Jump to content

Էսմերալդա (բալետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիա Ցուկին Էսմերալդայի դերում, 1886

Էսմերալդա, Չեզարե Պունիի հեղինակած բալետ՝ երեք գործողությամբ և հինգ տեսարաններով, գրված՝ Վիկտոր Հյուգոյի 1831 թվականի Փարիզի Աստվածամոր տաճարը վեպի հիման վրա։ Առաջին անգամ ներկայացվել է 1844 թվականի մարտի 9-ին Լոնդոնի Նորին Մեծության թատրոնում, խորեոգրաֆ՝ Ժյուլ Պեռո[1]։ Ռուսաստանում առաջին անգամ բեմադրվել է 1848 թվականի դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգի Մեծ թատրոնում[2]։

Այսօր ամբողջական բալետը բեմադրվում է միայն Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում և Նյու Ջերսիում։ Բալետի ամբողջական տարբերակն ԱՄՆ-ում առաջին անգամ բեմադրվել է 2004 թվականին՝ Նյու Ջերսիում[3]։ Բալետից վերցված վարիացիաները սովորաբար կատարվում են տարբեր բալետային մրցույթներում[4][5]։

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էսմերալդա, գնչուհի
  • Պիեր Գրենգուար, պոետ.
  • Կլոդ Ֆրոլո, Փարիզի աստվածամոր տաճարի սարկավագապետ
  • Քվազիմոդո, Փարիզի աստվածամոր տաճարի ժամկոչ
  • Ֆեբուս դե Շատոպեր, արքայական նետաձիգ ջոկատի հրամանատար
  • Ալբեր ՖլորանՖեբի ընկերը
  • Ալոիզ դե Գոնդըլորյե
  • Ֆլյոր դը Լիս, Ֆեբի հարսնացուն
  • Դիանա դը Բրիստոյ, Ֆլյոր դը Լիսի ընկերուհին
  • Կլոպեն Տրույֆու, մուրացկանների թագավոր
  • Դատավոր
  • Դահիճ

Թափառաշրջիկներ, աղքատներ, գնչուներ, գնչուհիներ, տիկնայք և պարոնայք, Ֆլյոր դե Լիսի ընկերուհիներ, ծաղրածուներ և ժողովուրդ։

Գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Փարիզում 15-րդ դարի վերջին[2]։

Գործողություն առաջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր առաջին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաշքների բակ։ Բանաստեղծ Պիեր Գրենգուարն ընկնում է փարիզյան թափառաշրջիկների ձեռքը։ Խուզարկելուց և, ոչինչ չգտելուց հետո որոշում են նրան կախել։ Գրենգուարը աղերսում է խնայել իր կյանքը։ Մուրացկանների արքա Կլոպեն Տրույլֆուն խոստանում է փրկել նրա կյանքը այն դեպքում, երբ իր հպատակության տակ գտնվող կանանցից որևէ մեկը համաձայնի ամուսնանալ նրա հետ։ Բոլոր ներկաները զննում են Գրենգուարին, բայց ոչ ոք չի ուզում ամուսնանալ նրա հետ։ Հայտնվելով այդ պահին և իմանալով, որ Գրենուգարին կախաղան է սպառնում, Էսմերալդան որոշում է փրկել նրան։ Նրանք չորս տարի ժամկետով հայտարարվում են կին և ամուսին։

Գնչուհին և նրա նորաթուխ ամուսինը տուն են վերադառնում Փարիզի գիշերային փողոցներով։ Կլոդ Ֆրոլոն, որը վաղուց և անպատասխան սիրահարված Էր Էսմերալդային, Քվազիմոդոյի, Կլոպենի և երեք թափառաշրջիկների օգնությամբ, փորձում է առևանգել նրան։ Բայց վրա հասած արքայական պահակազորը՝ հրամանատար Ֆեբ դե Շատոպերի գլխավորությամբ ազատում է նրան առևանգողների ձեռքից։ Ֆեբի հրամանով զինվորները շղթայում են Քվազիմոդոյին։

