Դրավիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դրավիդներ, ժողովուրդներ, բնակվում են գլխավորապես հարավային Հնդկաստանում։ Խոսում են դրավիդյան լեզուներով։

Դրավիդների բնակության վայրը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրավիդները դեռևս մ․ թ․ ա․ 1-ին հազարամյակում ունեցել են պետականություն (Հարավային Հնդկաստանում) և բարձր մշակույթ։ 17—18-րդ դարերում անգլիացիները գրավեցին դրավիդների բնակեցրած հողերը, սակայն ազգային ինքնորոշման պայքարի շնորհիվ 1956 թվականին դրավիդների էթնիկական տարածքը որոշվեց ըստ առանձին նահանգների (թամիլներին բնակեցրին հիմնականում Թամիլնադ, մալայալներին՝ Քերալ նահանգներում)։

Դավանանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ մասը դավանում է հինդուիզմ, մնացածը՝ իսլամ կամ քրիստոնեություն։ Լեռնային և անտառային վայրերում դեռևս կան տոհմացեղային պաշտամունքի մնացորդներ։ Ենթադրվում է, որ դրավիդները կազմել են Հնդկաստանի հին (մինչարիական) բնակիչների մի մասը։ Ըստ որոշ գիտնականների, Խարապպայի քաղաքակրթությունը (մ․ թ․ ա․ 3-2-րդ հազարամյակներ) ստեղծել են դրավիդների նախնիները։

Դրավիդներին պատկանող ժողովուրդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրավիդներին են պատկանում տելուգու կամ անդհրա (44 միլիոն բնակչություն 1967 թվականի տվյալներով), թամիլներ (40 միլիոն բնակչություն. մասամբ ապրում են նաև Ցեյլոնում, Բիրմայում և Հարավ-Արևելյան Ասիայի այլ երկրներում), մալայալի (19,5 միլիոն), կաննարա (21 միլիոն), թուլու (մոտ 1 միլիոն) և մի քանի այլ ժողովուրդներ։ Օրոանները (1,3 միլիոն), կանդհիները և գոնդերը (մոտ 3 միլիոն) ապրում են Կենտրոնական Հնդկաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 454
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրավիդներ» հոդվածին։