Եվրոպայի կամուրջ (Բրեններ լեռնանցք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպայի կամուրջ
ԱնունովԵվրոպա
Երկիր Ավստրիա[1]
ՏեղանքSchönberg im Stubaital?[2] և Patsch?[2]
Տեսակհեծանային կամուրջ, պողպատե կամուրջ և ճանապարհային կամուրջ
Հատում էWipp Valley?
Երկարություն777 մետր
Լայնություն24,6 մետր
Բացման տարեթիվնոյեմբերի 17, 1963
Քարտեզ
Քարտեզ

Եվրոպայի կամուրջ կամ «Եվրոպա» կամուրջ (Europabrücke), 777 մետր երկարություն ունեցող կամուրջ Ավստրիայի Տիրոլ երկրամասում, Ինսբրուք քաղաքից հարավ, Վիփ հովտում։ Կամուրջն իրար է կապում Սիլլ գետի երկու ափերը, դառնում Ալպյան լեռներով ձգվող Բրեններ A13 ավտոմայրուղու և եվրոպական E45 երթուղու կարևորագույն հատվածներից մեկը։ Այդպիսով՝ կամուրջը հանդիսանում է Ավստրիան իտալական Հարավային Տիրոլին և Հարավարևելյան Գերմանիան Հյուսիսային Իտալիային կապող գլխավոր մայրուղու կարևորագույն մասը։

Հակիրճ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրոպայի կամրջի» սյուների միջև ամենամեծ թռիչքը 198 մետր երկարություն ունի։ Կամրջի վրա ստեղծվել են անհրաժեշտ հարմարություններ՝192 մետր բարձրությունից էլաստիկ պարանով ներքև ցատկելու՝ Bungee jumping-ի համար. այս առումով «Եվրոպան» աշխարհում նման կարգի հինգերորդ բարձր օբյեկտն է[3]։

Կամրջի երթևեկելի մասը, որ կազմված է երկաթբետոնե հեծաններից (ի դեպ, շինարարության ժամանակ օգտագործվել է 70 հազար խորանարդ մետր բետոն), հենվում է հինգ սյուների վրա, որոնցից ամենաբարձրը 146,5 մետր բարձրություն ունի։ 1984 թվականին իրականացված վերակառուցողական աշխատանքներից հետո կամրջի լայնությունը հասցվել է 24,6 մետրի։ Երկու կողմերով ավտոմեքենաները կարող են երթևեկել երեքական շարքով։

Կամրջի շինարարության ընթացքում զոհվել է քսաներկու շինարար, ընդ որում՝ պաշտոնական տվյալներով՝ նրանցից մեկը, իսկ ըստ տարածված խոսակցությունների՝ երեքը, խեղդվել են հենասյուներից մեկի դեռ չպնդացած բետոնի մեջ ու այդպես մնացել թաղված։ Ի հիշատակ շինարարության և զոհերի՝ մոտակա ավտոկայանատեղիից վեր՝ ժայռի վրա կառուցվել է արդիական ոճով մի մատուռ, իսկ դրանից մի փոքր ցած դիտահարթակ է պատրաստվել։

Ռեկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրոպայի կամուրջը» կառուցվել է 1959-ից 1963 թվականներին և մեկ տասնամյակից ավելի համարվել է Եվրոպայի ամենաբարձր կամուրջը (բարձրությունը 190 մետր է)՝ գերազանցելով նույնիսկ շվեյցարական Gueuroz-ին։ Բայց 1974 թվականին շահագործման հանձնված Italia Viaduct-ը նրանից վերցրել է առաջատարի տիտղոսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

• Der Große ADAC Alpenführer- 1992.ADAC Verlag GmbH, München. ISBN 3-87003-470-X

Baedecker. Italien. Verlag Karl Baedeker.2002. ISBN 3-8297-1091-7

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 Tyrolean spatial information system
  3. https://www.europabruecke.at/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպայի կամուրջ (Բրեններ լեռնանցք)» հոդվածին։