Էսմերալդան հիանում է սպանով, ով իրեն փրկեց։ Ֆեբը հետաքրքրվում է Էսմերալդայով և որպես հիշատակ նրան է տալիս իր շարֆը։ Էսմերալդայի խնդրանքով պահակը ազատում է Քվազիմոդոյին։

Պատկեր երկրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսմերալդայի սենյակը։ Գնչուհին հիանում է նվիրված շարֆով, երազում է գեղեցիկ սպայի մասին և պատին դանակով փորագրում նրա անվան տառերը։ Մտնում է Գրենգուարը և փորձում ներկայացնել իր ամուսնական իրավունքները։ Էսմերալդան մերժում է նրան, և բացատրում է, որ ամուսնացել է նրա հետ միայն մահից փրկելու համար, և որ նրանք միայն կարող են ընկերներ լինել։ Նա Գրենգուարին սովորեցնում է պարել և պատվիրում նրան քնել կողքի սենյակում, իսկ ինքը պառկում է այդ սենյակում։ Քնելուն պես խուց են մտնում Ֆրոլոն, Քվազիմոդոն և Կլոպենը և կրկին փորձում են առևանգել գնչուհուն։ Բայց այս անգամ ևս նրան հաջողվում է փախչել։ Կլոդ Ֆրոլոն վերցնում է Էսմերալդայի կողմից վայր գցած դաշույնը և Նրա գլխում վրեժի պլան է ծնվում։

Գործողություն երկրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր երրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտեզ Ալոիզա դե Գանդելորյեի ամրոցում։ Ֆլյոր դե Լիսը պարում է ընկերների հետ։ Մտնում է մայրը շքախմբով, այնուհետև նրա փեսացու Ֆեբը։ Ֆլյորը նկատում է, որ իր ասեղնագործած շարֆն անհետացել է։

Էսմերալդան, Գրենգուարը և չորս գնչուները հրավիրված են դղյակ` հարսնացուի բախտը գուշակելու և հյուրերին զվարճացնելու իրենց պարերով։ Էսմերալդան Ֆլյոր դե Լիսին կանխատեսում է երջանիկ ամուսնություն։ Գնչուհիները սկսում են պարել։ Էսմերալդան նկատում է, որ Ֆլյորի փեսացուն իրեն փրկող սպան է, ում սիրահարվել էր առաջին հայացքից։ Հուսահատությունը տիրում է նրան, բայց Գրենգուարի դրդմամբ շարունակում է պարել հյուրերի համար։

Ֆլյոր դե Լիսը նկատում է Ֆեբի շարֆը գնչուհու վրա և հուզմունքից կորցնում գիտակցությունը։ Հյուրերը հուզմունքով են արձագանքում տեղի ունեցածին։ Գրենգուարը տանում է Էսմերալդային, Ֆեբը գնում է նրանց հետևից։

Գործողություն երրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր չորրորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակ պանդոկում։ Կլոպեն Տրույֆուն Կլոդ Ֆրոլոյին տանում է այն պանդոկի սենյակը, որտեղ տեղի է ունենալու Էսմերալդայի և Ֆեբի հանդիպումը։ Նա ցույց է տալիս, թե որտեղ կարող է թաքնվել և հեռանում է։ Հայտնվում են երջանիկ սիրահարները։ Ֆեբը խոստովանում է Էսմերալդային իր սիրո զգացմունքները։ Կլոդ Ֆրոլոն դուրս է գալիս իր թաքստոցից և Էսմերալդայի դաշույնով հարվածում Ֆեբին։ Երբ աղմուկի վրա հավաքվում են մարդիկ, Ֆրոլոն մեղադրում է Էսմերալդային սպանության մեջ։ Վրա հասած Գրենգուարը աղաչում է փրկել անմեղ աղջկան։ Կլոդը կեղծավոր ժպիտով դիմում է դեպի երկինք և ասում, որ միայն Աստված կարող է փրկել նրան։

Պատկեր հինգերորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղրածուների տոն։ Սենայի ափ, աջ կողմում բանտն է, հեռավում` Աստվածամոր տաճարի աշտարակները։

