Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հարաբերություններ
Հյուսիսային Կիպրոս |
Թուրքիա |
Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հարաբերություններ (թուրքերեն՝ Kuzey Kıbrıs Türk Cumhuriyeti-Türkiye ilişkileri), երկկողմ դիվանագիտական հարաբերություններ մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության և Թուրքիայի միջև, որոնք հաստատվել են 1974 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Կիպրոս անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից։ 1963 թվականին Կիպրոսի Հանրապետության նախագահ Մակարիոս III-ը առաջարկեց փոփոխություններ մտցնել երկրի սահմանադրության մեջ, համաձայն որի կիպրոսցի թուրքերի իրավունքները, ի տարբերություն կիպրոսցի հույների կրճատվելու էին։ Վերջինս, հանգեցրեց թուրքական իշխանությունների բացասական արձագանքին։ Կիպրոսցի թուրքերը մերժեցին նախագահի առաջ քաշած առաջարկությունը, որից հետո կղզու հունական և թուրքական համայնքների միջև սկսվեցին բախումեր։ 1974 թվականին Սև գնդապետները աջակցեցին Կիպրոսում ԷՕԿԱ գաղտնի կազմակերպության կողմից իրականացված հեղաշրջումը, որի արդյունքում նախագահ Մակարիոս III-ը ստիպված եղավ փախչել երկրից։ Սահմանադրական կարգի վերականգնման պատրվակով Թուրքիան ներխուժեց Կիպրոս և տեղի ունեցած բախումների արդյունքում գրավեց կղզու հյուսիսարևելյան մասը։ 1983 թվականին Ռաուֆ Դենքթաշը հռչակեց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, որի անկախությունը ճանաչել է միայն Թուրքիան[1]։
Ինչպես Հունաստանի և Կիպրոսի հարաբերությունները, այնպես էլ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի հարաբերությունները կարելի է բնութագրել որպես սերտ և դաշնակցային։ Թուրքիան, որպես կանոն, աջակցում է կիպրոսցի թուրքերի քաղաքականությունը, չնայած որ երբեմն առաջանում են նաև որոշակի հակասություններ։ ՄԱԿ-ի ճնշման տակ Անկարան ազդեցություն է ունեցել Հյուսիսային Կիպրոսի կառավարության կողմից ընդունվող որոշումների վրա։ 1975- 1983 թվականներին մի քանի անգամ հայտարարվել է, որ Թուրքիան համոզել է Ռաուֆ Դենքթաշին հետաձգել անկախության միակողմանի հայտարարումը։ Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի համագործակցության հիմնական ինստիտուցիոնալ մեխանիզմը եղել է Կոորդինացիոն կոմիտեն, որը ստեղծվել է 1960-ական թվականներին` Թուրքիայի և կիպրացի թուրքերի տնտեսական համագործակցության համար։ 1974- 1983 թվականներին թուրք քաղաքական գործիչները մասնակցել են Հյուսիսային Կիպրոսի կառավարության աշխատանքներին։ Հյուսիսային Կիպրոսի անկախության հռչակումից հետո այս ձևաչափը փոխվեց երկու երկրների մեջ ֆորմալ հարաբերությունների ձևաչափով։ Թուրքիան մի քանի անգամ ցույց է տվել, որ աջակցում է Հյուսիսային Կիպրոսի կառավարության կողմից ընդունված որոշումները, սակայն բազմաթիվ օտարերկրյա քաղաքական գործիչներ նշում են, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի դեսպանատան գործողությունները դուրս են դիվանագիտական գործունեության սահմաններից[2]։
Երկկողմ հարաբերությունների տնտեսական ասպեկտը չի առանձնացել դրական տեղաշարժով։ 1974 թվականից հետո Թուրքիայի ներդրումը Հյուսիսային Կիպրոսի բյուջեի մեջ կազմել է 80 %, սակայն 1990-ական թվականների սկբին սուբսիդավորումը կրճատվել է 30-40 %-ով։ Թուրքական ընդդիմադիր մամուլը երբեմն դժգոհում է, որ Հյուսիսային Կիպրոսին տրվող օգնությունը տնտեսական բեռ է դարձել Թուրքիայի համար, որի տնտեսական ցուցանիշները 1980-ական թվականներից չեն աճել։ Իր հերթին, Հյուսիսային Կիպրոսի կառավարությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից տրամադրվող աջակցությունը բավարար չէ։ 1990 թվականին երկու երկրների միջև հնարավոր մաքսային միության ստեղծումը ձախողվել է։ Երկրների միջև հարաբերությունները բարդանում են նաև սոցիալական պատճառներով։ Էականորեն տարբեր են Թուրքիայից ներգաղթածների սոցիալ-տնտեսական վիճակը և կղզում բնիկ թուրքերի վիճակը[2]։
Մինչև 1994 թվականը Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի առևտրային և տնտեսական հարաբերությունները իրականացվում էին Միացյալ տնտեսական կոմիտեի շրջանակներում։ Թուրքիան ստիպված եղավ քայլեր ձեռնարկել՝ Հյուսիսային Կիպրոսում տնտեսական ճգնաժամը վերացնելու նպատակով, որն առաջացել էր Եվրոպական դատարանի կողմից ընդունված որոշման արդյունքում։ Այդ որոշումը էականորեն ազդել էր կղզու չճանաչված հատվածի տնտեսության վրա։ Թուրքիան իր պետական բյուջեի հաշվին փոխհատուցեց Հյուսիսային Կիպրոսից արտահանման ծավալների կրճատումը։ 1997 թվականին ստեղծվել է Համագործակցության խորհուրդ, որը պետք է զբաղվեր Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի տնտեսական և ֆինանսական հարցեր կարգավորելու համար։ Խորհրդի լիազորությունների մեջ էին մտնում նաև անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկումը։ Նախատեսվում էր երկու երկրների միջև ստեղծել նաև միասնական տնտեսական գոտի։ 1998 թվականի հունվարին երկու երկրների միջև ստորագրվել է ներդրումների ոլորտում պետական փոխօգնության մասին որոշում[3]։
1998 թվականի փետրվարին Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը ստորագրել են Առևտրային և տնտեսական համագործակցության պայմանագիրը, իսկ 1999 թվականին Երկու երկրների քաղաքացիների համար լրացուցիչ արտոնությունների մասին համաձայնագիրը։ 2000 թվականի սկզբին Հյուսիսային Կիպրոսը բախվել է բանկային ճգնաժամի հետ։ Թուրքական իշխանությունները տրամադրել են ֆինանսական և տեխնիկական օգնություն՝ բանկային ճգնաժամը հաղթահարելու համար։ 2018 թվականի դրությամբ, Թուրքիան համարվում է ՄԱԿ-ի անդամ միակ պետությունը, որը ճանաչել է Կիպրոսի Հանրապետությունից Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը[3]։