Զարնեն (գերմ.՝ Sarnen), համայնք Շվեյցարիայում; Օբվալդեն կանտոնի մայրաքաղաքն է, հարուստ պատմություն ունեցող, ոչ մեծ բնակավայր[3]։ Գտնվում է Զարնեն գետի գետաբերանի մոտ, նույնանուն լճի (գերմ.՝ Sarnersee) հյուսիսային ափին, Լյուցեռն քաղաքից 20 կիլոմետր դեպի հարավ։
Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ Զարնեն քաղաքի ներկայիս տարածքում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հայտնաբերվել են քարի և բրոնզի դարաշրջանների բնակավայրերի հետքեր։ Ժամանակի ընթացքում Զարնենը վեր է ածվել առևտրական կարևոր կենտրոնի։ Ներկայումս զբաղեցնում է 73,12 քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես 39.0%-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են, 50.7%-ը՝ անտառապատ տարածքներ։ Ընդ որում՝ 1980 թվականին հաջորդած տարիներին նկատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի կրճատման և անտառների ընդարձակման միտում։ Իսկ գետերն ու լճերն ընդհանուր առմամբ 111 հեկտար են զբաղեցնում[4][5]։
Վերջին տարիներին քաղաքը կայուն տնտեսական աճ է գրանցում և Լյուցեռնին մոտ գտնվելու շնորհիվ դարձել է բավականին գրավիչ։ Համայնքի բազմաթիվ բնակիչներ աշխատանքի են տեղավորվել Լյուցեռնում։ Իրենց հերթին՝ մի շարք ճանաչված ընկերություններ սկսել են գործունեություն ծավալել նաև Զարնենում։ Դրանց թվում են SIKA AG, Leister Technologies, Nahrin AG ընկերությունները։
Զարնենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ սբ. Պողոս-Պետրոս ծխական եկեղեցին, Սեն Միշելը, Սեն Մարտինը, am Grund և Grundacher կրկնակ շենքն ու Hexenturm աշտարակը, կանտոնային ռատհաուսը (վարչական շենքը), Frauenkloster-ը, Լանդենբերգ ամրոցն ու Օբվալդեն կանտոնի արխիվի շենքը։ Զարնենի հին քաղաքամասն ամբողջությամբ, Ռամերսբերգ գյուղակն ու Կիրխհոֆենի տարածքը ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[7]։
↑«Die Raumgliederungen der Schweiz 2016» (գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, and անգլերեն). Neuchâtel, Switzerland: Swiss Federal Statistical Office. 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 14-ին.
↑«Kantonsliste A-Objekte». KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)