Էյմի Լոու Վուդը ծնվել է Մանչեստր քաղաքում։ Նա սկզբում սովորել է Օքսֆորդի դրամայի դպրոցում[4], այնուհետև ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (RADA)[5], որը նա ավարտել է 2017 թվականին՝ ստանալով բակալավրի աստիճան դերասանական վարպետության ոլորտում (H մակարդակ)։ Թագավորական ակադեմիայում ուսանելու ժամանակ Վուդը մասնակցել է բազմաթիվ բեմադրությունների, մարմնավորել է Մարգարետի դերը «Սկատլերներ» պիեսում (ռեժիսոր Հաննա Էյդինոու)։ Էյմի Լոու Վուդը նաև նկարահանվել է կարճամետրաժ ֆիլմերում։ Խաղացել է Ջեսի դերը «Հյոն» ֆիլմում (ռեժիսոր Ջեյմս Լարկին), ինչպես նաև Յուլիայի դերը «Սամերֆոլկ» ֆիլմում (ռեժիսոր Դեբորա Փեյջ)[6]։
2019 թվականին Վուդը սկսել է իր կարիերան մեծ էկրաններում։ Նկարահանվել է Նեթֆլիքս հեռուստաալիքի թողարկած «Սեռական դաստիարակություն» սերիալում, մարմնավորելով Էմի Գիբսի դերը, գործընկերների՝ Էմմա Մակկիի, Էյսա Բաթերֆիլդի, Շուտի Գաթվայի և Ջիլիան Անդերսոնի հետ[7][8]։ Սկզբում Վուդը մասնակցել է Լիլի Իգլհարթի (դերը կատարել է Տանյա Ռեյնոլդսը) դերի համար քասթինգին, սակայն հետո նրան հաստատել են Էմի Գիբսի դերի համար, որը, ինչպես հայտարարել է Վուդը, նրան ավելի է դուր եկել[9][10]։