Էլեոնորա Ցոլակի Գաբրիելյան (փետրվարի 22, 1929(1929-02-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր։ Հայաստանի բուսաշխարհի 12 էնդեմիկ տեսակներ անվանվել են Էլեոնորա Գաբրիելյանի պատվին[3]։
1951 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1955 թվականից աշխատել է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում։ Եղել է Արմեն Թախտաջյանի սաներից[4]։ 1989 թվականից եղել է բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ, 1967 թվականից՝ Բույսերի կարգաբանության միջազգային ընկերակցության անդամ, 1965 թվականից՝ ՀՀ ԳԱԱ առընթեր արգելանոցների գծով համակարգող խորհրդի փոխնախագահ,
1980 թվականից՝ XIV միջազգային բուսաբանական վեհաժողովի պատվավոր փոխնախագահ, 1986 թվականին՝ Միջերկրական ծովեզերքի բույսերի կարգաբանության կազմակերպության խորհրդի անդամ։
Աշխատանքները վերաբերում են բույսերի կարգաբանության, էվոլյուցիայի, աշխարհագրության, ձևաբանության և անատոմիայի հարցերին։ Մասնակցել է «Հայաստանի ֆլորան» (ռուսերեն) բազմահատոր աշխատության 3-11-րդ հատորների պատրաստման և հրատարակման աշխատանքներին[5]։