրոպայի ամենամեծ քաղաքը՝ Ստամբուլը։ ԵՄ անդամ հանդիսացող Կիպրոսի Հանրապետությունը գտնվում է Փոքր Ասիայից դեպի հարավ և համարվում է թերակղզու մայրցամաքային շելֆի (մերձմայրցամաքային ծանծաղուտի) մասը։ Այդպիսով, ԵՄ անդամ Կիպրոսը գտնվում է Ասիայում, ինչը բազմիցս շահարկվել է Թուրքիայի բարձրագույն ղեկավարության կողմից։

Մեկ այլ հիմնախնդիր էլ համարվում է հույն-թուրքական կոնֆլիկտը։ Եվրամիությունը և աշխարհի երկրների մեծ մասը թուրքերի կողմից Կիպրոսի հյուսիսային գրավված տարածքները համարում են Կիպրոսի Հանրապետության մասը։ Սակայն դե ֆակտո կղզու այդ հատվածը ղեկավարվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կառավարության կողմից, որը ճանաչվել է Թուրքիայի կողմից։ Թուրքիան, իր հերթին, չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը՝ անտեսելով կոնֆլիկտի ՄԱԿ-ի կողմից առաջ քաշված լուծման բանաձևը։ Բացի այդ, Հյուսիսային Կիպրոսում տեղակայված են 40 000 թուրք զինծառայողներ։ ՄԱԿ-ի կողմից առաջ քաշված Անանի պլանը, որով նախատեսվում էր Կիպրոս կղզու երկու մասերի միավորում, աջակցություն ստացավ ԵՄ-ի և Թուրքիայի կողմից։ 2004 թվականին տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ կղզու երկու մասերում տարբեր արդյունքներ գրանցվեցին։ Թուրքական հատվածում հանրաքվեի նախագիծը ստացավ ձայների մեծամասնությունը, իսկ հունական հատվածը՝ մերժեց այն։

Թուրքիայի դիրքորոշում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկրին այլևս չի հետաքրքրում ԵՄ անդամակցության հարցը։ Նախկինում այդ մասին խոսել էր նաև փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, իսկ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել էր, որ անդամակցության վերաբերյալ բանակցությունները «չեն կարող շարունակվել այն ֆորմատով, որը որ պահանջում է ԵՄ-ն» և հավելել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը գտնվում է ավելի բարձր մակարդակի վրա, քան Եվրոպայի որոշ երկրներում[2]։ Էրդողանը հայտարարել է, բառացիորեն, հետևյալը[2]։

Եթե ԵՄ-ում մտածում են, որ Թուրքիան պետք է խնդրի, որ իրեն ընդունեն այդ կառույցի մեջ, չարաչար սխալվում են:

Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները նկատում են, որ Անկարան փորձում է հասկանալ՝ արդյոք ԵՄ-ն իրականում ժողովրդավար է, ինչպես պաշտոնապես ընդունված է ասել, թե «քրիստոնեական ակումբ» է և դե ֆակտո փակ այլադավան պետությունների համար[2]։

2017 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության թեկնածու պետություն չէ[17]։ 2023 թվականի հուլիսին Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ անդրադարձել էր Թուրքիայի ԵՄ անդամակցության հայտին՝ այն կապելով Ֆինլանդիա և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ[18][19]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Внутриполитическая борьба в Турции по вопросу о вступлении страны в ЕС». www.lib.ua-ru.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Хафиз-оглы, Р. Турцию не интересует вопрос вступления в ЕС — президент. — Trend.az, 24 января 2015 года.
  3. «EU-Turkey relations». European Information on Enlargement & Neighbours. EurActiv.com. 2004 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «EU freezes talks on Turkey membership». 2006 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. «Interview with European Commission President Jose Manuel Barroso on BBC Sunday AM» (PDF). European Commission. 2006 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված (PDF) օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. Phinnemore and İçener, David and Erhan (2016 թ․ մայիսի 14). «Never mind Brexit scaremongering – Turkey is a long way from joining the EU». blogs.lse.ac.uk. LSE. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  7. «Эрдоган в поисках лазеек: Болгария решила поддержать процесс вступления Турции в ЕС». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  8. EU-Turkey refugee deal – Q&A, The Guardian
  9. «Freeze EU accession talks with Turkey until it halts repression, urge MEPs». European Parliament.
  10. «The ins and outs: The EU's most effective foreign-policy instrument has been enlargement. But how far can it go?». The Economist. 2007 թ․ մարտի 17. Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին.
  11. Антон Черных (2002 թ․ նոյեմբերի 11). «Турция хочет развалить Европу» (ռուսերեն). Газета «Коммерсантъ». Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին. «По его мнению, вслед за Турцией в единую Европу попросятся страны Ближнего Востока и Северной Африки, и в первую очередь Марокко. Поэтому тех, кто выступает за прием Анкары в ЕС, Валери Жискар д`Эстен назвал "противниками Евросоюза".»
  12. Marc Pierini (2016 թ․ դեկտեմբերի 12). «Turkey's Impending Estrangement From the West». Carnegie Europe.
  13. Ahıska, Meltem (2003) “Occidentalism: The Historical Fantasy of the Modern” South Atlantic Quarterly 102/2-3, Spring-Summer 2003 (Special Issue on Turkey: “Relocating the Fault Lines. Turkey Beyond the East-West Divide”), pp. 351–379.
  14. «Саркози: Турции нет места в ЕС» (ռուսերեն). Газета «Коммерсантъ». 2007 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին. ««Я хочу сказать, что у Европы есть определенные границы, и далеко не все страны могут стать её полноправными членами», - сказал господин Саркози. «Это касается и Турции, которой нет места в Евросоюзе», - отметил он. "Безграничное расширение ЕС может привести к разрушению европейского политического союза», - подчеркнул Николя Саркози. «И я не могу принять этого», - добавил он.» {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  15. «EU says won't expand Turkey membership talks». Yahoo. 2016 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 29-ին.
  16. Николай Анищенко (2009 թ․ նոյեմբերի 20). «Господин председатель» (ռուսերեն). «Лента.Ру». Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին. «В 2004 году он недвусмысленно заявил: «Турция — не часть Европы и никогда не станет её частью. Расширение ЕС за счет Турции не может быть приравнено к любым расширениям, имевшим место в прошлом. Универсальные ценности, которые воплощают могущество Европы и которые являются фундаментальными ценностями христианства, потеряют силу с присоединением большого исламского государства — такого, как Турция».»
  17. «Turkey doesn't need EU anymore, but won't quit talks: President Erdoğan». Hürriyet Daily News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.
  18. Huseyin Hayatsever, Ece Toksabay (2023 թ․ հուլիսի 10). «Erdogan links Sweden's NATO membership to Turkey's EU accession». Reuters. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.
  19. Hande Atay Alam, Christian Edwards (2023 թ․ հուլիսի 10). «Erdogan links Sweden's NATO bid to Turkey joining the EU». CNN. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.