Փարիզի երեկոյան փողոցները լեփ-լեցուն են դիմակավոր մարդկանցով՝ ծաղրածուներով, տոնակատարության մասնակիցներով։ Քվազիմոդոն, ով Պապ էր ընտրվել, խույրով և գավազանով պարում է։ Կլոդ Ֆրոլոն հայտնվելով հրապարակում դադարեցնում է սրբապղծությունը։

Պահակը բանտից դուրս է հանում տանջված Էսմերալդային։ Նա պատրաստվում է մահվան և աղոթում է։ Կլոդն առաջարկում է իր օգնությունը, եթե նա համաձայնի իրեն պատկանել։ Աղջիկը մերժում է առաջարկը։ Սարկավագապետը հրամայում է ի կատար ածել մահապատժը։

Այդ պահին հրապարակ է վազում Ֆեբուս դե Շատոպերը, ով չէր մահացել, այլ միայն վիրավորվել էր։ Նա դատավորին ասում է, որ գնչուհին մեղավոր չէ նրա վրա հարձակման համար։ Ի պատասխան դատավորի այն հարցին, թե ով է մեղավոր, նա մատնանշում է Կլոդ Ֆրոլոյին։ Ֆրոլոն ցանկանում է հարձակվել Ֆեբի վրա, բայց Քվազիմոդոն կանգնեցում և սպանում է նրան։ Ֆեբուսը և Էսմերալդան գրկախառնվում են[6]։

Բալետային վարկածում ներառված են վեպի որոշ մանրամասներ, որոնք Հյուգոն չի օգտագործել օպերային լիբրետոն մշակելիս։ Սակայն, ինչպես և օպերայում, Էսմերալդայի բալետային ճակատագիրը բարեհաջող է ավարտվում՝ Նրան վերջին պահին փրկում է Ֆեբը, ով ի տարբերություն օպերային լիբրետոյի՝ չի մահանում։

Վեպի հետագա խմբագրումներում հեղինակները օգտագործել են ինչպես եզրափակիչի ողբերգական, այնպես էլ ուրախ տարբերակները՝ տարբեր կերպ մարմնավորելով դրանք բեմում։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռ. Դրիգո, Վալս «Էսմերալդա» բալետից
Ռ. Դրիգո, Պիցիկատո «Էսմերալդա» բալետից

Առաջին ներկայացման համար երաժշտության պարտիտուրան ստեղծել է իտալացի կոմպոզիտոր Ցեզար Պունին։

1886 և 1899 թվականներին վերսկսելով բեմադրությունը Մարիինյան թատրոնում, Մարիուս Պետիպան պատվիրեց Ռ. Դրիգոյին երկրորդ գործողության համար վարիացիաներ գրել՝ «Զամբյուղներով պարը» Ֆլյոր դը Լիսի և նրա երկու ընկերուհիների համար, Pas de six՝ Էսմերալդայի համար, Գրենգուարի և չորս գնչուհիների համար՝ փոխարինելով նախկինում գոյություն ունեցող Պունիի Pas de Deux-ին։ Ավելի ուշ «Զամբյուղներով պարը» վարիացիան, առանձին ներկայացումներում, կատարողների ցանկությամբ կարող էին ներառվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Эсмеральда / Буклет к премьере спектакля Большого театра. — М.: Литературно-издательский отдел Большого театра, 2009. — С. 35. — 144 с.
  2. 2,0 2,1 Эсмеральда / Буклет к премьере спектакля Большого театра. — М.: Литературно-издательский отдел Большого театра, 2009. — С. 46. — 144 с.
  3. DANCE REVIEW; A Teeming Action Ballet With a Classical Sheen, New York Times, April 24, 2004 - accessed January 12, 2011
  4. Eurovision Young Dancers. Yana Shtangey performs "Esmeralda Variation" (Belarus). Event occurs at 90 seconds. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  5. YAGP - Youth America Grand Prix Ballet Archive. Giselle Bethea: La Esmeralda Variation, YAGP 2013 (Age 13). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Либретто балета «Эсмеральда» на сайте Oleinikov.net(չաշխատող հղում)
  7. Pugni, Cesare, 1802—1870, composer. Esmeralda (Choreographic work: Petipa, M after Perrot) (Эсмеральда): Stepanov dance notation score: autograph manuscript, 1903—1923 and undated. 16 folders